Հունիսի 2-ին «Սմաթ» լաստանավը կատարեց իր առաջին առեւտրային ուղերթը եւ ռուսական Կովկաս նավահանգստից Փոթի տեղափոխեց «ՀայՌուսգազարդ» ընկերության 40 վագոն խողովակները: Լաստանավը, սակայն, հատկապես ռուսական կողմի հետ ունեցած խնդիրների պատճառով անորոշ ժամանակով կդադարեցնի իր դեռ չկանոնակարգած աշխատանքը: Լաստանավի սեփականատեր Ուզբեկստանի տրանսպորտային բեռնափոխադրումների միության նախագահ եւ գործարար Խակիմ Մատչանովն այդ խնդիրները լուծելու համար դիմել է Հայաստանի իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին:
Հիշեցնենք, որ «Սմաթը» կառուցվել է հատուկ Հայաստանի բեռները տեղափոխելու համար եւ կարող է տեղափոխել 50 վագոն բեռ: Մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, որ սեփականատեր Խ. Մատչանովը լաստանավը կառուցելուց հետո ՀՀ իշխանությունների միջոցով կարողացավ Կովկաս նավահանգստում բեռնաբարձում եւ բեռնաթափում իրականացնելու համար ձեռք բերել Ռուսաստանի իշխանությունների համաձայնությունը: Դրանից հետո 2007թ. մարտ ամսին նա եկավ Հայաստան, եւ Ա. Մանուկյանի հետ միասին հայտարարեցին, թե մեր բեռնափոխադրումների ոլորտը թեւակոխում է զարգացման նոր փուլ, որովհետեւ մենք ունենք նոր հնարավորություն, որն իր որակյալ ու էժան ծառայություններով այլընտրանք է մինչեւ օրս եղած մյուս բոլոր հնարավորություններին: Եվ ահա ապրիլ ամսին «Սմաթը» կատարեց իր փորձնական ուղերթը, մայիսին Կովկասից Փոթի անվճար տեղափոխեց «Հայկական երկաթուղու» վարձակալած 5 էլեկտրաքարշերը, իսկ անցյալ ուրբաթ կատարեց իր առաջին առեւտրային բեռնափոխադրումը եւ Փոթի հասցրեց «ՀայՌուսգազարդի» 40 վագոն խողովակները: Լաստանավը, սակայն, այլեւս չի կարող բեռ տեղափոխել, որովհետեւ Կովկաս նավահանգստից օգտվելու համար չունի ռուսական իշխանությունների թույլտվությունը: Պարզվում է` մինչ օրս եղած թույլտվությունը միանգամյա է եղել: Այժմ Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները, որոնք գործում են նաեւ Կովկաս նավահանգստում, «Սմաթին» թույլ չեն տալիս գործունեություն իրականացնել: Այդ կապակցությամբ Մատչանովը նամակ է գրել նախարար Ա. Մանուկյանին` խնդրելով երկարաժամկետ գործունեություն իրականացնելու համար ռուսական իշխանություններից կրկին համաձայնություն ստանալ: Չի բացառվում, որ այս խնդրի հետ կապված բանակցություններն իրականացվեն ոչ միայն ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության, այլ ավելի բարձր՝ ՀՀ նախագահի կամ վարչապետի մակարդակով: Բոլոր դեպքերում` խնդիրը կա եւ անհապաղ լուծում է պահանջում: Այդ լաստանավի գործունեությունը զգալիորեն կարող է թեթեւացնել Հայաստանի բեռնափոխադրողների խնդիրները եւ նվազեցնել բեռնափոխադրումների սակագները: Դեռեւս հայտնի չէ, թե ե՞րբ է Ա. Մանուկյանը ստացել Խ. Մատչանովի նամակը եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Մեր հարցումներին նախարարությունից ոչինչ չպատասխանեցին: Հասկանալի է, որ այս օրերին իշխանությունների համար ավելի հրատապ է նոր կառավարության կազմավորման հարցը: Պարզ է, որ Ա. Մանուկյանն էլ մեծամասամբ զբաղված է ապագա կառավարությունում իր տեղն ու նշանակությունը կարգավորելով: Սակայն միանշանակ է, որ Հայաստանի համար պակաս կարեւոր չէ նաեւ այս լաստանավի ճակատագիրը: Թերեւս ճիշտ կլիներ հանրությանը տեղեկացնել լաստանավի գործարկման զարգացումները, չէ՞ որ դա Հայաստանի համար ոչ միայն բիզնեսի հնարավորություն է, այլեւ ռազմավարական նշանակության հարց: Չի բացառվում, որ հայկական կողմի այդ լռությունը լավ ասելիքներ չունենալու հետեւանք է:
Եթե հիշում եք, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ չէր բացառել, որ ուրբաթ օրվա ուղերթից հետո «Սմաթ» լաստանավը որոշակի ժամանակով դադարի աշխատել: Եվ այդ «որոշակի ժամանակը» կարող է բավական երկար ձգվել, որովհետեւ բացի Ռուսաստանի թույլտվությունից կան նաեւ բազմաթիվ այլ խոչնդոտներ: Եթե նույնիսկ Ռուսաստանի համաձայնությունը դասվի տեխնիկական խնդիրների շարքին եւ համարվի ժամանակի ընթացքում լուծելի, ապա կան հարցեր, որոնք արդեն կախված են միայն Հայաստանից: Խնդիրն այն է, որ լաստանավի գործարկումը ենթադրում է վերահսկողություն: Այսինքն` հայկական կողմը պետք է իր մասնաբաժինն ունենա այդ լաստանավի մեջ, որպեսզի կարողանա հետագայում իր պայմանները թելադրել: Հակառակ դեպքում սեփականատերը ոչ միայն կսահմանի իր ուզած սակագները, այլեւ ցանկացած ժամանակ կարող է Կովկաս-Փոթի երթուղին փոխել մեկ այլ՝ ավելի շահավետ երթուղով: Լաստանավի սեփականատեր Խ. Մատչանովն այժմ պատրաստ է լաստանավի բաժնետոմսերի 45 տոկոսը վաճառել, սակայն հայկական կողմից գնորդ չկա: Այս տարվա մարտին, երբ հայտարարվում էր լաստանավի գործարկման լուրը, թվում էր, թե ՀՀ իշխանություններն ու հայ գործարարներն ամեն ինչ կանեին բաժնեմաս ունենալու համար: Հատկապես, երբ այդ բաժնեմասն ընդամենը 10 մլն դոլար է կազմում, բիզնեսի շահութաբերությունը երաշխավորված է:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ Մատչանովին, այնուամենայնիվ, հաջողվել է Կովկաս նավահանգստում եւս մեկ անգամ բեռնել «ՀայՌուսգազարդի» խողովակները: Դեռեւս հարց է` կհաջողվի՞ արդյոք բեռնափոխադրումը դարձնել շարունակական: Չի բացառվում, որ Կովկաս նավահանգիստն իր համաձայնությունը տվել է միայն այն պատճառով, որ տեղափոխվում էր «ՀայՌուսգազարդի» բեռը, իսկ «ՀայՌուսգազարդի» հիմնական բաժնետերը ռուսական «Գազպրոմն» է: Կհաջողվի՞ արդյոք Մատչանովին՝ տեղափոխել այլ բեռներ եւս, դեռ պարզ չէ: Համենայնդեպս, եթե սեփականատերն այդ հարցը կարողանար ինքնուրույն լուծել, չէր դիմի ՀՀ իշխանություններին: Ի դեպ, ավելացնենք, որ «ՀայՌուսգազարդը» մինչեւ այս տարվա վերջ պետք է ներկրի 1200 վագոն խողովակ: Տեղափոխման պատասխանատուն Չելյաբինսկի խողովակ արտադրող գործարանն է, որը բեռի մեծաքանակ լինելու պատճառով փորձում է օգտագործել երեք՝ Կովկաս-Փոթի, Իլյիչեւսկ-Փոթի եւ Ազով-Փոթի ուղղությունները: Առաջին ուղղության վրա աշխատում է «Սմաթ» լաստանավը, երկրորդ ուղղության վրա՝ 5 լաստանավ, որոնց սեփականատերը «Ուկրֆերի» ընկերությունն է: Այս երկու սեփականատերերն էլ պայման են դրել, որ խողովակները տեղափոխեն ոչ միայն Սեւ ծովի հատվածում, այլ հասցնեն մինչեւ Հայաստան: Այսինքն` խողովակների բեռնափոխադրումներից օգուտ ստանան նաեւ Վրաստանի եւ Հայաստանի տարածքներում: Այստեղ է, որ կրկին առաջին պլան է մղվում լաստանավի վրա վերահսկողություն ունենալու եւ հայկական բեռները Հայաստանի համար նպաստավոր պայմաններով տեղափոխելու հարցը: