Ալեքսանդր Վարպետյանն արդեն 5 տարի «սեւ ցուցակում» է

10/06/2007 Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

2002-ից առ այսօր արգելվում է ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանի մուտքը Հայաստան: Հինգ տարեկանում Ֆրանսիայից Խորհրդային Հայաստան տեղափոխված ու Երեւանում կրթություն ստացած Վարպետյանը 1975-ին վերահաստատվել է ծննդավայր Մարսելում:

Ֆրանսիական քաղաքացիությանը զուգահեռ՝ նա պահպանել է ԽՍՀՄ անձնագիրն ու քաղաքացիությունը, որն անկախությունից հետո նրա կամքով վերաձեւակերպվել է որպես ՀՀ քաղաքացիություն: Սակայն, երբ 1994-ին Հայաստանում ընդունվել է երկքաղաքացիությունը բացառող օրենքը, երեք տարի անց Վարպետյանը զրկվել է ՀՀ քաղաքացիությունից: Այնուամենայնիվ, 1998-1999 եւ 1999-2002 թթ. Վարպետյանը ԿԳ եւ Մշակույթի նախարարությունների միջնորդությամբ ձեռք բերված կացության կարգավիճակների շնորհիվ բնակվել է Հայաստանում: 2002-ին, սակայն, Վարպետյանի կացության կարգավիճակի ժամկետը չի երկարացվել: Մերժումը չի պատճառաբանվել: Այդ կապակցությամբ 2002-ին «Ա1+»-ը գրել է. «Էություն» միաբանության նախագահ, Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի՝ Հայաստանում բնակվելու թույլտվության ժամկետը լրացել է: Ալեքսանդր Վարպետյանին ասել են, որ նրան այլեւս թույլտվություն չի տրվելու, քանի որ նա աղանդավոր է: ««Էություն» միաբանությունը պատրաստ է համագործակցել Հայ Առաքելական եկեղեցու հետ»,- վստահեցնում է պարոն Վարպետյանը, սակայն բոլոր նմանատիպ առաջարկները պատասխան չեն ստացել: Միաբանությունն առաջարկում է «Ազգություն եւ նոր հազարամյակ» ծրագիրը: Ըստ միաբանության անդամների՝ այն տարիներով մտածված առողջացման ծրագիր է, որը հասարակությանը հեռու է պահելու տխմարությունից եւ անառակությունից»:

2003-ի օգոստոսին ՀՀ նախագահի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչությունը մերժել է Վարպետյանի՝ Հայաստանում տասնամյա վճարովի կացության հայցը: Դրանից հետո մինչեւ այսօր առանց պատճառաբանության երեք անգամ մերժվել են Ալեքսանդր Վարպետյանի տուրիստական էլեկտրոնային հայցերը, երկու անգամ՝ նրա որդի Արթուր Վարպետյանի հրավերի հայցերը: 2005-ի փետրվարին Վարպետյանը բաց նամակով դիմել է ՀՀ իշխանություններին, բայց արձագանք չի հետեւել: Նույն տարվա մայիսին Ֆրանսիայի քաղաքացին գրություն է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Ուսումնասիրելով գործը՝ պաշտպանը նամակ է գրել ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին: Վերջինս էլ պատասխանել է, որ իրենց է դիմել ՀՀ քաղաքացի Արթուր Վարպետյանը՝ հորը Հայաստան հրավիրելու փաստաթղթերը ձեւակերպելու համար: Կարգի համաձայն՝ վարչությունը Ալ. Վարպետյանին վերաբերող նյութերն ուղարկել է համապատասխան մարմիններ՝ համաձայնեցման: Բայց, ըստ ստացված պատասխանի, Ֆրանսիայի քաղաքացու ժամանումը Հայաստան գտնվել է ոչ նպատակահարմար: Պաշտպան Ալավերդյանը համոզված է, որ վերոնշյալ վարչությունն «իրավասու չէր ղեկավարվել նպատակահարմարությամբ, եւ սահմանված կարգի համաձայն՝ դիմումատուին պետք է ներկայացվեին իր խնդրանքի մերժման օրենսդրական հիմքերը»: Միաժամանակ Լ. Ալավերդյանը նշում է, որ նման դեպքերում կա նաեւ մերժումը չպատճառաբանելու միջազգային պրակտիկա, չնայած որ, ըստ նրա, Ալ. Վարպետյանի նման հայտնի մարդու նկատմամբ անթույլատրելի է այսպես վարվել:

Լ. Ալավերդյանը Ալվինա Զաքարյանին եւ ՀՀ ոստիկանապետին առաջարկել է վերանայել այս հարցը, իսկ բացասական որոշման դեպքում էլ՝ ներկայացնել մերժման հիմքերը: Առաջարկը մնացել է անհետեւանք: Իսկ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանի օրոք այս գործը փակվել է, քանի որ Վարպետյանի դիմումը եղել է ոչ թե բողոք, այլ ուղղակի գրություն (բողոքի դեպքում գործը չի փակվում մինչեւ դրա վերջնական լուծումը): Ալ. Վարպետյանի որդին՝ Արթուրը, 2006-ին նամակ է գրել պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանին: Գործին ծանոթանալու համար նախարարությունից պահանջել են համապատասխան փաստաթղթեր եւ Ալ. Վարպետյանի «Ազգային խաչքար» («Հոկտեմբերի 27-ի առեղծվածը») անտիպ աշխատությունը, որը, հեղինակի տեղեկացմամբ, ոչնչացվել է այլ գործերի հետ, քանի որ «հայ հասարակությունը դրանց պատրաստ չէ»: Ս. Սարգսյանը դիմումի կապակցությամբ տվել է հանձնարարական, սակայն ոչինչ չի փոխվել:

Արթուր Վարպետյանի խնդրանքով ՀՀ սահմանային անցակետերի կարեւոր պատասխանատուներից մեկը պարզում է, որ Ալ. Վարպետյանի ազգանունը բացակայում է սահմանային անցակետերի համակարգիչների «սեւ ցուցակում»: Նոր կանոնակարգի համաձայն էլ՝ 21-օրյա տուրիստական արտոնագիր կարելի է ստանալ հենց սահմանի վրա: Վարպետյանը որդու հետ որոշում է Հայաստան մտնել Վրաստանից, սակայն հետո նախընտրում է ձեռք բերել տուրիստական արտոնագիր եւ վայրէջք կատարել Երեւանում: Բայց Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը մերժում է նրա դիմումը: Արթուրը կրկին դիմում է սահմանապահին: «Սահմանապահի ասելով՝ սահմանն անցնելուց հետո տվյալ անձը պետք է դիմի Անձնագրերի եւ վիզաների վարչություն՝ վիզա ստանալու համար: Նա ասաց, որ սահմանապահների եւ վարչության մոտ կա նույն «սեւ ցուցակը»: Բայց այս դեպքն արտառոց է նրանով, որ հորս անունը կար միայն վարչության «սեւ ցուցակում»: Այսինքն՝ հայրս Բագրատաշենում պետական սահմանը կանցներ, բայց հետո Երեւանում օվիրը նրան վիզա չէր տա: Սա, ըստ սահմանապահի, աննախադեպ բան է»,- պատմում է Արթուր Վարպետյանը: «Սահմանապահը եզրակացրեց, որ Վարպետյան ազգանունը թերեւս հայտնվել է խիստ առանձնակի, կատարելապես անհայտ եւ ցմահ դատապարտյալների «սեւ ցուցակում»»- նշում է Ալ. Վարպետյանը:

Արդեն 5 տարի հարկադրաբար Հայաստան չայցելած Ալեքսանդր Վարպետյանը մայիսի 30-ին մի վերջին անգամ բաց նամակ է հղել ՀՀ նախագահին՝ «առանց որեւէ ակնկալիքի, լոկ համոզվելու համար, որ շան գլուխը հիրավի թաղված է նախագահականում…»:

www.hetq