Համագործակցությունը նույնպես պատասխանատվություն է

10/06/2007

Եվ այսպես, Հայաստանում ձեւավորվեց նոր կոալիցիա՝ 2+1 սկզբունքով։ Ընդ որում, տվյալ դեպքում «+1»-ը ոչ թե «Իմպիչմենտ» դաշինքի կարգախոսն է, այլ ձեւավորված կոալիցիայում ՀՅԴ «հատուկ կարգավիճակը»։ Այո, Դաշնակցությունն ի վերջո կարողացավ եւ՛ իշխանության մաս կազմել, եւ՛ ցանկացած պահի ընդդիմություն դառնալու իրավունքը պահպանել։ Սա, անշուշտ, քաղաքական «սկզբունքայնության» խիստ յուրօրինակ դրսեւորում է։ Մնում է, որ ՀՅԴ-ին ձայն տված 170 հազար ընտրողները կարողանան կողմնորոշվել՝ ի վերջո, իրենք իշխանությունների՞ն են ձայն տվել, թե՞ ընդդիմությանը։

Ինչեւէ։ Կոալիցիան ձեւավորված է, եւ դրա գործունեության համար պատասխանատու են միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն։ Իսկ ՀՅԴ-ն պատասխանատվություն կկրի միայն «իմանալ-չհայտնելու» մասով։ Եթե, իհարկե, պատասխանատվությունն ընդհանրապես քաղաքական կատեգորիա է։