Ընդդիմությունը միասնական թեկնածու չի ունենա

10/06/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Այս Ազգային ժողովը շատ ավելի վատն է, քան նախորդը»,- նոր ԱԺ-ն երեկ այսպես գնահատեց իր պատգամավորության վերջին ժամերն ապրող Արշակ Սադոյանը: Նրա խոսքերով՝ խնդիրն ԱԺ-ից տեղափոխվել է մի կուսակցության դաշտ: «Ամեն ինչ ՀՀԿ-ն է որոշելու, եւ այդ իմաստով ԱԺ-ի դերը սարսափելի նվազել է»,- երեկ «Հայացք» ակումբում բացատրեց Ա. Սադոյանը:

Ըստ նրա, այս հարցում մեղավոր է նաեւ ընդդիմությունը, որը 2004 թվին բոյկոտեց ԱԺ նիստերը, եւ իշխանությունները տեսան, որ առանց ընդդիմության էլ կարող են «յոլա գնալ», ու դրա համար էլ «խոսացողների թիվը փոքրացրին»: Իսկ ինչո՞վ է զբաղվելու Ա. Սադոյանը, ում պատգամավորական լիազորությունների ժամկետը լրանում է այսօր ժամը 12:00-ին, երբ կսկսվի նոր ԱԺ-ի անդրանիկ նիստը: Պարզվում է՝ Ա. Սադոյանը մտադիր է «քաղաքական փորձի փոխանակման դպրոց» ստեղծել ու այդկերպ նպաստել սերնդափոխությանը՝ քաղաքական դաշտում: Իսկ մայիսի 12-ին տեղի ունեցածը նա բնորոշեց որպես «նկարովի ընտրություններ»՝ փաստելով, որ զանգվածային բնույթ էր կրում ընտրակաշառքների բաժանումը, իսկ ձայները հաշվողները հաշվում էին այնպես, ինչպես ուզում էին: Այս հարցում նրա հետ համաձայն էր «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Վերջինս փաստեց նաեւ, որ «գոնե Քոչարյանի օրոք Հայաստանում ընտրություններ չեն եղել»: Իսկ ինչո՞ւ որոշվեց, որ այս ԱԺ-ում քաղաքական գործիչների թիվը պետք է հնարավորինս քիչ լինի: Իր առաջադրած այս հարցին Ա. Ենոքյանն ինքն էլ պատասխանեց. որովհետեւ իշխանություններն այլեւս ԱԺ-ի միջոցով լեգիտիմացվելու խնդիր չունեն: Ա. Ենոքյանը նշեց նաեւ, թե այս ԱԺ-ն գծագրվել է՝ աչքի առաջ ունենալով ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունը: Ա. Ենոքյանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստի վրա, որ այսօր իր աշխատանքները սկսող ԱԺ-ն Հայաստանի առաջին խորհրդարանն է, որտեղ չի լինելու «Ղարաբաղ» կոմիտեի եւ ոչ մի անդամ: Սա, ըստ նրա, նշանակում է, որ մենք կորցրել ենք, շատ բաներ ենք կորցրել եւ միգուցե կորցրել ենք նաեւ հետաքրքրությունը Ղարաբաղի նկատմամբ: Ա. Սադոյանն էլ, խոսելով կառավարության ձեւավորման շուրջ ՀՅԴ-ի պահվածքի մասին, նշեց, թե «պարզվում է, որ հնարավոր է կիսահղի լինել», ինչպես տվյալ դեպքում ՀՅԴ-ն է: Սադոյանի համոզմամբ՝ «Ժառանգությունն» ԱԺ-ում կփորձի «որոշ ընդդիմադիր գործունեություն ծավալել», որը նրան միշտ չէ, որ կհաջողվի: Ի դեպ, Ա. Սադոյանը երեկ շատ էր խոսում քաղաքականության մեջ սերնդափոխության անհրաժեշտության մասին: Այս ծիրին մեջ նա փորձեց շահագրգռել ներկա երիտասարդ լրագրողներին՝ քաղաքականության մեջ ներգրավվելու համար: «Անձնական շահի տեսակետից քաղաքականությունը շատ ավելի ձեռնտու է, քան ցանկացած գիտություն, արհեստ: Իսկ նախագահական ընտրությունները շատ հարմար պահ են քաղաքականություն մտնելու համար»,- բացատրում էր Ա. Սադոյանը: Սերնդափոխության ջատագով Ա. Սադոյանն ու իր գլխավորած «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը ՀՀ նախագահի առաջիկա ընտրության ժամանակ սատարելու են ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանին: Սադոյանը վստահ է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս անգամ էլ չի առաջադրելու իր թեկնածությունը: Նա գտնում է նաեւ, որ «պրակտիկորեն ուղղակի հնարավոր չէ», որ ընդդիմությունը միասնական թեկնածուով մասնակցի նախագահական առաջիկա ընտրությանը: Սադոյանն էլ է այն կարծիքին, թե ընդդիմադիր միասնական թեկնածուի մասին խոսակցությունն իշխանությունների գցած «կուտն է»: Ի դեպ, նման տեսակետ է հայտնել նաեւ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Ա. Ենոքյանն էլ է կարծում, որ ընդդիմությունը միասնական չի գնա նախագահի ընտրությանը: Քաղաքագետի խոսքերով՝ իշխանական թեւում միայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ունեն քաղաքական ամբիցիաներ, իսկ մյուսներն ունեն ուղղակի բիզնես ամբիցիաներ: Ըստ Ա. Ենոքյանի, քաղաքական ամբիցիա ունեցողներն ընդդիմության մեջ են, դրա համար էլ ընդդիմությունը նախագահի ընտրությանը կմասնակցի մի քանի թեկնածուով: