1988-1992թթ. Ադրբեջանի տարածքում մեր հայրենակիցները թողել են շուրջ 93.000 բնակարաններ եւ առանձնատներ: Մինչդեռ նույն ժամանակաշրջանում Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ ազատագրված տարածքներից տեղահանված ադրբեջանցի ընտանիքների թիվը չի գերազանցում 90 հազարը:
Նշենք նաեւ, որ 1989թ. Հայաստանի իշխանությունները 14.500 ադրբեջանական ընտանիքի գույքի եւ բնակավայրերի համար հատկացրել են 110 մլն դոլարի փոխհատուցում: Փոխարենն ադրբեջանական կողմը չի հատկացրել եւ ոչ մի լումա: Իսկ 22.428 ընտանիք էլ օրինական կարգով վաճառել կամ փոխանակել են իրենց բնակարանները: Ներկայումս տարբեր միջազգային ատյաններում եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնական հանդիպումների ժամանակ երկուստեք ներկայացվում է սեփականության, մասնավորապես` բնակարանների փոխհատուցման հարցը: «Ադրբեջանն ու Հայաստանը ՄԱԿ-ի միջնորդությամբ այդ հարցը Ժնեւում մի քանի անգամ բարձրացրել են, բայց Ադրբեջանի հետ ոչ մի կոմպրոմիսի չեն կարողացել հասնել: Միշտ այս հարցը բարձրացվել է, բայց այսօրվա դրությամբ ոչ մի առաջխաղացում չկա»,- ասում է Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության Փախստականների բաժնի պետ Արա Հարությունյանը: Անցյալ տարվանից հայաստանյան մի կազմակերպության (գործին չվնասելու պատճառով առայժմ կազմակերպության անունը մնում է գաղտնիք) նախաձեռնությամբ Ադրբեջանում թողած ունեցվածքի փոխհատուցման պահանջով Հայաստանում բնակվող փախստականների կողմից դատական հայց է պատրաստվում Ադրբեջանի կառավարության դեմ: Արդեն 1200 գործ ուղարկվել է Ստրասբուրգ` Մարդու իրավունքների պաշտպանի Եվրոպական դատարան: «Մենք եղել ենք ուղղակի միջնորդ կազմակերպություն, այսինքն` մատնանշել ենք այն փախստականների տեղերը, որոնք ունեն այնպիսի փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրանց՝ Ադրբեջանում թողած ցանկացած տիպի` անշարժ եւ շարժական գույքի մասին վկայող սեփականության»,- մեկնաբանում է Ա. Հարությունյանը: Ավելացնենք, որ բռնագաղթին հաջորդող տարիներին այն ժամանակ փախստականների հարցերով զբաղվող մարմինների կողմից հավաքվել են իրենց թալանված, քանդված կամ զավթված բնակարանների մասին 4 օրինակից տեղեկանքներ, որոնք տրամադրվել են ԽՍՀՄ Դատախազությանը, ԽՍՀՄ անվտանգության մարմիններին, ՀՀ Դատախազությանը, մեկ օրինակն էլ պահվել է սեփականատիրոջ մոտ` իբրեւ արժեքավոր եւ պատմական արխիվային նյութ: Ադրբեջանից բռնագաղթած 500.000 հայերից, օրինակ, իրենց ունեցվածքն ամբողջությամբ ադրբեջանցիներին են թողել Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, մասամբ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերը: «Ամեն դեպքում գործընթացն այնպիսին է, որ տվյալ անձի (ոչ բոլորի) համար ստացվում են փաթեթներ, որտեղ պահանջվում է ավելի մանրամասն տեղեկատվություն: Կազմակերպությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամների հետ աշխատանք է տանում` հայցի փաթեթը պատրաստելու նպատակով, որը մոտ 70-80 էջանոց փաթեթ է»,- հավելում է փախստականների բաժնի պետը: Հակամարտության հետեւանքով մեր հայրենակիցների՝ հարեւան պետությունում մնացած ունեցվածքի փոխհատուցման գործընթացը շուրջ մեկ տարվա պատմություն ունի: Սակայն, ինչպես տեղեկացնում է Ա. Հարությունյանը, գործընթացից ոգեւորված փախստականները շարունակում են դիմել Փախստականների բաժին` ներկայացնելով իրենց կորցրած սեփականության մասին հավաստող փաստաթղթերը, միաժամանակ ցանկություն հայտնելով ընդգրկվել գործընթացում: «Արդեն 1000-ից ավելի գործեր են մեզ մոտ կուտակվել, բայց առայժմ դրանք չենք կարող հանձնել: Մինչեւ վերոնշյալ 1200 գործերի պատասխանը Եվրոդատարանից չստացվի, մեծ ակտիվություն չենք կարող ցուցաբերել»,- նշում է Ա. Հարությունյանը: Ավելացնենք նաեւ, որ Եվրոդատարան ներկայացված յուրաքանչյուր անձ հանդես է գալիս ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության: Քանի որ խոսքը Եվրոդատարանի մասին է, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսի ավարտ կունենա փոխհատուցման գործընթացը: Միեւնույն ժամանակ Ադրբեջանն էլ Եվրոդատարանում համարժեք դատական գործընթաց է սկսել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն երկու տասնամյակ թմբկահարում է 1 մլն անօթեւան փախստականների մասին` փախստական համարելով նաեւ իր սահմաններում ապրող ներքին տեղահանվածներին: «Միանշանակ, Ադրբեջանում ավելի շատ հայ է բնակվել, քան Հայաստանում` ադրբեջանցիներ: Հայերն այնտեղ անհամեմատ ավելի մեծ ունեցվածք են թողել, քան ադրբեջանցիները Հայաստանում: Պետք է հաշվի առնել, որ Հայաստան եկածներն ապրել են խոշոր քաղաքներում` Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ (մոտ 70 %-ը քաղաքաբնակներ են եղել), իսկ այստեղից գնացել են Վարդենիսի, Արարատի, Մասիսի գյուղերից, որոնք թողել են հիմնականում հողից պատրաստված գետնափոր տներ, իսկ Ադրբեջանում հայերը թողել են շքեղ տներ: Այդ հաշվարկներով, Ադրբեջանի բնակարանային խնդիրն ավելի քիչ պետք է լիներ, բայց պարզվեց, որ ճիշտ հակառակն է»,- նկատում է Ա. Հարությունյանը: Մեր հարցին` եթե փախստականը ՀՀ քաղաքացի է, չի՞ խոչընդոտի այս գործընթացում ընդգրկվելուն, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ համաձայն «Իրավական եւ սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացի դարձած փախստականները կարող են օգտվել այն արտոնություններից, ինչ փախստականները: Միջազգային կազմակերպությունների եւ պետության կողմից հատկացված գումարներով բնակարաններ ունենալու պարագայում էլ, Ա. Հարությունյանը հավաստիացնում է, որ բնակարանով ապահովված լինել-չլինելը չի նշանակում, որ նրանք փոխհատուցման իրավունք չունեն: Այսինքն, հայերի Ադրբեջանում մնացած տունը կամ որեւիցե սեփականությունը չպետք է մնա Ադրբեջանին: «Միեւնույն է, այնտեղ մնացածը փախստականների ունեցվածքն է, եւ մեկը մյուսի հետ կապ չունի: Կարող է՝ որեւէ մեկն այնտեղ թողել է 5 բնակարան եւ այլ տիպի ունեցվածք, որը համապատասխան փաստաթղթով կարող է ապացուցել»,- ասում է Ա. Հարությունյանը: Միգրացիոն գործակալությունում դեռեւս ամփոփված չեն փախստականների կողմից բերված դիմումները, որպեսզի պարզ լինի, թե սեփականության ինչպիսի ձեւի մասին են բարձրաձայնում իրենց տներից վտարված ու Ադրբեջանը շենացրած հայերը: