Ժողովրդագրական Հայաստան

12/05/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Վերջին մեկուկես տասնամյակի արտագաղթը միայն հասարակական անհանգստության պատճառ է դարձել։ Այն պատշաճ մակարդակով վերլուծված չէ։ Պատճառը երեւի այն է, որ արտագաղթի հասարակական, ժողովրդագրական, տնտեսական բացասական հետեւանքները դեռեւս նկատելի չեն մեր կյանքում։ Ժողովրդագրական մեկ-երկու վերլուծություն իհարկե արվում է։ Դրանց հիմնական բացահայտումն այն է, որ երկրից առավելապես մեկնել է աշխատունակ տարիքի բնակչությունը։ Բայց դա մի փաստ է, որն իշխանությունները կարող էին աննկատ թողնել։ Տնտեսական ճգնաժամի պարագայում, երբ քայքայվում էր արտադրական համակարգը, աշխատունակ բնակչության առկայությունն ավելի շուտ գլխացավի բուն էր իշխանության համար։ Արտագաղթը շատ ավելի ձեռնտու լուծում էր։

Տնտեսության զարգացման այսօրվա տեմպերով, Հայաստանում աշխատուժի մեծ պակաս դեռ երկար չի զգացվում։ Իշխանություններն անակնկալի եկան, երբ երկու տարի առաջ Լինսի հիմնադրամը լայնածավալ շինարարություն սկսեց։ Նրանք հանկարծ պարզեցին, որ երկրում որակավորում ունեցող շինարարների քանակը բավարար չէ։ Թե ինչպես կլուծվեր նմանատիպ խնդիրը որեւէ այլ երկրում, դժվարանում եմ անգամ պատկերացնել։ Հայաստանյան լուծումը պարզ էր։ Որոշ իմաստով` պատմական փորձի կրկնություն։ 90-ականների սկզբին, երբ էներգետիկ ճգնաժամ էր, էներգետիկայի ոլորտում աշխատողների թիվը համարյա եռապատկվեց։ Թե որտեղի՞ց հայտնվեցին այդքան էլեկտրիկներ, դիսպետչերներ եւ այլ «լույսի մարդիկ», դժվար է հասկանալ անգամ տարիներ անց։ Հենց անհրաժեշտ եղավ, նույն մեթոդով էլ ազգովի շինարար դարձանք։ Արդյունքը, ինչպես միշտ, տխուր է` կառույցներն ու ճանապարհները քանդվում են։ Դա նկատելի է հատկապես գարնանամուտի այս օրերին։

Արտագաղթի հետեւանքների մասին խոսելիս ժողովրդագիրներն ընդգծում էին, որ Հայաստանը լքում է ոչ միայն աշխատուժը։ Աշխատունակ տարիքի բնակչության էական մասն են կազմում նրանք, ովքեր ապահովում են ժողովրդի վերարտադրությունը։ Իշխանություններն այս դեպքում էլ ձեւացրին, որ չեն ընկալում ասածը։ Ծնելիության կտրուկ անկումը հասարակությունն անմիջապես չի արձանագրում։ Այդ փաստը, տարիների ընթացքում, շարվեշարան արձանագրում են հասարակական-տնտեսական կյանքի տարբեր համակարգեր, կառույցներ։ Ծննդատներն ու մանկապարտեզները, որպես փոքր կառույցներ, այս մասին իմացան տարիներ առաջ։ Հիմա հերթը դպրոցինն է։ Դպրոցը հասարակական իմաստով ավելի ծավալուն կառույց է։ Եվ դպրոցի հետ այսօր կատարվող գործընթացներն արդեն ցցուն են դարձնում ժողովրդագրական բացասական երեւույթների հետեւանքները։

1999թ. առաջին անգամ նկատելի դարձավ, որ առաջին դասարանցիների թիվը կտրուկ նվազեց։ Աշակերտների քանակի առումով` դպրոցը նման է բուրգի։ Ամենամեծ քանակով երեխաներ սովորում են ցածր դասարաններում։ Որքան բարձր է դասարանը, այնքան քչանում է սովորողների թիվը։ Այս միտումը հատկապես նկատելի է 9-րդ եւ 10-րդ դասարաններում։ 2002-03 ուս. տարին արտառոց էր։ Դպրոցական համակարգում ամենափոքր դասարանն առաջին անգամ հենց առաջին դասարանն էր։ 1999-2000 ուս. տարին 2003-2004 ուս. տարվա հետ համեմատելիս կտեսնենք, որ Հայաստանում դպրոցականների թիվը նվազել է մոտ 85 հազար աշակերտով։ Շատ ավելի տխուր է առաջին դասարանցիների քանակական համեմատությունը։

Ժողովրդագրական ցուցանիշներն արձանագրում են, որ նվազում է նաեւ աշխատունակ տարիքից բարձր քաղաքացիների թիվը։ (Ընդ որում, նվազումը 5 տարվա ընթացքում կազմել է մոտ 100 հազար)։ Սա իր բացատրությունն ունի. աշխատունակ տարիքի բնակչությունն իրականում արտագաղթել է։ Արդյունքում, 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց խումբը դանդաղ է համալրվում։

Ժողովրդագրական տվյալներում քիչ թե շատ ըմբռնելի կարգ ու կանոն հաստատվեց 2001-ի մարդահամարի ամփոփումով։ Հայտարարվեց, որ երկիրն ունի մոտ 3 մլն 200 հազար բնակիչ։ Արժանահավա՞տ են այս թվերը, թե՞ ոչ, հնարավոր կլիներ պարզել ժողովրդագրական վերլուծություններից հետո։ Հետաքրքիր է նաեւ բնակչության տարիքային բաշխումը` ըստ երեք խոշոր խմբերի։ Պաշտոնապես աշխատունակ տարիքից ցածր խմբում կա մոտ 786 հազար երեխա, աշխատունակ տարիքում էլ` մոտ 2 մլն մարդ, աշխատունակ տարիքից բարձր բնակչության թիվը մոտ 423 հազար է։ Սրանք նորմալ, «քաղաքակիրթ» երկրներին բնորոշ ցուցանիշներ են։ Ընդամենը մեկ դիտարկում է աղտոտում պատկերը` վերջին երեք տարիներին դպրոց ընդունվող աշակերտների քանակը։ Այս վերջին ժողովրդագրական փաստը արդեն հանգեցրել է կրթական համակարգի բարեփոխումների (դրանք ավելի հայտնի են «օպտիմալացում» անունով)։ Հաջորդ էտապում ժողովրդագրական վիճակը կպարտադրի նոր բարեփոխումներ։ Ասենք` բարձրագույն կրթության եւ զինապարտության համակարգում։

Գիտության եւ կրթության նախարարությունը միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները վերականգնելու ծրագրեր է մշակում։ Քանի որ աշխատունակ տարիքին վերաբերող թվերը կարծես ստույգ չեն, եւ տնտեսությունն անգամ ՀՀ-ում գրանցված գործազրկության բարձր ցուցանիշների պարագայում արդեն որակյալ բանվորական աշխատուժի պահանջ ունի։ Փաստորեն, պետությունը սա արդեն արձանագրել է։ Իսկ թե ինչու է դա այդպես, տրամաբանական երկու բացատրություն կարող է լինել։ Նախ` երկրից արտագաղթել է աշխատուժի խոշոր հատված։ Իսկ երկրում մնացած հատվածը տնտեսական ճգնաժամի (գործազրկության) պայմաններում կորցրել է մասնագիտական որակավորումը։

Մարդահամար 2001-ի ժողովրդագրական ցուցանիշները մոտ երկու տարի ամփոփ հրապարակվել են։ Բայց, ցավոք, չկան դրանց պատշաճ վերլուծություններ եւ կանխատեսումներ։ Ժողովրդագրական պրոբլեմները Հայաստանում լուծում են ստանում միայն այն դեպքում, երբ դառնում են առօրյա խնդիր։