Փետրվարի 16-ի կառավարության նիստի ժամանակ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը շատ կտրուկ տոնով դեմ էր արտահայտվել կառավարության այն որոշմանը, որով նախատեսվում էր կառավարության պահուստային ֆոնդից 150 մլն դրամ հատկացնել Շիրակի մարզում երկրաբանական հետախուզություն անցկացնելու նպատակով: Ընդ որում, գումարի չափը հիմնավորված էր ԳԱԱ, Երեւանի Պետական համալսարանի եւ «Ատոմէներգոսեյսմոնախագիծ» ԳՀԻ-ի մասնագետներից կազմված մասնագիտական հանձնաժողովի կատարած հաշվարկներով, որոնց կցվել է եզրակացություն՝ հիմնավորելու համար այդ ծախսերի անհրաժեշտությունը: Այս ամենից բացի, կառավարությանը ներկայացվել էին թուրքական կողմում, հայ-թուրքական սահմանի հարեւանությամբ նավթի արդյունահանումն ապացուցող տվյալներ, որոնց արժանահավատությանը խիստ կասկածում է էներգետիկայի նախարարը:
Նոր հայտ
Մի քանի օր անց, «Արմինֆոն» հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կանադական «Transeuro Energy» կորպորացիան նույնպես նախատեսում է Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքներ սկսել նավթի եւ գազի պաշարների հայտնաբերման նպատակով: Ընդ որում, այս տեղեկատվությունը հաղորդել է Էներգետիկայի նախարարության նորաստեղծ Ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչության պետ Անդրանիկ Աղաբալյանը: Իսկ եթե մամուլում նման հաղորդագրություն է տարածում նախարարության վարչության պետն, ուրեմն նախարարն անպայման նախապես տեղյակ է այդ կորպորացիայի նախաձեռնության մասին: Ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչությունից մեզ հայտնեցին, որ կորպորացիան իր հայաստանյան գրասենյակը բացել է հենց նախարարության շենքում եւ մարտ ամսվա առաջին օրերից սկսելու է իր գործունեությունը:
Ըստ հաղորդագրության, Հայաստանի տարածքը բաժանված է 6 լիցենզիոն բլոկների, որոնցից յուրաքանչյուրում երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման իրավունքը պետք է ձեռք բերել, ընդ որում, եթե մեկ ընկերություն ունի այդ իրավունքը, երկրորդն արդեն չի կարող այն ստանալ: Շիրակի մարզի տարածքը առանձին լիցենզիոն բլոկ է, որի հետազոտման համար ֆինանսավորում հատկացնելու նպատակով վերը նշված մասնագիտական հանձնաժողովը կառավարությանն է դիմել առանց Էներգետիկայի նախարարության կարծիքը հաշվի առնելու: Հանձնաժողովը գործել է իր լիազորությունների շրջանակներում, քանզի Էներգետիկայի նախարարությունն ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների կառավարման բացառիկ իրավունքը ձեռք կբերի կառավարության 2003թ. ապրիլի 10-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելուց հետո միայն: Իսկ այդ փոփոխությունների շուտափույթ կատարմանը նախարարությունում խիստ հետամուտ են: Ինչեւէ։
Ըստ Ա. Աղաբալյանի, կանադական կորպորացիան նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում նույն նպատակով Հայաստանում ծախսել 10,5 մլն ԱՄՆ դոլար: Հետաքրքիր է այն փաստը, որ կանադական ընկերությունը իրավահաջորդն է այն նույն ընկերության, որը երկրաբանական հետախուզություն է կատարել Գառնի գյուղի մերձակայքում 1997-2000թթ., ինչի արդյունքում 3524 մ խորության վրա հայտնաբերվել են նավթի հետքերը միայն: Դրանից հետո դադարեցվել են աշխատանքները, ինչը պարոն Աղաբալյանը բացատրում է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության տիրոջ՝ Ալեն Պոլսենի մահվամբ: Իսկ այդ ընկերության իրավունքներն ամրագրված են դեռ 1997թ. հունվարի 27-ին ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրված պայմանագրով: Բացի Արմավիրի մարզից, կանադական ընկերությունը որոշել է հետազոտել նաեւ երրորդ լիցենզիոն բլոկը, որն ընդգրկում է Տավուշի մարզն ամբողջությամբ եւ Լոռվա մարզի տարածքի մի մասը: Այս տարածքի ընտրությունը կատարվել է ելնելով սեփական հետազոտության արդյունքներից եւ այն փաստից, որ Հայաստանի այդ տարածքը հարում է նավթով հարուստ Կասպիական իջվածքին: Ընդ որում, ընկերությունը նախապես մտադրված է եղել հետազոտություններ անցկացնել միայն Տավուշի եւ Լոռվա մարզերում, սակայն որպես այդ տարածքում գործունեություն իրականացնելու թույլտվության նախապայման` Էներգետիկայի նախարարությունն առաջարկել է աշխատանքներ կատարել նախ Արմավիրի մարզում, ինչին կանադական ընկերությունը համաձայնել է: Մինչեւ նոր պայմանագրի ստորագրումը, ըստ պարոն Աղաբալյանի, կառավարությունը պետք է իր՝ 2003թ. ապրիլի 10-ի որոշման մեջ կատարի վերը նշված փոփոխությունները: Ամենեւին էլ պատահական չէ, որ կանադական ընկերության պլանները եւ անելիքները ներկայացնում է նախարարության վարչության պետը, թեեւ դա ընկերության մամուլի ներկայացուցչի պարտականությունն է: Ներդրումների ծավալի մասին նրբանկատորեն լռություն է պահպանվում: Նշենք, որ երկրաբանական հետախուզության ոլորտն ամբողջ աշխարհում համարվում է ռիսկային՝ նավթ կամ գազ հայտնաբերվում է հորատված 8 անցքերից մեկում միայն, այդ իսկ պատճառով էլ այդ ոլորտում ներդրումներն առաջին փուլում կատարվում են միայն նախնական հետախուզության նպատակով, որոնք չեն կարող մեծ ծավալներ ունենալ: Նաեւ համոզված ենք, որ եթե ներդրումների ծավալը պատկառելի գումար կազմեր, վաղուց արդեն հայտնել էին այդ մասին՝ որքան հնարավոր է գույները թանձրացնելով:
Պարոն Աղաբալյանը, նշելով, որ Գառնիում փորված հորատանցքում նավթի միայն հետքերն են հայտնաբերել, շտապում է հավելել, որ կառավարության որոշման մեջ փոփոխություններն անելուց անմիջապես հետո Հայաստանի ողջ տարածքը պատվելու է նավթ եւ գազ որոնող հորատանցքերով, ընդ որում, նախատեսվում է այդ գործում ներգրավել նաեւ այլ ընկերությունների: