Տուրիզմ, շինարարություն, տոնավաճառներ, հյուրանոցներ, ինտերնետ, տաքսի ծառայություն եւ այլն

10/06/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անցած տարեվերջին, երբ պլանավորվում էր 2007թ. բյուջեն եւ նախատեսվում էր հավաքագրել 80 միլիարդից ավելի դրամ, անհանգստություն առաջացավ, թե հարկահավաք մարմինները որտեղի՞ց պետք է հավաքեն այդքան գումար: Այդ գումարի մեծ մասը՝ 60 տոկոսը կամ 48 մլրդ դրամը բաժին էր ընկնում հարկերին: 2007թ. պետք է հավաքագրվեր մոտ 280 մլրդ դրամ հարկ: Հարկային մարմիններն այն ժամանակ շտապեցին հայտարարել, թե այդ գումարն իրենք ավելացնելու են վարչարարության բարելավման, ստվերային տնտեսության կրճատման հաշվին: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեսկզբին հանդիպելով հարկային եւ մաքսային մարմինների ղեկավարների հետ, պահանջեց լավ աշխատել ու արդյունավետ պայքարել ստվերային տնտեսության դեմ: Եվ ահա այս տարվա առաջին 5 ամիսներին հարկային ծառայությունը հավաքագրել է 103 մլրդ դրամ եկամուտ, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23 միլիարդով ավելի է: Իսկ 2006թ. հավաքագրված հարկերը 2005թ. նկատմամբ ավելի էին 55 մլրդ դրամով: Առաջին տպավորությամբ` հարկահավաքության տեմպը բավականին բարձրացել է, սակայն երբ այն համեմատում ենք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հետ, տեսնում ենք, որ Հայաստանի ցուցանիշը բավականին ցածր է: 2005թ. ՀՆԱ մեջ հարկերը կազմում էին 13,6 տոկոս, իսկ 2006թ. այդ ցուցանիշը նույնիսկ 0,1 տոկոսով նվազել է եւ կազմել է 13,5 տոկոս: Այս ցուցանիշը ցածր է նաեւ ԱՊՀ երկրների համեմատ: ԱՊՀ երկրներում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը տատանվում է 20-25 % սահմաններում: Նույնիսկ մեր հարեւան Ադրբեջանում հարկերը կազմում են ՀՆԱ-ի 22 %-ը: Իսկ զարգացած երկրներում` մինչեւ 40 եւ ավելի տոկոսը: Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը գտնում է, որ մեր երկրի ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը ցածր է, որովհետեւ շատ երկրների հետ համեմատ ցածր են հարկային դրույքաչափերը: Նրա կարծիքով՝ պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չունենք նավթ, գազ եւ նման այլ արտահանվող թանկարժեք ապրանքներ: Բացի այդ, մեր երկրում դեռ չի հարկվում գյուղատնտեսությունը: Երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Ալավերդյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի Հայաստանի ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը պետք է կազմի 15,7 % եւ տարեցտարի պետք է ավելի մեծանա: Մայիսի 24-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց հարկային վարչարարության եռամյա ծրագիրը: Նման ծրագիր առաջին անգամ է ընդունվում Հայաստանում եւ նախատեսում է բազմաթիվ միջոցառումներ, որոնց արդյունքում հարկահավաքությունը մեր երկրում պետք է որ ավելի բարելավվի: «Այս ծրագիրը հուշում է, որ առաջիկա տարիներին բյուջետային եկամուտների ավելացման հիմնական աղբյուրը ոչ թե հարկային դրույքաչափերի ավելացումն է լինելու, այլ հենց հարկային վարչարարության բարելավումը»,- երեկ ներկայացրեց Ա. Ալավերդյանը:

Առաջին հայացքից թվում է, թե ՀՀ իշխանությունները եւ հարկային մարմիններն, ի վերջո, որոշել են ավելի շատ հարկեր հավաքել եւ կրճատել տնտեսության ստվերային հատվածը: Սակայն երբ այդ ցանկության ներքո դիտարկում ենք տնտեսության առանձին ոլորտները, տեսնում ենք, որ դա դեռ չի տարածվել շահութաբեր ու կանխիկ դրամային շրջանառություն ունեցող այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են տոնավաճառները, հյուրանոցները, շինարարությունը եւ այլն: Հարկային ծառայությունը նախորդ տարիներին որքան էլ չարչարվեց, չկարողացավ տոնավաճառներին բերել հարկման դաշտ: Այս գարնանն էլ որոշեց կրկին փորձել, սակայն խանգարեցին ԱԺ ընտրությունները: Իշխանությունները տոնավաճառների բազմահազարանոց վարձակալներին հորդորել էին գնալ եւ առանց հարկ վճարելու աշխատել մինչեւ աշուն: Նրանք չէին ցանկացել ընտրությունների նախաշեմին այդ բազմահազար ընտրողների մոտ իրենց նկատմամբ դժգոհություն առաջացնել: Տոնավաճառների սեփականատերերը, սակայն, որոշ չափով հարկվում են: Նրանք զբաղեցրած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վճարում են հաստատագրված հարկ: Ըստ Ա. Ալավերդյանի` Երեւանի կենտրոնում այդ հարկը 1 քմ համար 1800 դրամի կարգի է: Մինչդեռ սեփականատերերն իրենց վարձակալներից գանձում են 10 անգամ ավելի վարձավճար: «Հրազդան» տոնավաճառում 9-10 քմ տաղավարի համար գանձվում է 220.000 դրամ վարձավճար: Նույն պատկերն է նաեւ մյուս տոնավաճառներում: Բայց տոնավաճառների սեփականատերերի դեպքում միանշանակ չի կարելի ասել, թե հարկերը թաքցվում են: Նրանք իրենց 1800-ական դրամները հավանաբար վճարում են, սակայն ստանում են տասնապատիկ ավելի շահույթ: Այս գերշահույթն է, որ ոչ մի կերպ չի հարկվում: Եթե ասենք, որ դա ստվերային շրջանառություն է, սխալված չենք լինի, որովհետեւ վարձակալ-սեփականատեր պայմանագրի մեջ ֆիքսված վարձավճարի չափն իրականից 7-8 անգամ պակաս է: Միամտություն կլինի մտածել, թե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն կարող անել այդ գերշահույթը հարկման դաշտ բերելու համար: Ինչպես միջազգային կազմակերպություններն են սիրում ասել` դրա համար դեռ քաղաքական կամք չի դրսեւորվում: «Մենք վարչապետից հանձնարարական ունենք այդ ոլորտի հետ կապված հարկային հարաբերակցությունը հստակեցնել,- երեկ ասաց Ա. Ալավերդյանը: -Մենք պետք է լուծենք այդ խնդիրը»:

Ողջունելի է: Հաջորդ ոլորտը, որտեղից կարելի է բավականին մեծ հարկեր հավաքել, շինարարությունն է: Անցյալ 5-6 տարիներին Հայաստանում բուռն թափով բնակարանաշինություն է իրականացվել, սակայն այս ոլորտը հարկման դաշտ բերելու օրենսդրական առաջարկությունն ընդամենը 5-6 ամիս առաջ է արվել: Վիճվարչության տվյալներով` 2006թ. իրականացվել է ավելի քան 600 մլրդ դրամի շինարարություն, եւ շահագործման է հանձնվել 365 հազար քմ բնակմակերես: Սակայն անհնար է իմանալ, թե ոլորտից որքան հարկ է վճարվել: Իսկ որ շինարարության ոլորտը շահութաբեր է եւ մեծամասամբ ստվերում է, չեն կասկածում ո՛չ հարկահավաքները, ո՛չ կառուցապատողները, ո՛չ էլ առավելեւս շարքային քաղաքացիները:

Հարկային դաշտից մեծամասամբ դուրս մնացած հաջորդ ոլորտը կարելի է համարել ծառայությունների կամ մասնավորապես հյուրանոցային բիզնեսի ոլորտը: Ա. Ալավերդյանի կարծիքով՝ հարկային օրենսդրությունը դեռեւս թերի է այս ոլորտն ամբողջությամբ հարկման դաշտ բերելու համար: Բանն այն է, որ Հայաստանի խոշոր հյուրանոցները հիմնականում պաշտպանված են «օտարերկրյա ներդրումներ» ունենալով: Իսկ դա հարկերից ազատվելու արտոնություն է տալիս: Թեպետ մեր հյուրանոցների մեծ մասը տեղական մեծահարուստների սեփականությունն են, ուղղակի ձեւակերպված են որպես «օտարերկրյա ներդրումներ»: Դա է պատճառը, որ մեր խոշոր հյուրանոցները երբեք չեն դառնում խոշոր հարկատուներ: Վիճվարչության տվյալներով՝ ծառայությունների ոլորտը յուրաքանչյուր տարի զարգանում է 20-22%-ով, գրեթե նույն չափով էլ յուրաքանչյուր տարի ավելանում է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների քանակը, սակայն, միեւնույն է, մեր հյուրանոցային հսկաները ոչ մի կերպ չեն դառնում խոշոր հարկատուներ:

Ըստ Ա. Ալավերդյանի` հարկային մարմինները խնդիրներ ունեն նաեւ ներմուծող հատվածի հետ: «Ապրանքների ներմուծողներն օգտվելով հարկային օրենսդրության բացերից՝ կարողանում են մեծածավալ ապրանք ներմուծել եւ դա իրացնել իրենց ցանցի միջոցով,- նշեց Ա.Ալավերդյանը: -Սակայն իրական վաճառքի եւ հարկային մարմնին ցույց տված գները շատերի մոտ չի համապատասխանում»:

Եվ այսպես, մենք թվարկեցինք ընդամենը երեք ոլորտ, որոնք մեծապես գործում են ստվերում: Պարոն Ալավերդյանն էլ իր կողմից ավելացրեց եւս մի քանիսը՝ տաքսի, ինտերնետ եւ այլ ծառայությունները: Ստվերում գործող ոլորտների շարքը կարելի է այնքան ավելացնել, որ կընդգրկի ողջ տնտեսությունը: Ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը հիմնականում ստվերում է, եւ փոքր մասն է, որ օրինական դաշտում է: Կունենա՞ն արդյոք մեր իշխանությունները ստվերը լույսով փոխելու քաղաքական կամք: