«Այսօր Հայաստանի ներքին խնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ ընդդիմության համակարգը: Եթե համեմատենք վերջին երկու ընտրությունների ընթացքում ընդդիմության գործունեությունը, ապա իմ խորին համոզմամբ` ընդդիմությունը գնացել է փակուղային ճանապարհով»,- երեկ «Հայաստանն այսօր եւ արտաքին մարտահրավերները» թեմայով զեկույցում հայտարարել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Ըստ «Ա1+»-ի, ընդդիմության թույլ տված սխալներից նա առանձնացրել է ֆորմատային եւ դաշինքային տրամաբանությամբ առաջնորդվելը. «Միշտ համարել եմ ոչ ճիշտ, երբ կուսակցությունները փորձել են խորհրդարանի ընտրություններին գնալ դաշինքներով: Արդյունքում հայտնվել են մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր ուժեր, որոնք 2003 թվից սկսեցին փոշիանալ»: Նրա դիտարկմամբ՝ ընդդիմության թույլ տված սխալներից է նաեւ այն հայտարարությունը, թե եթե ընտրություններից առաջ ընդդիմությունը չմիավորվի, ապա կորած է. «Այդ պրոպագանդան տանում էր հենց ընդդիմությունը, եւ այդ ամբողջ ընթացքում ընդդիմությունն ըստ էության գործում էր այն շրջանակում, որը թելադրում էր իշխանությունը: Ընդդիմությունը չմիավորվեց, որովհետեւ այդպես ցանկացավ իշխանությունը»: Պարոն Շահնազարյանը, չանդրադառնալով խորհրդարանի ընտրությունների մանրամասներին, արձանագրել է. «Ոչ թե իշխանություններն են ուժեղ, այլ ընդդիմությունը ընտրության գնաց շատ հուսահատ»:
«Համաձայնություն» կենտրոնի ղեկավարը դրական է գնահատել ՀՀ քաղաքական դաշտում «Այլընտրանքի» ի հայտ գալը, սակայն անտրամաբանական է համարել «Այլընտրանքի» եւ որոշ ուժերի համագործակցությունը: «Ինձ համար անհասկանալի է «Հանրապետության», «Իմպիչմենտի» եւ «Նոր Ժամանակների» համագործակցությունը, որոնք քաղաքականապես տարբեր բեւեռներում են գտնվում: Արդյունքում այդ համագործակցությունն այնքան նեղացավ, որ մնաց միայն իշխանություն քննադատելը, որովհետեւ այլ հարցերի մասին խոսելիս նրանց հակասություններն ընդգծվելու էին»,- ասել է Դ. Շահնազարյանը: Նա գտնում է, որ ՆԺԿ-ին հաջողվեց այս ընտրական գործընթացներում լուրջ դիվիդենտներ հավաքել. «Նա երկու հարցում ապահովեց ՌԴ-ի շահը. առաջինը` ցույց տվեց, որ եթե ՀՀ-ում հնարավոր լինի գունավոր հեղափոխություն իրականացնել, ապա այն կարող են իրականացնել միայն պրոռուսական ուժերը, երկրորդ՝ ակնհայտ է, որ հասարակությունը մեծ հակակրանք ունի ՌԴ-ին հլու-հնազանդ իշխանությունների, սակայն ոչ՝ ՌԴ-ի նկատմամբ»: Դավիթ Շահնազարյանն անընդունելի է համարում նաեւ խորհրդարանի ընտրությունների շեմին նախագահի թեկնածուների առաջադրման շքերթը: Ըստ նրա, դա քաղաքականապես սխալ քայլ էր, եւ այդ շքերթը լեգիտիմացնում էր խորհրդարանի ընտրությունները, դեռ այն չավարտված:
«Վերջին տարիներին իշխանության ձեւավորած բազմաթիվ արատներ արդեն ներթափանցել են ընդդիմադիր դաշտ»,- ասել է Դ. Շահնազարյանը: Երեկ նա նաեւ ասել է. «Իսկ ի՞նչ է կատարվում իշխանության դաշտում, ինչո՞ւ չի ձեւավորվում կոալիցիան, ինչո՞ւ հանկարծ իշխանություններին ամենահլուհնազանդ ՀՅԴ-ն սկսեց ինքնուրույնություն ցուցաբերել: Իշխանություն ըլլալով՝ ընդդիմություն կխաղան: ՀՅԴ-ն շատ է ուզում, երազում է մտնել կոալիցիայի մեջ, սակայն չի ուզում պաշտպանել այսօրվա նախագահի թեկնածուին: ՀՅԴ-ն հայտարարել է, որ նախագահի ընտրություններին գնալու է իր թեկնածուով, իսկ ՀՅԴ-ի նախագահի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ առաջադրվելու նպատակ չունի՝ սխալվում է»: