Խորհրդարանական ընտրությունների պատճառով համայնքային սկանդալ է հասունացել Լոս Անջելեսում: Ընդամենը մեկ ամիս առաջ ստեղծված «Հայ քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիան» առաջիկայում բարձրացնելու է նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանի պաշտոնական պիտանելիության հարցը: Ասոցիացիայում համարում են, որ գլխավոր հյուպատոսը ոչ միայն անբավարար, այլեւ բառացիորեն անգրագետ պատասխան է տվել իրենց բարձրացրած հարցերի առնչությամբ: Այժմ ոչ թե բավարարված չեն, այլ մտահոգված են իրենց ու հյուպատոսարանի ճակատագրով:
«Հայ քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի» հիմնադիրները Հայաստանի Հանրապետության 50-ից ավելի քաղաքացիներ են: Կազմակերպության խորհրդի նախագահն է վեց տարի առաջ ՀՀ-ից ԱՄՆ տեղափոխված իրավաբան Կարո Կարապետյանը: Վերջինս ժամանակին եղել է Մասիսի շրջանի ՀՀՇ տարածքային կազմակերպության հիմնադիրն ու նախագահը, աշխատել է Հրանտ Բագրատյանի կառավարությունում՝ որպես կադրերի, ավելի ուշ` Վերահսկողության վարչության պետ: Երկար տարիների փաստաբան է, ներգրավված է եղել Աշոտ Բլեյանի պաշտպանության փաստաբանական թիմում:
Ապրիլի 16-ին ստեղծելով կազմակերպությունը, Կարո Կարապետյանը զուգահեռ սկսել է նաեւ իրավապաշտպան թեմաներով հեռուստահաղորդումներ վարել: Այս ընթացքում նա սկսել է գործակցել վերջերս Լոս Անջելես տեղափոխված հայտնի փաստաբան Տիգրան Ջանոյանի հետ: Կազմակերպությունն էլ որոշել է սատարել ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնման Ջանոյանի ակցիային: Հայտնի է, որ ՀՀ ընտրական նոր օրենսդրությամբ արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացիները չեն կարող ընտրել: Սակայն Ջանոյանն իրավական այս սահմանափակումը շրջանցելու օրենսդրական հնարավորությունը գտել է: Կարո Կարապետյանի խոսքով, արտերկրի ՀՀ բոլոր դեսպանատների ու հյուպատոսարանների տարածքը համարվում է ՀՀ սեփականություն եւ դե ֆակտո ու դե յուրե ՀՀ տարածք: Իսկ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել: Հենց այս տրամաբանությունից ելնելով` ասոցիացիան դիմել է հյուպատոսարանին՝ ներկայացուցչության շենքում ԱՄՆ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին ընտրելու հնարավորություն ընձեռելու համար: Տիգրան Ջանոյանը գրավոր դիմել է հյուպատոսարան, սակայն Կարո Կարապետյանի հավաստմամբ՝ «առ այսօր պրն Ջանոյանը գրավոր պատասխան չի ստացել»: Կարապետյանն ասում է. «Եթե մեր մասնակցությունը (արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների.- Ա.Ա.) կվտանգի մեր երկրի պետական անվտանգությունը, եթե դա կարող է լուրջ վնաս հասցնել պետությանը, ապա թող հստակ նշվեն դրանք, եւ որոշակիացնեն ընտրական իրավունքների արգելքները»: Ասոցիացիայի նախագահը դժվարանում է ասել, թե կոնկրետ Կալիֆոռնիայում քանի մարդ է զրկվել ընտրելու հնարավորությունից: Այսպիսի վիճակագրություն չկա, թեեւ «2003թ. նախագահական ընտրություններին այստեղ մասնակցել է մոտ 4000 մարդ: Բայց այժմ դեմոգրաֆիական պատկերը փոխվել է»:
Գլխավոր հյուպատոսն, այնուամենայնիվ, տեղի հայկական հեռուստաընկերություններից մեկով անուղղակիորեն պատասխանել է ասոցիացիայի բարձրացրած հարցերին: Հեռուստահարցազրույցի ժամանակ, ըստ Կարո Կարապետյանի, Արմեն Լիլոյանն ասել է, որ եթե դեսպանատները լինեին որեւէ երկրի լիակատար սեփականությունը, ապա հարուստ պետությունները կարող էին հյուպատոսարաններ բացել ու նույնիսկ թնդանոթներ տեղադրել: Իրավապաշտպանների համար այս պատասխանը առիթ է հանդիսացել, որպեսզի սկսեն գլխավոր հյուպատոսի պաշտոնական պիտանելիությունը հարցականի տակ դնելու գործընթացը: Հարցին, թե գուցե պարզապես հյուպատոսը վա՞տ օրինակ է բերել, Կարապետյանը նկատեց. «Դիվանագետի աշխատանքը նման է ականազերծողի գործին: Սխալվել չես կարող: Ականը մեկ անգամ է պայթում»:
Կարո Կարապետյանն ասում է, որ ընտրական իրավունքի վերականգնումն առայժմ առաջին, բայց միակ նախաձեռնությունը չի լինելու: Իրենց նպատակն է՝ պաշտպանել արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների իրավունքները եւ նպաստել ՀՀ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: Ասոցիացիայում պնդում են, որ իրենք քաղաքական որեւէ նպատակ չեն հետապնդում, իսկ առաջնորդն էլ արդեն վեց տարի հեռացել է հայկական քաղաքական թատերաբեմից:
Հ.Գ. ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանի հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» առաջիկա համարներից մեկում: