ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն իր պաշտոնավարումը շարունակելու համար քիչ ջանքեր չի թափել, որովհետեւ համակարգում դեռ կիսատ թողած բավականին գործեր ունի:
Նախ՝ դեռեւս առկախ է, թե որ երկրով է ինտերնետ կապ ստանալու երկրորդ ինտերնետ օպերատոր «Ֆայբերնետ» ընկերությունը («Ֆայբերնետում» իր մասնաբաժինն ունի Ա. Մանուկյանը): Էժան ինտերնետ տրամադրելու մասին վերջինիս խոստումներին, մեր տեղեկություններով, ուղղակիորեն խոչընդոտում է Թուրքիան` չցանկանալով Հայաստանին ինտերնետ տրամադրել իր տարածքով: Դեպի Հայաստան մալուխային ինտերնետ ունենալու համար «Ֆայբերնետին» մնում է օգտվել ավելի թանկ` Ուկրաինայով անցնող ճանապարհից, որն էլ ուղղակիորեն կարող է ազդել ծառայությունների գների վրա: Մանուկյանի կիսատ թողած երկրորդ գործը շատ ավելին է, քան «Ֆայբերնետը», որը գնում-խառնվում է հեռուստատեսությունների աշխատանքին: Հնարավոր է, որ առաջիկայում որոշ հեռուստատեսությունների սեփականատերեր դառնան Մանուկյանի կամակատարները: Շատ բան է կախված լինելու այս մարդու «բարությունից»: Ոչ վաղ անցյալում լուրեր էին շրջանառվում, որ առաջիկայում բոլոր հեռուստաալիքները փակվելու են եւ մնալու է ընդամենը չորս հեռուստաալիք: Եվ այս ասեկոսեները, պարզվում է, այնքան էլ հեռու չէին իրողությունից: Առանց այդ էլ Հայաստանում ինչ-որ մեկին հեռուստաալիք տրամադրելը քաղաքական որոշում է համարվում: Այս տրամաբանությամբ էլ մեկին պատժում են` զրկելով հեռուստաալիքից, մյուսին էլ պարգեւատրում են` հենց նույն ալիքի տերը դարձնելով: Արդեն քանի տարի է՝ «Ա1+» հեռուստաալիքը կռիվ է տալիս իր ձեռքից առած հաճախությունը ետ ստանալու համար, սակայն ըստ Գրիգոր Ամալյանի` ՀՌԱՀ-ն ամեն անգամ պատճառաբանում է, թե հաճախություն չունեն, հենց որ լինի՝ կտան:
Բարձր տեխնոլոգիաների մեր դարում Կապի եւ տրանսպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Թվային հեռարձակումների մասին» ժամանակի ոգուն ոչ հարիր մի հայեցակարգ, որը, դժվար է ասել, թե երբ իրողություն կդառնա, սակայն արդեն իսկ կյանքից ետ է մնացել մի քանի տասնյակ տարով: Այս հայեցակարգի տրամաբանությունը նրանում է, որ այսուհետ Հայաստանում առկա հեռուստատեսությունները պետք է անցնեն ինֆորմացիայի փոխանցման թվային տարբերակին: Մեզ համար նորամուծություն համարվող այս փուլն աշխարհը վաղուց է անցել, եւ վերջինները ներկայումս աշխատում են IP տեխնոլոգիաներով: Սա նշանակում է՝ ունենալ բարձր որակի հեռուստատեսություն` ինտերնետ կապի միջոցով: Այս տեխնոլոգիային անցնելու դեպքում Հայաստանում կարող ենք ունենալ մոտ 200-300 բարձրորակ հեռուստատեսություն, որն էլ իր հերթին նշանակում է` վերջ Գրիգոր Ամալյանի հանձնաժողովին: Սակայն Անդրանիկ Մանուկյանի հայեցակարգը խնդրի մեջ այդքան չի խորացել եւ մտածել է միայն մի փուլի մասին, որն, ի վերջո, կարող է ինչ-որ մեկի բիզնեսը դառնալ: «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհուրդը» ստացել եւ իր դիտողություններն է արել վերոնշյալ հայեցակարգի վերաբերյալ: Խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանից էլ տեղեկացանք, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացրել նշյալ հայեցակարգի վերաբերյալ:
«IP հեռուստատեսությունը մասնավորին հնարավորություն է տալիս, եթե ունի՝ իր ծրագրերը կամ ֆիլմերը հեռարձակել ինտերնետով: Ռուսական ORT հեռուստաալիքն ունի նաեւ իր ինտերնետային հնարավորությունը: ՈՒԵՖԱ-ի սայթը նույնպես ունի նաեւ իր ինտերնետային հեռուստատեսությունը: Սա այն ճանապարհն է, որը ստիպված են լինելու անցնել բոլորը: Շուտով մենք ոչինչ չենք ունենա, կունենանք միայն մի համակարգիչ` միացած համաշխարհային ցանցին, եւ ցանկության դեպքում կնայենք հայկական Հ1 կամ աշխարհի ցանկացած այլ առաջատար ալիքը: Այսօր շատերն են արբանյակային կապով աշխարհի տարբեր հեռուստաալիքներ դիտում, դրանք թվային տեխնոլոգիաներ են, որոնք արդեն իսկ անցած փուլ են համարվում: Մեր բոլոր տեղական հեռուստատեսությունները ինֆորմացիան փոխանցում են անալոգային տեխնոլոգիաներով: Կառավարության ծրագրերով նախատեսվում է առաջիկա 1-2 տարում անցում կատարել թվային հեռուստատեսության: Թվայինի անցման ճանապարհին մի նոր խնդիր է առաջանում: Մարդկանց պետք է ստիպել նոր հեռուստացույց գնել, որպեսզի կարողանան ընդունել թվային ինֆորմացիան: Հայաստանում առկա հեռուստացույցները միայն կարող են ընդունել անալոգ ինֆորմացիա: Աշխարհում առկա է մի փոքրիկ սարք` մոտ 20-25 դոլար արժողությամբ, որը կարելի է միացնել հեռուստացույցին եւ ընդունել նաեւ թվային ալիքները»: Սակայն այստեղ էլ ի հայտ է գալիս սոցիալական խնդիրը` մարդիկ ի՞նչ միջոցներով պետք է ձեռք բերեն այդ սարքը։ Պետությունը վճարելո՞ւ է սոցիալապես անապահով խավերի համար, թե՞ բաժանելու է անվճար: Հայեցակարգը՝ որպես սոցիալական փաթեթ, առաջարկում են պետական միջոցներով թվայնացնել 4 հեռուստատեսություն: Ո՞ր չորսի մասին է խոսքը, ինչպե՞ս են որոշելու: Ժամկետներ են սահմանված, որ անալոգային հեռուստատեսությունները գնալով պետք է վերանան, որովհետեւ հաճախականությունների խնդիր է դրված: Մեկ հեռուստաալիք թվայնացնելու դեպքում նրա զբաղեցրած հաճախականության մեջ կարող ենք դնել 4-8 հեռուստակայան: Ասենք, Հ1-ն ազատում է իր տիրույթը, այդ նույն հաճախության վրա կարող են գործել մինչեւ 8 հեռուստաալիքներ: Այսինքն` ինֆորմացիայի թվային հեռարձակումը թույլ է տալիս ավելացնել հեռուստաալիքների քանակը, մեր ունեցած 20 հեռուստաալիքները կարող են դառնալ 80 եւ ավելի: Լուծված չէ նաեւ այն հարցը, թե թվայնացման համար ինչքան ժամանակ ենք տալիս մնացած հեռուստատեսություններին, որոնք չեն թվայնացվելու պետական միջոցներով: Նախարարությունը նշել է, որ անալոգից-թվայինի 2 տարվա ընթացքում չանցնելու դեպքում կարող են հեռուստատեսությանը զրկել լիզենզիայից: «Մենք առաջարկել ենք ժամանակը երկարաձգել մինչեւ 4-5 տարի: Թվայինի անցման ժամանակ պետք է ժամանակ տալ մնացած մասնավորներին, քանի որ նոր տեխնոլոգիայի անցումը մեծ ներդրումներ է պահանջում: Մեր հարցադրումներից է նաեւ` ինչպե՞ս են որոշելու, որ չորս ալիքներին են փող տալու: Հ1-ը եւ Հանրային ռադիոն դեռ պարզ է, իսկ ինչպե՞ս են կողմնորոշվելու մնացած 3 մասնավոր հեռուստատեսությունների ընտրության հարցում: Թվայնացման համար առկա է ԵՄ կողմից մշակված փաստաթուղթ, եւ մենք առաջարկել ենք այս գործընթացը կազմակերպել հենց այդ փաստաթղթին համապատասխան»,- ասում է Արմեն Գրիգորյանը:
Հայեցակարգում խոսք անգամ չկա IP հեռուստատեսության մասին, որն, ի վերջո, կազատականացներ այս դաշտը, եւ քաղաքացին հեռուստատեսային բիզնես կազմակերպելու համար կախված չէր լինի Ամալյանից կամ Մանուկյանից: Ակնհայտ է, որ ինտերնետային հեռուստատեսությունը չի բխում վարչական լծակների սովոր մարմինների շահերից, ուստի հայեցակարգից դուրս է թռել այս կետը` թվային հեռարձակում հասկացությունը ձեւական պահպանելով միայն վերնագրում:
«Մենք այս հարցն էլ ենք բարձրացրել: Առանց այդ էլ այնքան ենք ետ մնացել աշխարհում կիրառվող տեխնոլոգիաներից, այսօր մարդն անգամ իր հեռախոսով է հեռուստացույց դիտում: Մենք նշել ենք, որ այս հայեցակարգը չի արտացոլում համաշխարհային զարգացումները: Կապի եւ տրանսպորտի նախարարության ներկայացրած հայեցակարգում այս մոտեցումն ընդհանրապես չի երեւում: Մենք ասում ենք, եթե խոսում ենք թվային հեռուստատեսության մասին, ուրեմն չխոսենք ինֆորմացիոն դաշտի մասին: Կոնկրետ խոսենք զուտ հեռուստատեսությունների թվայնացման մասին, որն արդեն իսկ ուշացած քայլ է»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:
Այստեղ ծագում է եւս մեկ խնդիր. ո՞վ է լիցենզավորելու IP հեռուստատեսությունը: Ինտերնետային հեռուստատեսությունը համարվում է էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ծառայություն, որը տեղական օրենքով լիցենզավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Սակայն այս մարմինը չունի փոխանցվող ինֆորմացիայի ստուգման իրավունք: Այս իրավունքը վերապահված է Ամալյանի հանձնաժողովին, իսկ սա էլ ինտերնետի ոլորտում համապատասխան իրավասություններ չունի: Ա Գրիգորյանի կարծիքով, այս ոլորտը լիցենզավորման կարիք չունի: «Աշխարհի մակարդակով կազմակերպված գագաթաժողովներում քննարկվում է՝ ինչպես կազմակերպել ինֆորմացիայի ազատ տարածումը: Որոշ երկրներ առաջարկում են սահմանափակումներ մտցնել՝ կապված պոռնո եւ էրոտիկ նյութերի մասով, սակայն մինչեւ վերջ այս սահմանափակումները չեն գործում: IP հեռուստատեսությանը պետք է զարգանալու հնարավորություն տալ, որից հետո միայն մշակել կարգավորման մեխանիզմները: Ինտերնետը բաց է եւ հասանելի է բոլորին, եւ այստեղ ոչ մի Ամալյան կամ Իշտոյան չեն կարող որոշող լինել: Նա չի կարող ինձ արգելել, թե ես ինտերնետում ինչ ինֆորմացիա փնտրեմ: Տեղական օրենքներով սահմանափակումներ է դրվել որոշակի նյութերի վրա, այս մոտեցումը կարելի է կիրառել նաեւ IP հեռուստատեսությունների համար: Այստեղ լիցենզավորելն իմաստ չունի»,- նշում է Ա. Գրիգորյանը: