Առաքել գյուղի մանկապարտեզը կարող է փակվել

10/06/2007 Հասմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ռուզաննա եւ Էլեոնորա քույրերը սովորում են տարրական դասարանում: Ռուզաննան ասում է, որ դպրոցում ձանձրալի է, եւ դասերից հետո իրենք միշտ գալիս են իրենց մանկապարտեզը:

«Մեկ-մեկ էլ դասերից ենք փախչում, գալիս այստեղ»,- շշնջում է նա: Հադրութի Առաքել գյուղի «Բողբոջ» մանկապարտեզը երկրորդ տուն է ոչ միայն այս քույրերի եւ այլ երեխաների, այլեւ շատ ծնողների համար, ովքեր հաճախ են այցելում այս մանկական աշխարհը՝ թոթափելու առօրյա հոգսերը:

142 բնակիչ ունեցող գյուղում, ուր կյանքը հոսում է դանդաղ եւ միապաղաղ, իսկ երեխաները չունեն այլ զբաղմունք, քան վազել անասունի ետեւից կամ թափառել փողոցներում, մանկապարտեզի նշանակությունն ավելի է մեծանում: Մանկապարտեզը հեռվից աչքի է ընկնում պատուհանների ապակիներին փակցված վառ ծաղիկներով: Աշնանը ծաղիկներին փոխարինում են դեղին ու կարմիր տերեւները, ձմռանը՝ սպիտակ ձյունիկները: Մանկապարտեզի եւ՛ արտաքին, եւ՛ ներքին հարդարանքով երեխաները զբաղվում են դաստիարակչուհիների հետ հավասարապես:

Երեխաները «Բողբոջում» անցկացնում են ժամը 9.00-13.00-ը: 11.00-ին նրանց տալիս են թեյ եւ քաղցրավենիք: Մանկապարտեզում երկու սենյակ կա՝ կապույտ եւ վարդագույն՝ ավագ եւ կրտսեր խմբերի համար: Երեխաներին դասավանդում են մայրենի լեզու եւ տարրական թվաբանություն: «Ուսման տարվա» վերջում երեխաները կազմակերպում են այբբենարանի հանդես: Փոքրիկները նշում են բոլոր տոները, իրենց ձեռքով են պատրաստում դեկորացիաները, նկարում են, ասեղնագործում: Այգում երեխաները դաստիարակչուհիների հետ տնկել են տասնվեց մրգատու ծառ: Յուրաքանչյուր երեխա այստեղ ունի իր ատամի խոզանակը, բաժակը, հողաթափերը եւ վերնաշապիկը: Մանկապարտեզի տնօրեն Նուշիկ Ղարամանյանն ասում է, որ ոչ բոլոր երեխաներն են ապրում միեւնույն սոցիալական պայմաններում, եւ ոչ բոլոր մայրերն են ի վիճակի գեղեցիկ հագցնել իրենց երեխաներին, իսկ այսպես նրանք չեն տարբերվում միմյանցից:

Սակայն «Բողբոջ» մանկապարտեզը կարող է շուտով փակվել, եթե չգտնվեն հովանավորներ: Այն բացվել է 2003 թվականին կանադահայ բարեգործ Անի Բոյաջյանի կողմից: Մանկապարտեզը երկու տարի պետք է ֆինանսավորեր «Երկիր» հասարակական կազմակերպությունը, այնուհետեւ այն պետք է փոխանցվեր պետության հովանավորությանը: «Մենք դիմեցինք կառավարությանը, եւ մեզ պատասխանեցին, որ մանկապարտեզը ֆինանսավորել չեն կարող ֆինանսների բացակայության պատճառով,- ասում է Նուշիկ Ղարամանյանը:- «Երկրի» նախագահ Սեւակ Արծրունին շարունակեց պահել մեզ, ափսոսաց, որ նման հրաշալի մանկապարտեզը կարող է փակվել: Բայց հիմա իր ռեսուրսներն էլ են վերջացել: Սկզբում նա մեզ տալիս էր ամսական 500.000 դրամ, հետո իջեցրեց մինչեւ 200.000: Եթե հովանավոր չգտնենք, մանկապարտեզը ստիպված կլինենք փակել»:

Նմանատիպ մանկապարտեզ եղել է նաեւ հարեւան Նորաշեն գյուղում: Այն գործել է 2-3 տարի եւ փակվել ֆինանսական պատճառներով: Առաքելցի երեխաների ծնողներն ասում են, որ ցանկանում են ամեն գնով պահպանել մանկապարտեզը: Այնտեղ իրենց երեխաներն ապահով են եւ խնամված: Թե չէ` ամբողջ օրը կվազվզեն փողոցներով եւ անտառներով, որտեղ թունավոր օձեր կան:

Տիկին Նուշիկը պատմում է, որ մեկ տարի ողջ աշխատակազմն աշխատեց ամսական ընդամենը 12.000 դրամ աշխատավարձով: Հետո որոշեցին մանկապարտեզը վճարովի դարձնել՝ մեկ երեխայի համար ամսական 1500 դրամ, եւ այդպիսով գոնե ինչ-որ կերպ փոխհատուցել ծախսերը: Մանկապարտեզ հաճախում է 12 երեխա, ոչ բոլորն են ունակ վճարելու, բայց դրա պատճառով դռները նրանց առջեւ չեն փակվում: Այնպես որ, ինքնաֆինանսավորման փորձը հաջողություն չունեցավ:

Տիկին Նուշիկն ասում է, որ այնքան է օգնության խնդրանքով դիմել տարբեր կազմակերպությունների եւ անհատների, որ արդեն անհարմար է զգում:

«Հայ օգնության միությունն» էլ մերժեց մեզ, ասացին, որ իրենց օրենքներով մանկապարտեզում պիտի առնվազն 35 երեխա լինի»,- ասում է մանկապարտեզի տնօրենը: Առաջ մանկապարտեզը մեքենա ուներ, որը հարեւան գյուղերից էլ էր երեխաներին բերում այստեղ: Նոր տարուն այդ մեքենայով Ձմեռ պապն ու Ձյունանուշը շրջում էին գյուղերով եւ նվերներ բաժանում երեխաներին: Մեքենայից էլ են զրկվել ֆինանսական պատճառներով: «Բացի այդ,- ասում է տիկին Նուշիկը,- եթե մանկապարտեզը փակվի, վեց մարդ կզրկվի աշխատանքից»:

Երեք դաստիարակչուհիները ստանում են ամսական 25.000-ական, պահակը՝ 18.000, խոհարարը՝ 18.000, տնօրենը՝ 56.000 դրամ աշխատավարձ:

Ինքը՝ տիկին Նուշիկը, Առաքել գյուղից է: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ նրա ընտանիքը տեղափոխվել է Երեւան: Պատերազմից հետո Նուշիկը վերադարձել է Առաքել հոր եւ որդու հետ: «Ի՞նչ է, իզո՞ւր են այդքան արյուն թափել այս հողի վրա»,- ասում է նա: «Ես կկարողանամ ապրել այստեղ: Ես ավարտել եմ Երեւանի պոլիտեխնիկական համալսարանը եւ Ստեփանակերտի մանկավարժականը,- ասում է տիկին Նուշիկը:- Երկու բարձրագույն կրթությամբ առանց գործի չեմ մնա: Բայց մյուսներն ի՞նչ պիտի անեն»: Դաստիարակչուհի օրիորդ Լիլիթն ասում է, որ չի ուզում հեռանալ գյուղից, բայց «սոված փորով» երկար ժամանակ չես ապրի, իսկ այլ աշխատանք գյուղում իր համար դժվար թե հաջողվի գտնել: Միակ հնարավորությունը դպրոցում աշխատելն է, սակայն այնտեղ նոր կադրերի կարիք չունեն: «Ամսական ընդամենը 200.000 դրամով մենք կկարողանանք պահպանել մանկապարտեզը եւ մեր աշխատողներին, հակառակ դեպքում նրանք կարող են լքել գյուղը»,- համոզված է տիկին Նուշիկը:

www.hetq.am