Այս տարվա մարտի 12-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Էռնեստ Ղեւոնդյանը: Ինչպես «Հետքը» տեղեկացրել էր, վերջին երեք տարիների ընթացքում շրջանում մեծ թափ է ստացել արտագաղթը, եւ բնակչության թիվը կտրուկ նվազել է: Քաշաթաղի շրջանը ներառում է Ադրբեջանի նախկին երեք շրջանները` Լաչին, Զանգելան, Ղուբաթլի: Այսօր Ղարաբաղի բանակը վերահսկում է Ադրբեջանի նախկին յոթ շրջաններ: Պատմական Հայաստանի մաս կազմող այս տարածքներն ազատագրվել են ռազմական գործողությունների ընթացքում եւ այսօր բնակեցված են Ադրբեջանից գաղթած փախստականներով եւ Հայաստանի զանազան բնակավայրերից այստեղ տեղափոխված հայերով: Վերջին ամիսներին Ղարաբաղի կառավարությունը սկսել է առանձնակի ուշադրություն դարձնել այս բնակավայրերին, վերականգնվել են մի շարք արտոնություններ:
– Մայիսի 18-ին ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը, Բերձորում մասնակցելով Լաչինի միջանցքի բացման տասնհինգամյա տոնակատարություններին, իր ելույթում նշել է. «Մի հավատացեք այն հեքիաթին, որ Քաշաթաղը հանձնվելու է Ադրբեջանին, դա չի լինելու: Մենք այս տարածքը չենք ազատագրել, որ տանք: Մենք պետք է վերականգնենք եւ զարգացնենք Քաշաթաղը»: Որո՞նք են այս տարածքների հիմնական խնդիրները:
– Մեր նպատակը վերաբնակեցումն է: Ի՞նչ է նշանակում վերաբնակեցում մի տարածքում, որտեղ ոչինչ չկա: Նշանակում է` կառուցել ճանապարհներ, տներ, դպրոցներ, ջրագծեր, բուժհիմնարկներ, ապահովել հոսանքով, ունենալ արդյունաբերություն, վերամշակման արտադրություն: Այս ամենը պետք է լինի, որ մարդ կարողանա աշխատել, հեռուստացույց նայել, երեխային դպրոց ուղարկել: Մարդիկ արժանապատիվ կյանք պիտի ունենան: Մենք ներկայացնելու ենք համապատասխան ծրագիր, թե շրջանում քանի դպրոց պետք է կառուցվի, վերանորոգվի, որքան աշակերտ կա յուրաքանչյուր գյուղում, որքան ծախսեր են պետք այդ ամենը կարգի բերելու համար: Այսօր ամբողջ շրջանում ընդամենը երեք հիվանդանոց կա, որոնք հիվանդանոց չի կարելի համարել: 200 կմ երկարությամբ շրջանում կա ընդամենը մեկ բուժկետ: Անհրաժեշտ է ունենալ առաջին օգնության բուժական կենտրոններ, հիվանդանոցները տեղափոխել նորմալ շինություններ, ապահովել սարքավորումներով, նորմալ մասնագետներով:
– Դուք թվարկեցիք անելիքները, բայց Քաշաթաղի բյուջեով չնչին աշխատանքներ միայն կարելի է անել:
– Իհարկե, միայն պետական միջոցներով այսօր հնարավոր չէ դա անել: Կարծում եմ` Քաշաթաղի վերաբնակեցումը միայն Ղարաբաղի կառավարության պարտականությունը չէ, թեկուզ առաջին հերթին իրենն է: Ղարաբաղի միջոցները սուղ են, հարկավոր է համայն հայության աջակցությունը: Հայերը պետք է հասկանան, որ հողի վրա պետք է մարդ ապրի, որ դա դառնա իրենցը: Այո՛, բոլորս գիտենք, որ պատմական Հայաստանի հողեր են, դրա վկայությունը մեր եկեղեցիներն են, որոնց հիմնական մասը ավերել են ադրբեջանցիները, փորձել վերացնել հայկական հետքերը: Մի քանի տասնամյակ իրենց ձեռքում են եղել այս հողերը, հիմա վերադարձրել ենք եւ պետք է արագ վերաբնակեցնենք, որպեսզի այն վերջնականապես դառնա հայկական: Ես վերաբնակեցմանն այլընտրանք չեմ տեսնում, որեւէ այլ ճանապարհ չկա այս հողերը մեզ` հայերիս պահելու:
– Այսօր Հայաստան Իրաքից փախստականներ են գալիս, կամ Ռուսաստանից ուզում են վերադառնալ, Արարատյան դաշտավայրի գյուղերից են ուզում մարդիկ գալ այստեղ, կա՞ն բնակարաններ, պայմաններ, ի՞նչ արտոնություններ եք տալիս, որ մարդիկ գան: Վարկ, անասուն, հող, ի՞նչ եք առաջարկում նրանց:
– Ղարաբաղի կառավարության կողմից սահմանված որոշակի արտոնություններ, իհարկե, կան, բայց, ցավոք, դրանցով հնարավոր չէ մարդկանց վերաբնակեցնել: Տներ կառուցելու համար միջոցներ չկան: Ամեն վերաբնակչի տալիս ենք վեց հազար քմ հողակտոր, հատկացնում ենք համապատասխան կիսափուլ տուն, որը պետք է վերակառուցվի, դառնա տուն: Այդ կիսափուլ տները վերականգնելն ինքնին սխալ է, որովհետեւ ադրբեջանցիները տները կառուցել են սառեցման գոտուց բարձր հիմքերով: Ձմեռը հողը սառչում է, եւ տների պատերը տասնմեկ տոկոս ծավալի աճ են ունենում, ճաքում են, բնակարանները դառնում են անպիտան: Այնպես որ, նոր տներ պետք է կառուցել: Արտոնություններ, իհարկե, կան, բայց դրանցով հնարավոր չէ վերաբնակեցում իրականացնել: Շատ արագ լուրջ միջոցներ են պետք:
– Այսինքն` կարելի է արձանագրել, որ իրականում վերաբնակեցման ծրագիր մինչ հիմա չի եղել:
– Չէ, այդպես չի կարելի ասել: Ծրագիր գոյություն ունի, ֆինանսավորում չկա: Քաղաքաշինության նախարարությունը կառավարության կողմից հանձնարարական ունի բոլոր ճանապարհները քարտեզագրել, ծախսերը հաշվարկել, որպեսզի դրանք կառուցվեն: Նույնատիպ հանձնարարականներ են տրվել` կապված էլեկտրական հոսանքի, դպրոցաշինության հետ, բայց դրանք հեռու են իրականանալու առումով, որովհետեւ միշտ հանդիպում ենք նույն արգելքին` ֆինանսների բացակայությանը:
– Շրջանում կան տասնյակ գյուղեր, որտեղ չկա էլեկտրաէներգիա, մարդիկ տասը տարուց ավելի ապրում են առանց հոսանքի: Ամբողջ տարածքը էլեկտրիֆիկացնելու համար որքա՞ն միջոցներ են պետք, կա՞ն նման հաշվարկներ:
– Չեմ կարող ասել, այդ աշխատանքները դեռ ավարտված չեն, բայց գիտեմ, որ մեկ կմ բարձր լարման էլեկտրագծի արժեքը 1,5 մլն դրամ է: Միայն դա չէ, ոռոգման եւ խմելու ջրի խնդիրներ էլ կան բնակավայրերում:
– Գյուղերում կան ընտանիքներ, որոնք մեծ թվով անասուններ ունեն, ասենք` 15-20 եւ ավելի կով: Բայց այդ մարդիկ չեն կարողանում իրացնել կաթնամթերքը կամ միսը, այս ուղղությամբ որոշակի ծրագրեր կա՞ն:
– Այո, կա ծրագիր, եւ կա կոնկրետ մարդ, ով այդ ծրագիրը պետք է իրականացնի: Նյու Յորքից մեր հայրենակից Աշոտ Պողոսյանը Ղարաբաղի Նորագյուղ գյուղի մոտ կառուցում է սպանդանոց, եւ այնտեղ միսը պետք վերամշակվի` երշիկ, նրբերշիկ պետք է արտադրի: Քաշաթաղի երկու հատվածներում կհիմնի անասունների ընդունման կետեր, մարդիկ այստեղ իրենց անասունները կարող են հանձնել եւ տեղում ստանալ փողը: Կարծում եմ` դա կխթանի անասնապահությունը, եւ շրջանում կտրուկ կավելանա անասունների թիվը:
– Իսկ ինչո՞ւ Քաշաթաղի գյուղերն առայսօր չունեն բյուջե:
– Սկզբնական շրջանում դրանք օբյեկտիվ պատճառներ ունեին: Մարդիկ գյուղապետեր էին ընտրել, բայց հաշիվներ, կնիք չունեին: Գյուղապետերի 80 տոկոսը գյուղապետության հետ կապ չունեն, գրագետ չեն, չեն հասկանում, որ պետք է բյուջե կազմել, հաշիվ ունենալ, հարկ հավաքել, որ ձեւավորվի համայնքի բյուջեն, որպեսզի կարողանան գյուղի հոգսերը հոգալ:
– Գուցե որոշման բացակայությո՞ւնն է պատճառը:
– Կառավարության որոշում եղել է, ես հիմա իրագործում եմ դա: Գյուղապետերի նկատմամբ պատժամիջոցներ էլ եմ կիրառում, ովքեր փաստաթղթերը չեն պատրաստում, որպեսզի գոնե հաջորդ տարվանից իրենց բյուջեն ունենան: Առայժմ բյուջեներ ունեն քաղաքները, որոնք, բնականաբար, իրենց միջոցներով չեն կարողանում աշխատել եւ պետությունից դոտացիա են ստանում: Իսկ գյուղապետերն այսօր մուտքեր չունեն, որովհետեւ հաշիվ չունեն:
– Եթե սկսեք գյուղացիներից հարկեր հավաքել, դա վատ հետեւանքներ չի ունենա՞:
– Կարծում եմ` դա լուրջ խնդիր է, եւ հարցին այդպես չպետք է նայել: Գյուղացիները պետք է հասկանան, որ նաեւ իրենց հարկերով է երկիրը գոյատեւում: Գյուղացին դանդաղ պետք է սովորի պետությանը հարկ վճարելուն: Գտնում եմ, որ գյուղացիները կարող են ինչ-որ չափով հարկ վճարել:
– Չե՞ք կարծում, որ Քաշաթաղի շրջանի արտագաղթի պատճառներից մեկը ազատագրված տարածքները հետ տալու մասին խոսակցություններն են, այսինքն` հոգեբանական այս ճնշումը, չէ՞ որ, մարդկանց անընդհատ ստիպում է մտածել գնալու մասին:
– Կարծում եմ, որ դա էլ կա, իհարկե, այդ խոսակցությունները մարդկանց վրա ազդում են: Ես էլ նախագահից, վարչապետից հարցրել եմ` եթե մենք ինչ-որ տարածքներ ենք տալու, պետք է ես իմանամ այդ մասին, որպեսզի մարդկանց կարողանամ պատասխան տալ: Թե՛ նախագահը, թե՛ վարչապետը շեշտել են, որ մենք ոչ մի մետր հող չենք տալու, մենք այդ հողերը վերաբնակեցնելու ենք: Բոլորս պետք է համոզված լինենք, որ սա մեր հայրենիքի մի մասն է, իսկ հայրենիքը տալու-չտալու մասին խոսք չի կարող լինել:
– Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում: Հնարավո՞ր չէ դրանք համակարգել:
– Շրջանում, իսկապես, կազմակերպությունները մեծ գործ են անում, եւ դրանք կարեւոր են, բոլորն էլ էական ազդեցություն են ունենում բնակավայրերի վրա. «Թուֆենկյան հիմնադրամը» խաղողի այգիներ է վերականգնում, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը մշակութային կենտրոն է բացել Քարեգահ գյուղում եւ բնակիչներին կովեր է տրամադրում էստաֆետ հիմունքով, «Հայ օգնության միությունը» մանկապարտեզներ է կառուցում եւ ֆինանսավորում, «Ագապեն»` մեկ այլ բան եւ այլն:
«Ղարաբաղ Տելեկոմը» վերջերս Բերձորի հիվանդանոցին նվիրեց շտապօգնության մեքենա, հիմա քաղաքին աղբի մեքենա է նվիրել, այս տարի պետք է կառուցի տասը բնակարան: Որոշել ենք այս աշնանը Բերձոր հրավիրել բոլոր այդ կազմակերպություններին, գործարարներին, ովքեր կուզենան այստեղ աշխատել, որպեսզի համատեղ որոշենք եւ իրականացնենք ծրագրերը: Սա բոլորիս գործն է, ամեն մեկս մի բան պետք է անի, որ պետությունը կարողանա իրականացնել վերաբնակեցման ծրագիրը: Մենք դատապարտված ենք դա անելու, այլընտրանք չկա:
www.hetq.am