Այսօր նրանց սեպտեմբերի 1-ն է

10/06/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Այսօր առավոտյան ժամը 10:00-ին կգումարվի չորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Սա այն բացառիկ ու պատմական օրերից է, երբ խորհրդարանում հնարավոր կլինի տեսնել միաժամանակ բոլոր պատգամավորներին: Դրանից հետո նրանցից շատերին մեկ էլ բախտ կվիճակվի տեսնել «խիստ կարեւոր» օրենսդրական նախագծերի քվեարկության օրը, այն էլ` կոնկրետ ժամի, որովհետեւ նման պատգամավորները սովորաբար քվեարկության են գալիս կոճակ սեղմելուց հինգ րոպե առաջ, ու քվեարկելուց անմիջապես հետո հեռանում են:

Երեկ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ի վերջո, հանձնեց մանդատները: Սակայն մինչ ԿՀԸ գնալն ու մանդատները ստանալը ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» նախագահական նստավայրում կոալիցիոն հուշագիր ստորագրեցին, իսկ ՀՅԴ-ն նրանց միացավ համագործակցության սկզբունքով: ՀՀԿ-ից նախագահական էր գնացել Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀՅԴ-ից նախագահական նստավայր էր գնացել Արմեն Ռուստամյանը, ով, ամենայն հավանականությամբ, «համագործակցության շրջանակներում» կստանա իր երազած` ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Երեկ արդեն խոսակցություններ կային, որ այս դեպքում ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ անունով են դաշնակները միացել ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, որովհետեւ իշխանությունների նպատակը դաշնակներին 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ կոալիցիային ինչ-որ ձեւով կապելն էր, որը լուծեցին՝ նրանց մի քանի նախարարի, մարզպետի եւ հանձնաժողովների նախագահների պաշտոններ տալով: Օրինակ, ՀՅԴ-ականներից երեկ մանդատներից հրաժարվեցին Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, Սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրանք «համագործակցության շրջանակներում» կպահպանեն իրենց պաշտոնները, իսկ ԱԺ նախորդ գումարման ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը, մեր տեղեկություններով, նորից կվերադառնա իր հին ու ցանկալի աշխատանքին. նա կլինի ՀՅԴ-ի միակ մարզպետը` Արագածոտնի մարզում: ՀՅԴ-ականներից մանդատներից հրաժարվել են նաեւ առողջապահության ներկայիս նախարար Նորայր Դավիդյանը, Հրաչ Թադեւոսյանը, Արագածոտնի ներկայիս մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Սպարտակ Սեյրանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Գեղամ Մանուկյանը, Աշոտ Եղիազարյանը, Լեւոն Գրիգորյանը, Մարտուն Մաթեւոսյանն ու Էթերի Սեւոյանը: Ռոմիկ Մանուկյանին, ըստ շրջանառվող լուրերի, այլեւս պաշտոն չի տրվի նույնիսկ ցածր օղակներում, իսկ Նորայր Դավիդյանն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, եւ իր վերադասը, այսինքն` նախարարը կլինի ԲՀԿ համամասնական ցուցակով ընտրված Արտյոմ Քուշկյանը:

Ըստ նորաստեղծ կոալիցիայի համաձայնագրի, ՀՅԴ-ն կարող է առաջարկել կամ հետ կանչել գյուղատնտեսության, կրթության գիտության նախարարներին եւ մեկ մարզպետին: Դաշնակցությանն են վերապահվել նաեւ ԱԺ երկու փոխնախագահներից մեկի, արտաքին հարաբերությունների հարցերով, ինչպես նաեւ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների պաշտոնները:

ՀՀԿ-ից էլ երեկ մանդատներից հրաժարվեցին բոլոր նրանք, ովքեր գործադիրում աշխատանքի անցնելու մտադրություն կամ «դաբրո» ունեն: Մանդատից հրաժարվել է Սերժ Սարգսյանը: Այսօրվա նիստում ԱԺ մեծամասնությունը նրա թեկնածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնում, ու, նա ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ կվերընտրվի Հայաստանի վարչապետի պաշտոնում: Մանդատից հրաժարվել է նաեւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, ով կշարունակի զբաղեցնել նույն պաշտոնը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար դարձյալ կշարունակի մնալ Մանուկ Թոփուզյանը: Իսկ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն, ամենայն հավանականությամբ, նույն նախարարությունում կաշխատի որպես փոխնախարար: Ասում են, Էներգետիկայի նախարարի պաշտոնը վերապահվելու է Հարություն Փամբուկյանին, սակայն, մեր տեղեկություններով, առայժմ Հ. Փամբուկյանը չի հրաժարվել իր մանդատից, որովհետեւ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ: Քաղաքաշինության ներկայիս նախարար Արամ Հարությունյանը, մեր տեղեկություններով, նշանակվելու է Բնապահպանության նախարար: Իսկ ինչ վերաբերում է Վարդան Այվազյանին, ապա նախորդ գումարման ԱԺ-ն նրա պաշտոնի հարցը լուծել է: Խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովների մասին է, որոնք «ԱԺ մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ այլեւս ոչ թե 6-ն են լինելու, այլ` 9-ը: Ի դեպ, նույն օրենքով ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կարող է մեծանալ, հասնել մինչեւ 12-ի: Եվ այսպես, մեր տեղեկություններով, ԱԺ Ֆինանսաբյուջետային, վարկային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովը բաժանվելու է երկու մասի: Մեկը կոչվելու է Ֆինանսաբյուջետային եւ վարկային հարցերով մշտական հանձնաժողով, որը կղեկավարի ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, իսկ մյուսը` Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կտրվի հենց Վարդան Այվազյանին: Մեր տեղեկություններով, նման բաժանում է լինելու նաեւ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում: Ֆինանսների նախարարությունը ղեկավարելու է Վարդան Խաչատրյանը, իսկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար առայժմ շրջանառվում է Անդրանիկ Մանուկյանի անունը: Կարինե Կիրակոսյանը դարձյալ կղեկավարի Պետական գույքի կառավարման վարչությունը:

ԲՀԿ համամասնական ընտրացուցակից դուրս եկած ռեկտորները կվերադառնան իրենց գործին: Արդեն նշել էինք, որ ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը, ով նույնպես հրաժարվել է մանդատից, կնշանակվի Կապի եւ տրանսպորտի նախարար, սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, չի բացառվում, որ «պակասություն» անելու դեպքում, կիսվի նաեւ այս նախարարությունը:

Հ.Գ.
ՀՀԿ-ն միայն համամասնական ցուցակով ԱԺ-ում կունենա՝ 41, ԲՀԿ-ն` 18, ՀՅԴ-ն` 16, «Ժառանգությունը»` 7, իսկ ՕԵԿ-ը` 8 պատգամավոր: