Մատենադարանին հարակից հրապարակում երեկ կայացավ ընդդիմության հերթական հանրահավաքը, որի ընթացքում այն վարող Վահագն Խաչատրյանը տեղեկացրեց, որ «ընտրություններից» հետո միայն հացի գների թանկացումից իշխանություններն օրական ստանում են 80 մլն դրամի լրացուցիչ շահույթ: Անդրադառնալով բուն «ընտրություններին»՝ նա ասաց, թե ընտրություններից առաջ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի պատգամավորության բոլոր թեկնածուներին ստիպել են նախօրոք գրել մանդատից հրաժարվելու դիմում, որ եթե հանկարծ հետագայում ինչ-որ մեկը «մի բան էն չանի», համապատասխան դիմումն ուղարկվի ԿԸՀ, եւ այդ մարդուն «իր դիմումի համաձայն» «հրաժարեցնեն» պատգամավորի մանդատից: Որպես օրինակ՝ նա նշեց մայիսի 12-ին թիվ 15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած եւ օրերս «մանդատից հրաժարված» ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանին: Ի դեպ, երբ լրագրողները փորձել էին Խ. Մանուկյանից պարզել մանդատից հրաժարվելու պատճառը, նա ասել էր, թե ինքը ոչնչից տեղյակ չէ, ու անջատել էր հեռախոսը: Ըստ Վ. Խաչատրյանի, վերոնշյալ դիմումները գտնվում են Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի մոտ: Իր ելույթում էլ «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե Ս.Սարգսյանին մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ գրություն է թողել նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. «Իմ մահվան համար ոչ մեկին չմեղադրեք»: Ըստ Ն. Փաշինյանի, ՍԴ-ն այս օրերին ոչ թե ընտրությունների հետ կապված հարց է քննարկում, այլ, թե «Գ. Հարությունյանն ինքնասպան կլինի՞, թե՞ ոչ»: «Բավական է լինենք երկիր, որտեղ դոդությունը համարվի առավելության նշան: Մենք ուզում ենք, որ խելոքությունը համարվի առավելության նշան»,- նշեց նա: Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն էլ հայտարարեց, թե «պատերազմի կուսակցությունը հասել է իր տրամաբանական վախճանին. ՀՀ-ում թեւածում է պատերազմի ուրվականը»: Երեկ բանախոսները հայտարարեցին նաեւ, որ սկսում են բակային հանրահավաքներ: Իսկ Արամ Զ.Սարգսյանը երեկ հավաքված 1-2000 ցուցարարներին կոչ արեց չհուսահատվել, համբերել, պատրաստ լինել ամեն անսպասելի քայլի ու հաղթանակի հիմքը դնել թեկուզ նախագահի ընտրության ժամանակ: Հաջորդ հանրահավաքը նվիրված կլինի Արցախի հարցում վերջին զարգացումներին եւ տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 19:30-ին: