Թույլատրված ինքնաբուժություն

12/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Ինչպե՞ս պայքարել գարնանային տկարության դեմ: Ինչպե՞ս ձերբազատվել վատ տրամադրությունից եւ հավատալ, որ կյանքը շարունակվում է: Նախ եւ առաջ, պետք է հիշել, որ բուն պատճառը օրգանիզմի հյուծվածությունն է, վիտամինների պակասությունը, ուստի երեխաներին, ծերերին, ծանր ֆիզիկական եւ մտավոր աշխատանք կատարողներին հարկավոր է լավ սնվել՝ օրաբաժնում ներառելով որքան հնարավոր է շատ կաթնամթերք, հատկապես` թթվասերը կաթնաշոռի հետ, ցիտրուսային մրգեր, տավարի լյարդ: Մսեղենը եւ ճարպոտ ուտեստներն ավելի լավ է սահմանափակել: Շատ օգտակար է թթու դրած կաղամբը, ընդեղենը, կանաչեղենը, մրգաչրերը: Ի վերջո, կարելի է եւ նույնիսկ անհրաժեշտ է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդունել վիտամինային կոմպլեքս: Զբոսանքը եւս լավ միջոց է կազդուրվելու, տրամադրությունը բարձրացնելու համար: Եվ, ամենակարեւորը, մի մոռացեք, որ գարունը նորացման շրջան է, կյանքը նորովի սկսելու հնարավորություն տարին մեկ անգամ է ընձեռվում: Մռայլ մտքերի տրվելու փոխարեն, ավելի լավ է դեն նետել բոլոր նիհարեցնող դիետաները, կուշտ փորով հաց ուտել, շարունակել ապրել ու թույլ տալ ապրել մտերիմներին, ովքեր, ի տարբերություն ձեզ, գարնան պրովոկացիաներին չեն ենթարկվում: