«Մի բան ձգում է, թե ինչն է՝ չեմ հասկանում»

10/06/2007 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը գտնում է, որ քաշաթաղցիները պետք է ունենան հատուկ կարգավիճակ:

«Այստեղ, այս պայմաններում ապրելն արդեն հերոսություն է»,- ասում է բժիշկը: Նա չի ընդունում այն փաստը, որ երբ քաշաթաղցիները բարդ վիրահատությունների համար գնում են Երեւան կամ Ստեփանակերտ, պետք է վճարեն անհավանական մեծ գումարներ: «Որտեղի՞ց քաշաթաղցուն այդքան փող, մտածո՞ ւմ են մեր իշխանավորները»,- տարակուսում է Արցախ Բունիաթյանը: Վերիշենը Քաշաթաղի շրջանի բնակեցված ամենահյուսիսային գյուղն է: Գյուղում մնացել է երեք ընտանիք: Էլեկտրաէներգիա չկա: Տասը տարի առաջ այստեղ բնակություն է հաստատել նաեւ Նալբանդյան Կարենի ընտանիքը: Մեր այցելության օրը Կարենը տանը չէր, կնոջը տարել էր հիվանդանոց: Տանը նրա երկու երեխաներն էին, հայրն ու մայրը:

«Սկզբում տղաս եկավ, տեսավ, սիրահարվեց էստեղի վրա, եկավ Երեւան, ասաց՝ գնանք Քաշաթաղ: Եկանք, տղաս այստեղ ամուսնացավ, այստեղ հարսանիքը արեցինք»,- հիշում է մայրը` Հասմիկը: Կարենի հայրը` Հրահատը, 35 տարի աշխատել է Երեւանի տեքստիլ գործարանում: Ավագ որդու առաջարկը նրա սրտով չէր, բայց, փոքրին թողնելով Երեւանում, կնոջն էլ վերցրեց, եւ եկան Վերիշենում ապրելու: «Տղաս, երբ գնում էինք ծնողներիս տուն` Արտաշատ, մի քիչ նստելուց հետո ասում էր՝ մա՛մ, գնանք, շուտ արա, հիմա էստեղ կով է կթում, անասուն է պահում ու չի կարողանում ուրիշ տեղ մնալ: Չեմ իմանում՝ ինչո՞ւ է էդպես սիրահարվել էստեղին Կարենս: Ինքն այստեղ մի տարի մենակ ապրեց, հետո եկավ մեզ բերեց: Եկանք, տեսա, ասացի. «Վա՜յ, Աստված, էս ի՜նչ տեղ է, էս ո՜ւր եմ եկել, մեքենայի վարորդին էլ ասացի՝ չգնաս, մենք պիտի հետ գնանք առավոտյան»: Երբ հասանք, գիշեր էր, լույս չկար, ոչինչ չէր երեւում: Առավոտը որ լույսը բացվեց, տեսա, ասացի՝ էս ո՜ւր եմ եկել: Ո՛չ հարեւան, ո՛չ խանութ, ոչ մի ապրելակերպ, ո՛չ հիվանդանոց: Ասաց` մա՛մ, լավ կլինի: Ճիշտն ասած՝ ուզում էինք գնալ, վեց ամիս տրանսպորտ չկար, որ գնայինք: Տղաս ասաց՝ մա՛մ, դուք ձեր ոտքով եկել եք աքսորավայր: Ձեռքներիս էլ փող չունեինք: Պատկերացրեք՝ շաբաթներով հացի երես չենք տեսել, ինչ պատահում էր, ուտում էինք: Հետո գնացինք Երեւան, մեր հարազատները մեզ որ տեսան, լացում էին, չէին ճանաչում: Ո՛չ ինձ, ո՛չ ամուսնուս: Երեւանի տղես ասում է. «Մամ ջան, պապ ջան, էս ո՞նց է պահել ձեզ ախպերս»: Մենք էլ հո չէի՞նք ասի, որ սոված էինք մնում: Մենք Երեւանում վատ չէինք ապրում, բոլորս աշխատում էինք: Իսկ այստեղ նոր ենք ստեղծել, նոր ենք ոտքի կանգնում, երեք տարի է, որ անասունները սկսեցին շատանալ»,- հիշում է Հասմիկը:

Նալբանդյանների ընտանիքն այսօր արդեն 28 կով ունի, որոնցից ութը կթու են: Կաթից պանիր են պատրաստում, վաճառում են Երեւանում, անասունները վաճառում են տեղում, երբ գնորդներ են գալիս գյուղ: Նրանք, իհարկե, դժգոհ են գնորդներից, բայց այլ տարբերակ չունեն: «Եկողները միշտ խաբում են, կշեռք չկա ո՛չ գյուղում, ո՛չ էլ մոտակայքում, աչքաչափով նայում են ու ասում քաշը, առանց ճիշտ քաշն իմանալու անասունը տանում են, միշտ վնասով ենք դուրս գալիս»,- ասում է Հրահատը:

Նալբանդյանների մեծ թոռը սեպտեմբերին դպրոց պետք է գնա, եւ նրանք ստիպված պետք է տեղափոխվեն Վերիշենից, գնան դեպի հարավ, որտեղ դպրոց կա եւ հոսանք: «Մենք արդեն սովորել ենք անլույս ապրելուն, երեխեքն են մեղք: Մեր գյուղացիք էլ երեւի էս տարի իջնեն ներքեւի գյուղերը»,- ասում է Հասմիկը: Հրահատը հիշեց, որ երեք տարի առաջ միանգամից հինգ ընտանիք հեռացավ գյուղից, երբ լուր տարածվեց, որ հողերը տալիս են: «Ոնց որ հատուկ արած լինեին, մարդիկ թողեցին, գնացին»,- հիշում է Հրահատը: Տանտիրուհին հյուրասիրեց իր պատրաստած մածունը՝ անընդհատ նշելով, որ սա Երեւանի մածունի նման չէ: Երեւանից եկած Հասմիկը ոչինչ չգիտեր, երբ տեղափոխվեց, իսկ այժմ ամեն ինչ պատրաստում է. «Հա, ոչինչ չգիտեի, որ եկա էստեղ, մեր գյուղում շատ սիսիանցիներ կային, նրանցից սովորեցի ամեն ինչ»,- ասում է Հասմիկը:

Երբ հարցնում եմ Երեւան ետ գնալու մասին, Հասմիկը պատասխանում է. «Արդեն սովորել ենք էստեղին: Երբ գնում ենք Երեւան, մտածում ենք ետ գալու մասին, կարոտում ենք մեր գյուղը: Ոնց որ մի բան ձգի, թե ինչն է՝ չեմ կարողանում հասկանալ: Միշտ մտածում եմ՝ ո՛չ այստեղ եմ ծնվել, ո՛չ մանկությունս է այստեղ անցել, բայց մի բան ձգում է, թե ինչն է՝ չեմ հասկանում»,- զարմանում է Հասմիկը:

www.hetq.am