Նոր կառավարության կազմի ձեւավորման շուրջ բանակցությունները շարունակում են ընթանալ խստագույն գաղտնիության պայմաններում։ Բայց քանի որ խոսքն ընդամենը ժամանակավոր կառավարության մասին է, մնում է ենթադրել, որ իրականում բանակցությունների բուն թեման 2008-ի նախագահական ընտրություններն են։ ՀՅԴ-ն կհամաձայնի՞ «նաղդ» վերցնել իշխանության մի մասը, թե՞ ռիսկի կգնա՝ ձգտելով 2008-ին միանգամից ամբողջը վերցնել։ Այսպես թե այնպես, կուսակցության ներսում «պրագմատիկների» եւ «ռոմանտիկների» պայքարը շարունակվում է։ Այս դեպքում փոխզիջումային տարբերակներ չկան՝ հնարավոր չէ միաժամանակ եւ՛ կառավարության մաս կազմել, եւ՛ հանդես գալ ընդդիմադիր դիրքերից։ Կույս մնալու եւ միաժամանակ հաճույք ստանալու քաղաքական փորձերը, որպես կանոն, ձախողվում են, եւ արդյունքում ո՛չ առաջինն է հաջողվում, ո՛չ երկրորդը։