Գործերը լավ չեն

10/06/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Այսօր Սանկտ Պետերբուրգում նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Մինչ այդ, վերջին օրերին տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահը: Եկան, ասեցին-խոսեցին, լավատեսական ինչ-որ բաներ հայտարարեցին ու գնացին: Դրան զուգահեռ՝ Հայաստանում մի ինչ-որ «մինի-ղալմաղալ» կազմակերպվեց «ոչ մի թիզ հողի» ծիրին մեջ:

Նախօրեին որոշ մարդիկ նշված ծիրին մեջ իրենց դժգոհությունը հայտնեցին համանախագահների վերջին հայտարարություններից, որոնցում խոսվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներից զորքերը դուրս բերելու մասին: «Ո՛չ տարածքային զիջումներին», «Ո՛չ խաղաղապահներին» պաստառներով «Խաղաղություն» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի հուշագիր հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, վարչապետ Սերժ Սարգսյանին ու Արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Ճիշտ է, մի քիչ զավեշտալի է հնչում այն, որ «Խաղաղություն» անունով քաղաքացիական նախաձեռնության անդամներն ասում են «ո՛չ խաղաղապահներին», բայց դե հիմա, այդպես էր պետք: Համանախագահների հայտարարություններին իրենց անհամաձայնությունը հայտնեցին նաեւ հայ արիները՝ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: Ընդհանրապես, նկատելի է, որ ԼՂ հարցով միջազգային ինչ-որ ակտիվացում է նկատվում: Ու արդեն օրինաչափություն է դարձել, որ ամեն անգամ հենց նման ակտիվություն է նկատվում, հենց հայկական կողմի վրա մի թեթեւ ճնշում է գործադրվում, իսկույն հայտնվում են «ոչ մի թիզ հողի» մասին բարձրաձայնողներ, ովքեր ծպտուն չէին հանում այն ժամանակ, երբ 1999-ի նոյեմբերին Ռ. Քոչարյանը ստորագրում էր Ստամբուլի խարտիան (որով ՀՀ-ն փաստորեն ընդունեց, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում), երբ Ռ. Քոչարյանի եւ Վ. Օսկանյանի վարած քաղաքականության արդյունքում ԼՂ-ն դուրս եկավ բանակցային գործընթացից, երբ միջազգային տարբեր փաստաթղթերում Հայաստանը որակվեց «օկուպանտ», «ագրեսոր», «էթնիկ զտումներ» իրականացրած եւ այլն: Նրանցից ոչ մեկը որեւէ ձայն չհանեց նաեւ այն ժամանակ, երբ ԱՄՆ Պետդեպը ԼՂ-ն ու շրջակա տարածքները հիշատակեց որպես Հայաստանի կողմից «օկուպացրած տարածքներ»: Իհարկե, «ոչ մի թիզ հող» ասողները, որպես կանոն, ԼՂ հարցի լուծման իրենց տարբերակը չեն ներկայացնում (եթե, իհարկե, ունեն), պարզապես ասում են` «ոչ մի թիզ հող եւ վերջ», բայց դե հավանաբար նրանց գործն էլ հենց դա: Ու երբեմն «ոչ մի թիզ հող» ասողներն այդկերպ նաեւ օգնում են օրվա իշխանությանը՝ հնարավորինս քիչ զիջումների գնալու համար: Հիշո՞ւմ եք, ԱԺ ընտրություններից 1-2 օր առաջ մի քանի լրատվամիջոցներ միանգամից անհասկանալի մեղադրանքով բանտում գտնվող Ժիրայր Սէֆիլյանի հետ հարցազրույցներ հրապարակեցին: Այդ հարցազրույցներում էլ Ժ. Սէֆիլյանը, բնականաբար, ասում էր՝ «ոչ մի թիզ հող»: Հիմա արդեն «ոչ մի թիզ հողի» մասին ավելի ակտիվ են խոսում: Նույնիսկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն է զայրացել: Նա նախօրեին մի քանի «դուխով» հայտարարություն է արել ու նաեւ հերթական անգամ նշել, թե առանց բանակցային պրոցեսին ԼՂ մասնակցության, հարցը չի լուծվի (տեսնես ո՞ւմ տարրական անհեռատեսության արդյունքում եւ Ա. Ղուկասյանի լուռ համաձայնությամբ, 1998-ից հետո ԼՂ-ն փաստացի դուրս մղվեց բանակցային գործընթացից): Բայց դե՝ լավ է ուշ, քան երբեք: Ինչեւէ, ընտրություններն անցան ինչպես միշտ, եւ իշխանությունները վերարտադրվեցին: Սակայն որպեսզի «դրսի ձյաձյաները» չնկատելու տային կեղծիքները, դեռ մի բան էլ շնորհավորեին ՀՀ քաղաքացիներին՝ արձանագրված «առաջընթացի» համար, պետք էր այնպես անել, որ այդ «ձյաձյաները» ցանկանային, որ մեր իշխանությունները վերարտադրվեին ու այդպիսով նրանց վերարտադրվելու ճանապարհին լրացուցիչ խոչընդոտների պատճառ չդառնային: Ինչ-ինչ պարտավորությունների դիմաց մեր իշխանություններին հաջողվեց իրենց համար բարեհաջող ավարտել «ընտրություններ» անվանված միջոցառումը: Ու հիմա եկել է խոստումները կատարելու ժամանակը: Ահա այստեղ էլ շատ կարեւոր են դառնում «ոչ մի թիզ հող» ասողները: Հիմա նրանց ակտիվանալու ժամանակն է: Հասկանալի է, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակ ենթադրում է փոխադարձ զիջումներ: Հիմա պատկերացրեք՝ Ռ. Քոչարյանին այսօր դեմ տան «նախապես համաձայնեցված» մի փաստաթուղթ ու առաջարկեն ստորագրել: Ռ. Քոչարյանն էլ միանգամից կարող է հիշատակել այն, ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում, ու ասել, թե ինքը հասկանում է, որ հարցը պետք է փոխադարձ զիջումներով կարգավորվի, բայց դե այս պահին հայ ժողովուրդը դեմ է զիջումներին, նույնիսկ բողոքի ցույցեր են լինում եւ այլն, այնպես որ՝ թող դա մնա «մյուս անգամ», իսկ ինքն այս ընթացքում ժողովրդին կպատրաստի խնդրի նման կարգավորմանը: Ամենայն հավանականությամբ, չնայած համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի խիստ լավատեսական հայտարարություններին, Ռ. Քոչարյանի ու Ի. Ալիեւի՝ այսօր նախատեսված հերթական հանդիպման ընթացքում որեւէ լուրջ բան տեղի չի ունենա: Փաստ է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի իշխանություններն այսօր ԼՂ խնդրի լուծմանը չեն ձգտում: Սակայն, ինչպես երեւում է, ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ինչ-որ գործընթացներ են զարգանում, որոնք հայկական կողմին հաստատ լավ բան չեն խոստանում: Վիճակն է՛լ ավելի տխուր է դառնում Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ ռուս-ամերիկա-ադրբեջանական հնարավոր համագործակցության ֆոնին, քանզի միջազգային գործընթացներում էապես մեծանում է Ադրբեջանի՝ առանց այն էլ ոչ պակաս դերը: «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում նախօրեին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է որպես հակահրթիռային պաշտպանության միջոց՝ համատեղ օգտագործել Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը: Պուտինն ասել է, թե ինքն այդ մասին խոսել է Ադրբեջանի նախագահի հետ եւ ստացել նրա համաձայնությունը: Ըստ Ջ. Բուշի, «Պուտինը հետաքրքիր առաջարկ է արել», եւ արդյունքում որոշվել է «սկսել լուրջ երկխոսություն»: Ինչպես երեւում է՝ մեր երկրում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում այս փաստին: ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե Գաբալայի ռազմակայանն «ավելի մեծ տարածաշրջան ընդգրկող, ավելի մեծ շառավիղ վերցնող կայան է, եւ մեծ չէ նրա դերակատարությունը մեր տարածաշրջանում ռազմական գործողություններ վարելու ժամանակ»: Հետեւաբար, նրա կարծիքով, «դա չի կարող իր ազդեցությունը թողնել՝ տակտիկական առումով»: Իսկ ԱԳ մամուլի խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանն էլ ձեռնպահ է մնացել նշված թեմայով մեկնաբանություններից՝ ասելով, թե «ճիշտ կլինի արձագանքել, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես կհայտնի իր դիրքորոշումը»: