Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանն ասում է, որ իր հիվանդանոցում աշխատող բժիշկները, բացի իրենց հիմնական գործառույթից, հաճախ ստիպված են նաեւ
գուշակի դեր կատարել:
«Հատկապես հղի կանանց դեպքում,- ասում է նա: -Մենք մանրակրկիտ զննում ենք կնոջը հղիության ընթացքում ու փորձում ենք գուշակել՝ արդյոք մեր պայմանները կբավարարե՞ն նրան օգնություն ցուցաբերելու համար, թե՞ ստիպված կլինենք Ստեփանակերտ տեղափոխել, երբ ժամանակը գա»: Հիվանդանոցի ոչ մեծ շենքում տեղավորվել են մի քանի բաժանմունքներ՝ ներառյալ ծննդատունը: Սակայն գլխավոր խնդիրը նույնիսկ դա չէ, ավելի լուրջ հարց է մասնագետների խիստ պակասը:
Հիվանդանոցի հիմնադիր եւ միակ վիրաբույժ Արցախ Բունիաթյանն աչքերի վիրահատությունից հետո արդեն մեկ տարուց ավելի վիրահատություններ չի կատարում: «Հաշվի առնենք նաեւ, որ վիրաբույժի տարիքը սահմանափակ է,- ասում է նա: -Ես բազմիցս դիմել եմ Առողջապահության նախարարությանը, կառավարությանը, որպեսզի մեզ վիրաբույժ տրամադրեն, բայց ապարդյուն: Բացի այդ, մեզ հարկավոր են գինեկոլոգներ, նյարդաբաններ, քիթ, կոկորդ, ականջի եւ այլ մասնագետներ»: Արցախ Բունիաթյանը փորձել է նաեւ ինքնուրույն մասնագետներ գտնել: Դիմել է բժիշկներին Հայաստանից, սակայն նրանք, տեղեկանալով այստեղ բժշկի ամսական 40-60.000 դրամ աշխատավարձի մասին, միայն քմծիծաղել են, թե մենք այդ գումարը երկու օրում ենք աշխատում: Գտնվել են համարձակներ, որոնք եկել են այստեղ, սակայն շատ շուտով լքել են՝ պայմաններին չդիմանալով:
Հիմա հիվանդանոցի աշխատակազմը, ներառյալ գյուղերում աշխատող բուժքույրերը եւ տեխնիկական անձնակազմը, բաղկացած է մոտ հարյուր մարդուց, սակայն մասնագետներն ընդամենը հինգն են՝ երեք մանկաբույժ, թերապեւտ եւ սրտաբան: Բժիշկ Բունիաթյանն ասում է, որ բժիշկների պակասի խնդիրը եղել է 1996 թվականին՝ հիվանդանոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից:
Հիվանդանոցը անցած տարի վերանորոգել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը: Ե՛վ այս, եւ՛ այլ բարեգործական կազմակերպություններ ու անհատներ դեռ մի քանի տարի առաջ հիվանդանոցն ապահովել էին սարքավորումներով՝ հույսով, որ շուտով հիվանդանոցին կկցեն եւս մեկ մասնաշենք, ու բաժանմունքները կընդլայնվեն ու կավելանան: Սարքերն առայսօր փոշով են պատված պահեստում, մի մասը շարքից դուրս է եկել տարիների ընթացքում, մյուս մասը՝ հնացել:
Հիվանդանոցը նույնիսկ լաբորատորիա չունի, որպեսզի հիվանդներից անալիզներ վերցնեն: Դրա համար նրանց ուղարկում են Ստեփանակերտ կամ Գորիս, ուր հիվանդանոցները վճարովի են: Ոչ բոլորն են ի վիճակի իրենց անալիզ հանձնելու ճոխություն թույլ տալ:
Այժմ ԼՂՀ բյուջեի միջոցներով Բերձորում կառուցվում է նոր հիվանդանոց:
Բերձորի հիվանդանոցում ամբողջ բուժումն անվճար է՝ ներառյալ օրական երեքանգամյա սնունդը: Բժիշկները պատմում են, որ ժամանակ առ ժամանակ այստեղ են բերում աղքատներին, որոնց որպես տուն հատկացվել են ավերակներ, եւ որոնք չունեն աշխատանք՝ իրենք չնչին ապրուստը հոգալու համար: Հիվանդանոցում նրանց պահում են մեկ-երկու ամիս, կերակրում են, փոքր-ինչ կազդուրում ու դուրս գրում: Հիվանդներն ասում են, որ աշխարհում այս հիվանդանոցի նման երկրորդ տեղ չկա, եւ իրենց բժիշկներին հերոսներ են համարում (չէ՞ որ կյանքեր են փրկում այս պայմաններում), իսկ գլխավոր բժշկին՝ հրաշագործ:
«Իր շնորհիվ մեր շրջանում ծնելիությունը բարձրացել է»,- ասում է հիվանդներից մեկը: Իր ղեկավարման երկրորդ տարում բժիշկն արգելել է հղիության արհեստական ընդհատումն իր հիվանդանոցում:
«Առաջին տարին շատ էին գալիս,- պատմում է Ա. Բունիաթյանը,- այնպիսիք, ովքեր ուզում էին ընդհատել հղիությունը, եւ նրանք, ում արդեն վիրահատել էին այլ տեղերում, ու բարդություններ էին առաջացել: Հետո սկսեցին այլ շրջաններից էլ գալ, նույնիսկ Գորիսից: Գրեթե գիշեր չկար, որ աբորտ չունենայինք: Աչքերիս առջեւ անընդհատ տեսնում էի սաղմը, որը կծկվում է ու ետ է քաշվում, երբ դանակը մոտեցնում ես, կարծես ուզում է պաշտպանի իրեն: Այնպես որ, ես դա արգելեցի: Գալիս էր տասը կին, ասում էի՝ էլ չենք անում աբորտ: Երկուսը միջոցներ ունեին, ուրիշ հիվանդանոցներ էին գնում, բայց ութը ծննդաբերում էին: Ես համոզված եմ՝ ոչ մի ծննդատուն Ստեփանակերտում կամ Երեւանում չի կարող պարծենալ այնպիսի ծնելիությամբ, ինչպիսին մեզ մոտ է՝ բնակչության քանակը հաշվի առնելով, իհարկե: Հիմա մենք տարեկան մոտ 120 ծնունդ ունենք»:
Բժիշկ Արցախ Բունիաթյանի իրականացրած մյուս բարեփոխումը վերաբերում է նորածինների անուններին:
«Մեզ մոտ միջանցքում կախված է հայկական անունների ցուցակ, եւ ծննդկանները կարող են ընտրել այդ ցուցակից: Ես նրանց ստիպում եմ փոքրիկներին հայկական անուններ տալ,- ծիծաղում է բժիշկը,- բացառություն մեկ-մեկ անում եմ միայն պարսկական անունների համար, որոնք արդեն վաղուց թափանցել են մեր առօրյան ու դարձել են մերը: Բայց դա էլ միայն, եթե ծնողները շատ են խնդրում»:
www.hetq.am