Ամեն անգամ, երբ ղարաբաղյան խնդրով բանակցային գործընթացն ակտիվանում է, եւ միջնորդները հայտարարում են, թե «կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խնդրի կարգավորմանը», անմիջապես զուգահեռ քննարկումներ են սկսվում, թե ինչո՞ւ առ այսօր ազատագրված յոթ շրջանները բնակեցված չեն։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն, օրինակ, հայտարարում է, թե Ղարաբաղը միայնակ ի վիճակի չէ բնակեցնել այդ տարածքները, որովհետեւ դրա համար տասնյակ-միլիարդավոր դոլարներ են պետք, իսկ ահա Հայաստանում կան բազմաթիվ օլիգարխներ, որոնք ցանկության դեպքում կարող էին յուրաքանչյուրը մի գյուղ կառուցել։
Բայց արդյո՞ք այդ տարածքները չեն բնակեցվում միայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Արդյո՞ք ուրիշ պրոբլեմներ չկան։ Իրականում պատճառները մի քանիսն են, որոնցից կներկայացնենք միայն երեք առավել կարեւորները։ Առաջին՝ ֆինանսների բացակայություն, երկրորդ՝ ապագայի նկատմամբ վստահության բացակայություն, երրորդ՝ մարդկային ռեսուրսների սակավություն։
Սկսենք ֆինանսական միջոցներից։ Նախ՝ ազատագրված տարածքները բնակեցնելն օլիգարխների (բիզնեսմենների) գործը չէ։ Որպես ի՞նչ պիտի նրանք իրենց գրպանից վճարեն համապետական ծրագրերի իրականացման համար։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ նման ծրագրերն իրականացնում է պետությունը՝ բյուջեի հաշվին, իսկ օլիգարխները պարզապես հարկերն են վճարում եւ ուրիշ ոչ մի բանի հետ գործ չունեն։ Հայրենասիրությունը լավ բան է, բայց հայրենասիրության վրա հիմնվելով պետություն չեն կառուցում, պետություն կառուցում են օրենքների վրա հիմնվելով։
Եվ ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ չի կարելի պետության ապագան կապել առանձին անհատների հետ։ Օրինակ, երբ 1997-ին ՀՀ Անվտանգության խորհրդում քննարկվում էր ղարաբաղյան խնդրի կարգավորման փաստաթուղթն ընդունել-չընդունելու հարցը, տեսակետ կար (եւ այդ տեսակետն ի վերջո հաղթեց), որ Հայաստանը կարող է տնտեսապես զարգանալ նաեւ շրջափակման պայմաններում՝ օգտագործելով Սփյուռքի ներուժը։ Նույնիսկ կոնկրետ թվեր էին նշվում. տարեկան 400-500 միլիոն դոլար։ Այդպես էլ եղավ։ Սփյուռքահայ մեծահարուստները կարգին օգնեցին եւ օգնում են Հայաստանին։ Արդյունքում՝ Երեւանի փողոցներն ասֆալտապատվում են, նորանոր հյուրանոցներ ու քոթեջներ են բացվում, եւ վերջ։ Եվ դա հասկանալի է. սփյուռքահայն ինչո՞ւ պիտի Կուբաթլիի շրջանում գյուղ կառուցի, եթե դրա փոխարեն կարող է Երեւանի կենտրոնում էլիտար շենք կառուցել ու կրկնակի-եռակի շահույթ ստանալ։ Ավելին. մասնավոր տրանսֆերտների միջոցով տարեկան Հայաստան է մտնում մոտ մեկուկես միլիարդ դոլար։ Հետո՞ ինչ։ Դրանից Ղարաբաղի վիճակը լավանո՞ւմ է, ազատագրված տարածքների բնակչության թիվն աճո՞ւմ է։ Ոչ, չի աճում։ Հետեւաբար՝ պրոբլեմը միայն ֆինանսների բացակայությունը չէ։ Հո չե՞ն կարող օլիգարխները գյուղեր կառուցել ու այնտեղ իրենց հպատակներին բնակեցնել՝ ճորտերի պես, առանց տեղաշարժի իրավունքի։
Անդրադառնանք ապագայի նկատմամբ վստահության բացակայությանը։ Այո, ազատագրված տարածքների ապագան անորոշ է, եւ քչերը կհամարձակվեն թողնել ամեն ինչ ու մշտական բնակության մեկնել այնտեղ։ Բայց Սեւանի ավազանի կամ Շիրակի մարզի ապագան հաստատ անորոշ չէ, մինչդեռ բնակչությունը Շիրակից ու Գեղարքունիքից էլ է արտագաղթում։
Հիմա՝ մարդկային ռեսուրսների սակավության մասին։ Հայաստանը տարածաշրջանի ամենախիտ բնակեցված երկիրն է։ Բնակչության խտությունը Հայաստանում կազմում է մոտ 110 մարդ՝ քառակուսի կիլոմետրի վրա, իսկ եթե հաշվի առնենք, որ մեր հանրապետության տարածքի մոտ 60 տոկոսն ընդհանրապես պիտանի չէ բնակության համար, այդ թիվը կհասնի 250-ի։ Այսինքն, եթե Հայաստանը նորմալ, դինամիկ զարգանար, եւ բնակչության արտագաղթը չշարունակվեր, ազատագրված տարածքները ինքնաբերաբար կբնակեցվեին, եւ պետությանը կմնար միայն կոմունիկացիոն հարցերը լուծել։ Իսկ հիմա այդ ամենի մասին խոսելն անիմաստ է։ Հայաստանի վաղուց կայացած-հիմնավորված գյուղերն են դատարկվում, ի՞նչ ազատագրված տարածքների ու նոր գյուղեր հիմնելու մասին է խոսքը։
Հետեւաբար, ազատագրված տարածքները բնակեցնելու միայն մի ճանապարհ կա։ Պետք է Հայաստանը գրավիչ դարձնել բնակության համար՝ որպեսզի մարդիկ այստեղ ապրեն ոչ թե այն պատճառով, որ սա իրենց հայրենիքն է, այլ որովհետեւ սա լավ երկիր է։ Հենց որ արտագաղթը դադարի, եւ բնակչությունը սկսի աճել (խոսքը ձեւական 2-3 հազարի մասին չէ), հենց որ բոլոր գործարարները սկսեն հարկերը մուծել (ոչ թե «մուծվել»), ընդամենը մի քանի տարի անց ազատագրված տարածքները կբնակեցվեն։ Իսկ եթե չբնակեցվեն, ուրեմն մեզ այդ կենսատարածքը պետք չէ. ապրելու համար Երեւանն ու հարակից գյուղերը հերիք են։