«Հին ընկերները» փորձում են կիսահղի լինել

10/06/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ նախագահի նստավայրում երեկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ստորագրեցին կոալիցիոն հուշագիր: Երեկ նաեւ վերջնականապես պարզ դարձավ, որ որոշ նազուտուզերից հետո իշխանության մաս կկազմի նաեւ ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն կլինի, այսպես կոչված, կոալիցիոն կառավարության մաս, սակայն որոշվել է այս անգամ դրան այլ անուն տալ՝ «համագործակցություն»:

Երեկ նախագահի նստավայրում ՀՅԴ-ն ստորագրել է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն կառավարության հետ համագործակցության հուշագիր: Այդ համագործակցության արդյունքում ՀՅԴ-ն ստացել է կրթության եւ գիտության ու գյուղատնտեսության նախարարների թեկնածուներ առաջադրելու եւ հետ կանչելու իրավունք: Այդ պաշտոններում կշարունակեն պաշտոնավարել Լեւոն Մկրտչյանն ու Դավիթ Լոքյանը, ընդ որում` վերջիններս ստիպված չեն լինի «սառեցնել իրենց անդամությունը» ՀՅԴ-ում: Բացի այդ, ԱԺ փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին կհասնի Վահան Հովհաննիսյանին, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ կմնա Արմեն Ռուստամյանը, իսկ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահն էլ կլինի պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը: ՀՅԴ-ն կստանա նաեւ Արագածոտնի մարզպետի պաշտոնը (հավանաբար մարզպետ կնշանակվի նախկին մարզպետ Հրայր Կարապետյանը): Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, երբ կոալիցիան հայեցակարգային եւ ռազմավարական խնդիրների քննարկման համար հավաքվի, ՀՅԴ-ն ունենալու է խորհրդակցական ձայնի իրավունք: Ուշագրավ է, որ կառավարությունում ու ԱԺ-ում իր ունեցած պաշտոնների քանակով եւ որակով ՀՅԴ-ն առանձնապես չի զիջելու ԲՀԿ-ին, բայց միեւնույն է՝ ՀՅԴ-ն ոչ թե կոալիցիայի մաս է, այլ «պարզապես համագործակցում է» այդ կոալիցիայի հետ:

Սակայն աբսուրդն այսքանով չի սահմանափակվում: Կոալիցիոն հուշագրի եւ ՀՅԴ-կոալիցիա «համագործակցության» փաստաթղթի ստորագրումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, թե ըստ պայմանավորվածության, Սոցապնախարարությունն անցնում է ՀՀԿ-ին, այսինքն՝ ՀՀԿ-ին է պատկանում սոցապնախարարի թեկնածու առաջադրելու եւ սոցապնախարարին հետ կանչելու իրավունքը: Բայց ՀՀ սոցապնախարարի պաշտոնում մնալու է ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: Այս երեւույթը «բացատրվում է» նրանով, որ «համագործակցության մշակույթ» ձեւավորող ՀՀԿ-ն պատրաստ է մեծահոգաբար իր քվոտայով նախարար նշանակել ՀՅԴ ներկայացուցչին: Հարցին, թե ՀՅԴ-ն պատասխանատվություն կրելո՞ւ է ՀՀԿ-ի նշանակած դաշնակցական նախարարի համար, Արմեն Ռուստամյանը տվել է իսկական դաշնակցականին բնորոշ պատասխան: Նա ասել է, թե, անկախ ամեն ինչից, ՀՅԴ-ն «բարոյական պատասխանատվություն» է կրում իր ցանկացած անդամ պաշտոնյայի համար: Բովանդակային առումով, իհարկե, ոչ մի տարբերություն չկա՝ ՀՅԴ-ն կոալիցիայի մա՞ս է կազմում, թե՞ նման ձեւով «համագործակցում է» կոալիցիայի հետ: Բայց ինչ-ինչ նպատակներով «հին ընկերները» որոշել են այս անգամ իրենց՝ իշխանության մաս կազմելուն այլ անուն տալ: Այդ ինչ-ինչ նպատակներն էլ, հասկանալի է, կապված են ՀՀ նախագահի առաջիկա ընտրության հետ: Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, այդ պատճառով էլ՝ ՀՅԴ-ն «չի մտել» կոալիցիայի մեջ: «Ինչպես գիտեք, ՀՅԴ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ մասնակցելու է նախագահական ընտրությունների սեփական թեկնածուով»,- երեկ ասել է Ա. Ռուստամյանն ու պնդել, թե ՀՅԴ-ն ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցելու է սեփական թեկնածուով, որին կորոշի աշնանը կայանալիք Գերագույն ժողովը: «Մեկ տարի է, ՀՅԴ-ն ասում է, որ հանդես է գալու սեփական թեկնածուով, մեկ տարի է, մեզ ասում են՝ սա արդյոք չի՞ նշանակում, որ վերջում պաշտպանեք Սերժ Սարգսյանին: Ասում ենք՝ ոչ»,- հայտարարել է Ա. Ռուստամյանը: Վերջինս համաձայն է, որ իրավիճակն, իհարկե, մեղմ ասած, արտասովոր է, քանի որ մի կողմից՝ կոալիցիայի մաս «չեն կազմում», իսկ մյուս կողմից՝ ունեն պորտֆելներ: Կոալիցիա-ՀՅԴ գործակցության ժամկետը մինչեւ նախագահի ընտրությունն է: Ա. Ռուստամյանը երեկ խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք ՀՀ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակից հետո ՀՅԴ-ն ընդդիմություն կդառնա՞: Իսկ եթե ՀՅԴ-ն Ղարաբաղի հարցի հետ կապված տարաձայնություններ ունենա՞: Պատասխանելով այս հարցին՝ Ա. Ռուստամյանը երեկ ասել է. «Եթե գործը հասնի Ղարաբաղի հարցով տարաձայնություններին, դե, իհարկե, էլ ի՞նչ համագործակցություն, էլ ի՞նչ կոալիցիա: Մնացած հարցերը երկրորդական են դառնում»: Ընկեր Ռուստամյանը երեկ, թերեւս, ակնարկելով հանրապետության քաղաքների փողոցներում տեղի ունեցող եւ անպատիժ մնացող աղմկոտ միջադեպերը, խոսել է նաեւ հասարակական կարգի պահպանման մասին: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ՀՅԴ-ն հասարակական կարգի պահպանման գործում ունենա կադրային ներգրավվածություն, Ա. Ռուստամյանը տվել է անուղղակի պատասխան. նա հիշատակել է կոալիցիայի հետ ՀՅԴ գործակցության մասին փաստաթղթի դրույթը, ըստ որի՝ «կողմերից մեկի առաջարկությամբ, միասնական դիրքորոշման ձեւավորման նպատակով, կարող է քննարկման առարկա դառնալ ԱԺ եւ կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց»: «Մենք այդ ցանկացած հարցի տակ առաջին հերթին նկատի ունենք քաղաքական, հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերը, որոնք կարող են կապված լինել հասարակական կարգի հետ, մնացած բոլոր խնդիրների հետ»,- ասել է Ա. Ռուստամյանը: