ՍԴ-ն գնաց խորհրդակցության

10/06/2007

Երեկ ՀՀ ՍԴ-ն ավարտեց ԿԸՀ-ի մայիսի 19-ի «ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» թիվ 149-Ա որոշումը վիճարկելու մասին գործի քննությունը: Հիշեցնենք, որ այն վիճարկվում էր «Նոր Ժամանակներ», «Օրինաց երկիր», «Հանրապետություն» կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի դիմումների հիման վրա, որոնք միավորվել էին եւ քննվեցին մեկ վարույթում:

«Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչը (նրանք նախորդ օրը լքել էին նիստերի դահլիճը) եզրափակիչ ելույթով հանդես չեկավ: «Դատաքննության ելքը կանխորոշված է»,- երեկ ՍԴ նիստի ընթացքում հայտարարեցին «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներն ու դահլիճը լքեցին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ, ինչպես եւ սպասվում էր, հայտարարեց, թե ոչինչ կանխորոշված չէ եւ «ամեն ինչ վճռվելու է վիճելի հարցերի վերաբերյալ կողմերի ներկայացուցիչների փաստարկների եւ գործում առկա նյութերի հիման վրա»: Այնուհետեւ եզրափակիչ ելույթով հանդես եկավ «Նոր Ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը` ասելով, թե ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով: «Նախընտրական շրջանի մեկնարկից մինչեւ վերջնական արդյունքների ամփոփումն անցել է խախտումներով: Պատասխանող կողմն այն թյուր կարծիքն ունի, թե ընտրությունների համար պատասխանատվություն են կրում կուսակցությունները, այլ ոչ թե հանձնաժողովների անդամներն ու ԿԸՀ-ն»,- նկատեց նա` հավելելով, թե ԿԸՀ-ն անլուրջ է վերաբերվել ընտրախախտումներին, թերացել է իր լիազորությունների իրականացման մեջ, մասնավորապես` չի վերահսկել ԶԼՄ-ներով կուսակցությունների լուսաբանմանը հավասար պայմանների ապահովումն ու անհավասար ու կողմնակալ լուսաբանման հարցով չի դիմել դատարաններ: Ըստ «Արմենպրեսի», դիմող կողմին չի բավարարել նաեւ իրենց փաստերին ու փաստարկներին պատասխանող կողմի տված պատասխանները: Եզրափակելով իր ելույթը` «Նոր Ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, թե «այլեւս հարկ չեն համարում մնալ դատարանում, քանի որ ամեն ինչ որոշված է»: Իսկ սրան ի պատասխան էլ` Գագիկ Հարությունյանն ասել է. «Ուրեմն ընդունեք, որ դուք այստեղ եկել էիք ոչ թե իրավական, այլ քաղաքական միջոցառման»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն իր ելույթում պնդեց, որ ընտրությունների ժամանակ խախտվել է Սահմանադրության հիմնական` ազատության, հավասարության եւ ազատ կամքի դրսեւորման սկզբունքը: Կուսակցությունների միջեւ խտրականություն է ցուցաբերվել: Ըստ Ա. Զեյնալյանի, հեռուստաընկերություններն առանց լուսագրերի եթեր են հեռարձակել քարոզչական բնույթի հաղորդումներ: Օգտագործվել են վարչական լծակներ, չարաշահվել է պաշտոնական դիրքը, բաժանվել է ընտրակաշառք, գործուղման մեջ գտնվող ոստիկանները զրկվել են ընտրական իրավունքից, արտերկրում` ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսություններում, չեն ձեւավորվել ընտրատեղամասեր: «Արձանագրվել են այնպիսի խախտումներ, որոնք ոչ թե ազդել կամ չեն ազդել, այլ ունակ էին ազդելու ընտրողի կամարտահայտության, արդյունքում` ընտրությունների արդյունքների վրա»,- իր ելույթն այսպես եզրափակեց «Հանրապետության» ներկայացուցիչը: Իսկ պատասխանող կողմի եզրափակիչ ելույթները ՍԴ-ն լսեց առանց դիմող կողմի ներկայացուցիչների: Հիմնական պատասխանող, ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը նախ հայտարարեց, թե որակական առումով նախկին բոլոր ընտրությունների համեմատ այս ընտրություններն առաջընթաց էին: Ամբողջ ընտրական գործընթացն անցել է աննախադեպ թափանցիկության եւ հրապարակայնության պայմաններում: Նրա պնդմամբ, ընտրությունների ընթացքում չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ չկան բավարար հիմքեր դրանք անվավեր ճանաչելու համար: «Բավարար չէ միայն ընտրախախտումներ թվելը. անհրաժեշտ է ապացուցել, որ դրանք ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Չկա պատճառահետեւանքային կապի հիմնավորում»,- ասել է նա: Պատասխանող կողմի վկայությամբ, 1923 ընտրատեղամասերից ընդամենը 32-ում է ստացվել վերահաշվարկի դիմում, որից 22-ը ներկայացվել է նման իրավունք չունեցող սուբյեկտի կողմից: Վերահաշվարկից հետո որեւէ էական փոփոխություն չի եղել: «Պարզապես մեզանում ավանդույթ է դարձել քաղաքական խնդիրներն իրավական հարթություն տեղափոխելը: Ժողովրդավարական ընտրությունները ենթադրում են նաեւ պարտությունն արժանապատվորեն ընդունելու կամքի դրսեւորում»,- ընդգծել է նա: Ըստ հարակից պատասխանող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանի` դիմող կողմի ասելիքը չափազանց քիչ է եղել, «երկարաշունչ ելույթներում մի քանի անգամ կրկնվել է նույն միտքը»: Փաստարկները ներկայացվել են որպես վարկած եւ փորձ է արվել ՍԴ-ի միջոցով դրանք ապացուցել: «Դիմող կողմի նպատակը զուտ քաղաքական հայտարարություններ անելն էր, ինչն էլ փորձ արվեց անել»,- հայտարարել է Գ. Դանիելյանը: Նույն համոզմանն է եղել նաեւ ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը. «Նրանց բերած փաստերն անհիմն էին, ավելին` այն, որ դիմող կողմը չպնդեց իր դիմումը, վկայում է, որ մենք ճիշտ էինք»: Կողմերին լսելուց հետո Սահմանադրական դատարանը` վճիռ կայացնելու նպատակով անցել է դռնփակ խորհրդակցության: Համաձայն «ՍԴ մասին» ՀՀ օրենքի` դատարանն այն պետք է կայացնի եռօրյա ժամկետում: