Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դատապարտել է 2,5 տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարի փորձաշրջանով: Դատարանը լրագրողին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին մասով (յուրացում եւ վատնում) եւ 178-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (խարդախություն): Շամշյանին ներկայացվել էր մեղադրանք Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, քաղաքացի Զոհրաբ Ղազարյանի 250 հազար դրամը շորթմամբ հափշտակելու համար, սակայն դատարանի վճռով արարքը վերաորակավորել էր 179-րդ հոդվածի առաջին մասով: Դատարանը հիմնավորված է համարել նաեւ նույն Զոհրաբ Ղազարյանի 35 հազար դրամը խարդախությամբ հափշտակելու մեղադրանքը: Դատարանը վճռել է Զ. Ղազարյանի օգտին Գ. Շամշյանից բռնագանձել 200 հազար դրամ: Դատավճռի հրապարակումից հետո Շամշյանը պնդել է, որ ինքն անմեղ է, սակայն ասել է նաեւ, որ, ամենայն հավանականությամբ, չի բողոքարկի դատարանի վճիռը: Նա հավելել է, որ շարունակելու է աշխատել «նույն ոգով», հանդես է գալու սուր քննադատական հրապարակումներով: «Միանշանակ շարունակելու եմ: Ես սիրում եմ այդ մասնագիտությունը: Թերություններ եթե տեսնեմ թե՛ Դատախազության համակարգում, թե՛ Ոստիկանության, թե՛ Ազգային անվտանգության ծառայության, թե՛ քաղաքային իշխանությունների՝ լուսաբանելու եմ ավելի ակտիվ: Ոչ էլ վախենալու եմ»,- ասել է Գ. Շամշյանը: Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ լրագրողը Հայաստանում քրեական հետապնդման է ենթարկվում ու դատապարտվում: Առաջինը «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն էր, ով դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: Եթե իշխանությունները պահպանեն այս տեմպերը, շուտով լրագրողներին հալածելու եւ հետապնդելու ասպարեզում Հայաստանը կարող է հասնել հարեւան Ադրբեջանին եւ անցնել նրանից: