Հավատա՞մ, թե՞ չէ

10/06/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ավելի քան վստահ էի, որ ստիպված կլինեմ անդրադառնալ դպրոցական միասնական քննություններին: Հունիսի 2-ին, երբ պաշտոնապես հրապարակվեցին քննական թեստերի չորս տարբերակները, ակնհայտ էր, որ հեղինակը (կամ հեղինակները) գրագետ ու հազվագյուտ լեզվազգացողություն ունեցող մասնագետ է: Մասնագետ, ով հավանաբար նպատակ էր դրել հնարավորինս բարդ ու շփոթեցնող թեստեր կազմել: Որքանով է ազնիվ այս մղումը, դժվար է ասել: Որովհետեւ հասկանալի չէ նպատակը: Եթե Թեստավորման ու գնահատման կենտրոնը չի ստում՝ նպատակը փող աշխատելը չի եղել: Առավելագույն գնահատական ստացել է դիմորդների մեկ տոկոսը: Հանրակրթական դպրոցի ուսուցիչների ու կրկնուսույցների աշխատանքն անպտուղ հայտարարելն էլ նպատակ չի եղել: Անբավարար ստացել է դիմորդների երկու տոկոսը: Բազմաթիվ նուրբ ու բանասերին պատիվ բերող լեզվազգացողություն պահանջող հարցերից զատ՝ հեղինակն ակնհայտ ու զավեշտական սխալներ է թույլ տվել: Նախ դիտարկենք գրականության հարցերը: Միանշանակ դրական է այն, որ հայ գրականությունը վերջապես բարձրացվեց քննական առարկայի մակարդակի: Սակայն անհասկանալի է թեստային հարցերի տրամաբանությունը: Եթե այն կա, իհարկե: Թեստում այսպիսի հարց կա. «Ո՞ւմ մասին է հանճարեղ պատանի շրջասությունը»: Հնարավոր պատասխանների մեջ չորս ազգանուն կա: Հակառակի պես՝ չորսն էլ հանճարեղ պատանի են եղել: Վահան Տերյանը, Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Եղիշե Չարենցը հանճարեղ բանաստեղծություններ են գրել դեռ պատանի հասակում: Նրանցից Տերյանն է «ամենաուշը»` 23 տարեկանում հրատարակել առաջին ժողովածուն, բայց նա դեռեւս ուսանողական տարիներից արժանացել էր Ավ. Իսահակյանի գնահատանքին ու օրհնությանը: Հետո, որքան հիշում եմ, Տերյանի ոչ մի կենսագիր չի նշում, թե նա իր առաջին ( «Մթնշաղի անուրջներ») ժողովածուն մեկ օրում է գրել: Հաջորդ զավեշտը Համո Սահյանի քառատողին է վերաբերում: Այս դեպքում էլ հինգ հնարավոր պատասխաններից չորսը կարելի է ճիշտ համարել: Հեղինակներն, իհարկե, կարող են արդարանալ, որ սա առաջին ու նախադեպ չունեցող փորձ էր: Բայց այս դեպքում պիտի փորձեն հայցել նրանց ներողամտությունը, ում վրա դրել են այդ փորձը: Մյուս արդարացումը կարող է լինել այն, որ գրականությունը դժվար է ձեւայնացնել ու դարձնել թեստային հարց: Բայց այս դեպքում էլ ստիպված պիտի լինեն նոր արդարացում հորինել լեզվաբանական հարցերում տեղ գտած սխալների համար: Լեզուն ձեւայնացնելն անհամեմատ ավելի դյուրին ու հնարավոր խնդիր է: Խնդիր, որ հեղինակների ուժերից վեր է: Թեստերից մեկում այս հարցը կա. «Հույժ բառը տրվածներից որի՞ հետ կարող է բառակապակցություն կազմել»: Որպես հնարավոր պատասխաններ՝ նշված են հետեւյալ բառերը. «Հնարավոր, հարկավոր, լուսավոր, կարեւոր, մենավոր»: Հեղինակը ճիշտ է համարում միայն «հույժ կարեւոր» բառակապակցությունը: Բանասեր չլինելով, պետք է ասեմ, որ տարիներ առաջ ինձ չհաջողվեց առանց Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանի» բարձրագույն կրթության դիպլոմ ստանալ: Փոխարենը կարելի է ենթադրել, որ թեստերի հեղինակին դա հաջողվել է: Այլապես կարդացած կլիներ, որ Ա. Սուքիասյանն իր բառարանում, որն ակադեմիական հրատարակություն է, «հույժ» բառի հոմանիշ է արձանագրում «շատ» եւ «սաստիկ» բառերը: Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» «հույժ» բառը բացատրվում է նույն` «շատ» ու «սաստիկ» բառերով: Հետեւաբար դիմորդը, ով կարդացել է այս բառարանները, գրագետ մարդու հանգիստ խղճով կարող է օգտագործել «հույժ հարկավոր» բառակապակցությունը: Արեւելահայերեն խոսող բոլոր գրագետները նրան կհասկանան ու ճիշտ կհամարեն: Բացառությամբ, իհարկե, «թեստավորողների ու գնահատողների»: Բայց արեւելահայերենի նրանց իմացությունը խիստ կասկածելի է: Ոովհետեւ նրանք որոշել են, որ հայ մարդը կամ տհաճ վերաբերմունք պիտի ունենա, կամ բարեհաճ վերաբերմունք: Հեղինակները դրանցից մեկնումեկը սխալ են համարում ու հրաժարվում են բարեհաճ ու տհաճ բառերին հականիշի կարգավիճակ տալ: Նրանք ցավոք չեն նշում, թե այդ երկու բառակապակցություններից որ մեկն ապրելու իրավունք չունի: Փոխարենը հականիշների կարգավիճակ են ձեռք բերել «մեկնարկ» եւ «վերջնագիծ» բառերը: «Արդի հայերենի բացատրական բառարանը» «մեկնարկ» բառը բացատրում է՝ «Վազքի, զանազան արշավների սկսելու պահը»: Իսկ «վերջնագիծ» բառը բացատրված է այսպես. «Արագության մրցումների տարածության ավարտային գիծը` սահմանագիծը»: Ընդունեք, որ քննության պահանջը նոր հայերեն է: Ու ոչ մի կապ չունի մեր երեւելի լեզվաբանների գրած մայրենիի բառարանների հետ: Ինչ-որ մեկն իրեն թույլ է տվել ենթադրել, որ պահը կարելի է հականիշ հայտարարել գետնաքաշ գծին: Փաստորեն քննություն կազմակերպող երկարանուն կենտրոնի ձեռամբ, տրվել է ժամանակի նոր սահմանում: Փիլիսոփաները, բնագետները` հին շրջանից մինչեւ այսօր, իզուր էին փորձում ըմբռնել ժամանակի բնույթն ու իմաստը: Դա, պարզվում է, նյութական գիծ է կամ ժապավեն, որ քաշված է «արագության մրցումների տարածության ավարտին»: Էյնշտեյնը, կարծես, խոսում էր տարածության ու ժամանակի հարաբերականության մասին: Նա եթե իմանար, որ թեստի մի տարբերակում «անախորժ վեճ» բառակապակցությունն է սխալ համարվել, հաստատ, հարաբերականության տեսությունը կստեղծեր Հայոց լեզվաբանական գիտելիքի մասին: Այս առարկայից հարաբերական երեւույթ երեւակայելն իսկ անհնար է: Քերականության բոլոր դասագրքերում նշվում է, որ ընդհակառակը բառից հետո կարելի է դնել եւ՛ բութ, եւ՛ ստորակետ: «Ընդհակառակը գնալով խորացան հիացմունքը, ճշմարտությանն առնչակից դառնալու զգացումը»,- նախադասության մեջ «ընդհակառակը» բառից հետո այլեւս բութ չդնեք: Այլապես` այն երկարանուն կենտրոնը ձեզ անգրագետ կհամարի: Փոխարենը ձեզ թախանձագին առաջարկում եմ ըմբոշխնել միասնական թեստերն ընթերցելու հաճույքը: Հատկապես այն հատվածները, ուր հրամայված է «Ընտրե՛ք այն նախադասությունը, որը ճշգրիտ արտահայտում է տրված նախադասության իմաստը»: Չեք հավատա, բայց պատասխան նախադասությունն առաջադրանք նախադասությունից երբեմն ավելի երկար է: Կարդացեք ու հրաշալի մանրամասներ կիմանաք: Կստանաք գիտելիքներ միջատաբանության` մասնավորապես Նիգերիայում հանդիպող ու դողէրոցք հարուցող մոծակների դեմ պայքարում մոծակաբանների հաջողությունների մասին: Մեկ այլ թեստ բուսաբուծության մասին գիտելիքներ կտա: Թեստի այս վերջին հարցն իր բնույթով իսկապես միասնական է` ճիշտ պատասխանը գտնելու համար ավելի շուտ գիտելիքներ են պետք ծաղկաբուծությունից, քան մայրենիից: Ավելին` հեղինակները չեն էլ նկատել, որ այս հարցը կազմված է հակաթեստային տրամաբանությամբ: Բայց դե դա մանրուք է` հանրակրթական դպրոցի նման մանրուք, որի ավարտական քննությունների համար ընդմիջում չտրվեց մինչեւ միասնականի գնահատականները հայտնելը:

Հ.Գ.
Ոչ ես, ոչ էլ ընտանիքիս անդամները կրկնուսույց չենք: Հետեւաբար ինձ հետաքրքիր է հետեւել, թե հեղինակներն ինչպես են մյուս մասնագետներին բացատրելու իրենց քերականական սխալները: Շաղկապների, պարագաների, հոմանիշների ու մնացածի մասին: