Վերաբնակեցումն անհրաժեշտ է

10/06/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ազատագրված տարածքների մասին վերջերս ավելի հաճախակի են սկսել խոսել Ղարաբաղում: Դա սկսվեց այն ժամանակ, երբ որոշ ԶԼՄ-ներ սկսեցին քննարկումները` ազատագրված տարածքների վերաբերյալ: Դրան հաջորդեց Արկադի Ղուկասյանի հայտարարությունը, թե «օկուպացված» տարածքներ չունենք, եւ, որ ազատագրված տարածքների վերաբնակեցման համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ: Իսկ ի՞նչ են մտածում ազատագրված տարածքների մասին ԼՂՀ նախագահի երկու թեկնածուները: Նախագահի թեկնածու, Արցախի պետական համալսարանի դասախոս Վանիկ Ավանեսյանի կարծիքով, այդ տարածքները ղարաբաղցիների համար անվտանգության գոտի են: «Մենք չենք զավթել այդ տարածքները, այլ ձգտել են մեզ ոչնչացնել, իսկ մենք հակահարված ենք տվել եւ փորձել անվտանգության գոտի ստեղծել: Մինչեւ միջազգային պայմանագրերով չամրագրեն, որ մեր անվտանգությունն ապահովում են` մենք ոչինչ չենք կարող զիջել: Մենք չենք կարող զիջել այն, ինչ ունենք: Եթե մեր անկախությունը ճանաչեն` այն ժամանակ ԼՂՀ ժողովուրդը կմտածի զիջումների մասին: Իսկ բանակցություններին ԼՂՀ-ն պետք է անպայման մասնակցություն ունենա եւ իր կարծիքն արտահայտի: Հայաստանն իրավունք չունի մեր ճակատագիրը որոշել, քանի որ մենք առանձին պետություն ենք»,- ասում է Վ.Ավանեսյանը: «Իսկ ի՞նչ կարող ենք զիջել» հարցին ի պատասխան, նա ասաց. «Շահումյանը կզիջենք: Մեր տարածքների 15 տոկոսն Ադրբեջանի ձեռքին է, դրանք կարող ենք զիջել: Պետք է զիջենք այն, ինչը մեր անվտանգությունը չի խախտում»: Իսկ նախագահի մեկ այլ թեկնածու, ԼՂՀ Կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանի խոսքերով, տարածքների հարցում 10 տարի առաջ ունեցած իր վերաբերմունքը չի փոխվել: «Թեկուզ ասում են, որ ՀԿԿ անդամն Աստծուն չի հավատում, բայց ես կարող եմ ասել, որ Աստված առաջին անգամ հայերին հնարավորություն է տվել, որ իրենց պատմական հողերի չնչին մասն ազատագրեն, որը փորձաքար էր ամբողջ հայկական հողերը ազատագրելու համար: Ազատագրել ենք այն պապական հողերը, որից թշնամին գնդակոծում էր մեր ժողովրդին: Բայց մեր անփութության, անկազմակերպության շնորհիվ չենք կարողացել այդ հողերը մշտապես բնակեցնել մեր այն հայրենակիցներով, որոնք փախստականի կարգավիճակով տեղափոխվել են ԼՂՀ»,- շեշտում է Հ.Մելքումյանը` մատնանշելով մի քանի փաստեր: «Առաջին սխալը եղել է այն, որ հետեւելով ՀՀ-ին, ընդունել ենք «Լեզվի մասին օրենք», իսկ Ադրբեջանից տեղափոխված մեր հայերը չեն տիրապետում հայերեն լեզվին, որը շատ լուրջ պատճառ էր նրանց ԼՂՀ-ում չմնալու համար: Երկրորդ սխալը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումն էր, ըստ որի` Բաքվից տեղափոխվածը պետք է հայերեն լեզվով քննություն հանձնի եւ ստանա աշխատանքի անցնելու իրավունք: Իսկ ինչ վերաբերում է ներկայումս վերաբնակեցնելուն, ապա ասեմ, որ դա անպայման անհրաժեշտ է: Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին հայրենասիրություն, իսկ հետո` ֆինանսական միջոցներ: Եվ դա ոչ միայն ղարաբաղցիների, այլեւ ողջ հայ ժողովրդի խնդիրն է»,- նշում է Հ. Մելքումյանը: Նա գտնում է, որ քաղաքական խնդիրը վերաբնակեցման համար այդքան էլ կարեւոր չէ այս պահին եւ մեր պարագայում: «Խոսքս հիմնականում վերաբերում է Նոր Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններին, որոնք շատ կարեւոր նշանակություն ունեն»,- ավելացնում է նա: