Հին ընկերները խոսքը փոխում են ժամառժամ

03/06/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Քաղաքական կոալիցիա ձեւավորելու գործընթացն ու դրա շուրջ ընթացող բանակցությունները ձգձգվում են բացառապես ՀՅԴ «նազուտուզի» պատճառով: Դա այլ կերպ հնարավոր չէ անվանել, քանի որ ՀՅԴ-ն բանակցություններ վարելուց հետո գնում-մտածում ու գիշերն ասում է` չէ, իսկ առավոտյան նորից սկսում է եզրեր գտնել բանակցությունները շարունակելու համար: Եվ այսպես ՀՅԴ-ն անում է գրեթե ամեն օր:

Օրինակ, երեքշաբթի գիշերը ՀՅԴ-ն եւս մեկ անգամ հայտարարել է, որ իրենք չեն միանալու ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» կոալիցիային, իսկ երեկ նորից մարդ-միջնորդ էր ման գալիս` ՀՀԿ-ի առաջին դեմքին` Սերժ Սարգսյանին հասցնելու համար, որ ՀՅԴ-ն պատրաստ է շարունակելու բանակցությունները: Իսկ բանակցություններին ՀՅԴ-ի կողմից մասնակցում է հիմնականում Հրանտ Մարգարյանը: Մեր աղբյուրների հավաստմամբ, կոալիցիային մաս կազմելուն ՀՅԴ-ից դեմ են հիմնականում Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը: Նույն աղբուրի պնդմամբ, վերջինս դեմ է կոալիցիային ՀՅԴ մասնակցությանը միայն այն պատճառով, որ դա կարող է վերջ դնել իր` ՀՅԴ-ի կողմից նախագահի թեկնածու դառնալու ցանկությանը: Բայց ամեն ինչ` հերթականությամբ:

Այս օրերին տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, թե, ի վերջո, ինչու չի հայտարարվում կոալիցիոն կառավարության մասին, մանավանդ, որ այդ մասին իր «հեղինակավոր» կարծիքն արդեն արտահայտել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը` ասելով, թե որքան շատ ուժեր ընդգրկված լինեն այնտեղ, այնքան լավ: Իրականում, «Բարգավաճ Հայաստանը» վաղուց արդեն իր համաձայնությունը տվել է` առանց մեծ հավակնությունների: Այսինքն` նա պայմաններ ու պահանջներ չի ներկայացրել քաղաքական մեծամասնություն կազմող ուժին` հասկանալով, որ` առանց իրենց էլ ՀՀԿ-ն կարող է հանգիստ ձեւավորել գործադիր մարմինն ու առանց խոչընդոտների իր նախագծերն անցկացնել խորհրդարանում: ՀՅԴ-ն էլ է սա հասկանում, բայց ուզում է հնարավորինս «ծանր» պահել իրեն ու միանգամից չհամաձայնել այն ամենին, ինչ իրեն կառաջարկի ՀՀԿ-ն: Մի խոսքով` ՀՅԴ-ն ուզում է ցույց տալ, որ իրենք հեշտ համոզվողներից չեն, ու ամենակարեւորը` իբր գաղափարական կուսակցություն են, եւ պետք է գցեն-բռնեն` համաձայնե՞ն ՀՀԿ առաջարկներին, թե՞ ոչ: Սրանով, սակայն, ՀՅԴ-ի գինը չի բարձրանում, եւ սա ամենեւին էլ չի նշանակում, թե այս պահվածքի համար ՀՅԴ-ին մեկ կամ երկու պորտֆել ավելի է տրվելու: Իրականում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՅԴ-ն անընդհատ ՀՀԿ-ին սպառնում է, թե կոալիցիայում լինելն ամենեւին էլ չի բացառում, որ իրենք 2008թ. նախագահական ընտրություններին հանդես են գալու սեփական թեկնածուով: ՀՀԿ-ում դեմ են ՀՅԴ պայմանին` ասելով, թե իրենք թույլ չեն տա, որ ՀՅԴ-ն շարունակի իշխանական ռեսուրսներից օգտվել, փողեր կուտակել, որպեսզի դրանք վաղը` նախագահական ընտրությունների ժամանակ իր դեմ օգտագործի: Իսկ ՀՅԴ-ում էլ ասում են, թե իրենց Բյուրոյից շրջաբերական են ստացել, որ իրենք 2008թ. հանդես են գալու սեփական թեկնածուով: Իսկ ՀՅԴ-ի այս պայմանին, ինչպես արդեն նշեցինք, ՀՀԿ-ն համաձայն չէ, եւ թույլ չի տա, որ կոալիցիոն իր 9 ամիսների գործընկերը 9 ամիս իր կառավարությանը մաս կազմի, ու հետո հայտարարի, թե իրենք սատարում են ոչ թե իրենց կոալիցիոն գործընկերոջը, որն իրենց իշխանությունում աշխատելու հնարավորություններ է տվել, այլ՝ ունի իր սեփական թեկնածուն: ՀՀԿ-ում սա համարում են աբսուրդ, ու ՀՅԴ-ին զգուշացնում են, որ եթե նրանք մի քիչ էլ շարունակեն «խաղեր տալ», ապա նրանց ոչինչ էլ չի հասնի: ՀՀԿ-ում պարբերաբար հիշում ու նաեւ հիշեցնում են ՀՅԴ-ին, թե ինչպիսի անվստահելի ու «անպատասխանատու» կոալիցիոն գործընկեր են եղել նրանք մինչ օրս, որ անընդհատ սպառնում ու հայտարարություններ էին անում, թե իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում այս կամ այն կարեւոր քայլի համար, եւ այլն:

Կոալիցիոն այս բանակցությունների համար ՀՅԴ-ն նույնիսկ դրսից է իր ընկերներին կանչել: Նրանք էլ` սկզբում համաձայնել են մաս կազմել կոալիցիային` խոստանալով, որ 2008-ին նախագահի սեփական թեկնածու չեն առաջադրելու, հետո` փոշմանել են: Այս առնչությամբ ՀՅԴ-ի ներսում էլ լուրջ հակասություններ կան ընկերների միջեւ: Բանն այն է, որ այսօր նախարարական պորտֆելներ ունեցող դաշնակցականները խիստ դժգոհ են իրենց դաշնակցական ընկերներից, որոնք չուզողություն են անում նաեւ իրենց նկատմամբ, ու անիմաստ տեղը քար են գցում նաեւ իրենց բախտի վրա: Նույնիսկ խոսակցություններ կան, որ դաշնակցական նախարարները պատրաստ են անգամ հանուն պաշտոնի լքել Դաշնակցության շարքերը, եւ երաշխիք ունենալու դեպքում, որ Սերժ Սարգսյանն իրենց առանց ՀՅԴ-ի կպահի նախարարի պաշտոնում՝ իրենք հաստատ դուրս կգան ՀՅԴ-ից: ՀՅԴ Բյուրոն էլ է այս մասին գլխի ընկել, եւ դրանից խուսափելու համար, ասում են, Սերժ Սարգսյանին նույնիսկ առաջարկել են պահել իրենց երկու նախարարներին` Լեւոն Մկրտչյանին եւ Աղվան Վարդանյանին, իսկ իրենք, ինչպես արդեն մի անգամ արել են մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանի դեպքում, կսառեցնեն նրանց անդամությունները ու այդպիսով ՀՅԴ-ն նրանց համար պատասխանատվություն չի կրի եւ չի համարվի կառավարության գործունեության պատասխանատու քաղաքական ուժերից մեկը: Բնականաբար, Սերժ Սարգսյանը մերժել է դաշնակների այս առաջարկն ու հայտարարել է, որ իրենք կարող են առանց ՀՅԴ-ի էլ նորմալ աշխատել խորհրդարանում ու կառավարությունում, եւ, որ իրենք ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմեն միայն այն դեպքում, եթե ՀՅԴ-ն հայտարարի, որ 2008-ին հանդես չի գալու սեփական թեկնածուով: Ի դեպ, լուրեր կան նաեւ, որ ՀՅԴ-ում, որպես նախագահի հավանական թեկնածուներ (բացի Վահան Հովհաննիսյանից, քանի որ նրան ընդդիմությունը որպես միասնական թեկնածու երբեք չի ընդունի), ում կսատարի ՀՅԴ-ն, տեսնում են նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին (եթե նրա թեկնածությունը գրանցեն) եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին: Վերջինիս ՀՅԴ-ն կսատարի այն դեպքում, եթե նա դառնա ընդդիմության միասնական թեկնածուն: Այս տարբերակը ՀՅԴ-ն «զապաս» է պահում եւ այս մասին կհայտարարի միայն այն բանից հետո, եթե Սերժ Սարգսյանին համոզի կոալիցիայի մաս կազմել` առանց պարտավորվածության, որ 2008-ին պաշտպանելու է իր թեկնածությունը: ՀՅԴ-ում էլ են հասկանում, որ իրենց, այսպես ասած, շեֆերի ախորժակը շատ մեծ է, եւ, որ նրանց պայմանին ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ` շարքային հանրապետականը չի համաձայնի: Դրա համար էլ ՀՅԴ շարքերը սկսել են խմբերի բաժանվել. մի խումբը ցանկանում է, որ ՀՅԴ-ն ընդհանրապես մաս չկազմի կոալիցիային ու հրաժարվի նախարարների, փոխնախարարների ու մարզպետների երկու-երեք պաշտոններից, մի մասն էլ գտնում է, որ ՀՅԴ-ի հույսերը, թե 2008-ին կկարողանան հաջողության հասնել` անհեռանկարային են, եւ, որ դրանից հետո ՀՅԴ-ի հետ ոչ միայն բանակցությունների չեն նստելու, այլեւ այնպես են անելու, որ ՀՅԴ-ն դառնա ամենավերջին քաղաքական ուժը:

Ի դեպ, երեքշաբթի օրը հերթական բանակցություններից հետո, երբ դաշնակցական Հրանտ Մարգարյանը ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին ասել է, թե իրենք կոալիցիայի մաս չեն կազմելու, «Ազատությանը» հարցազրույց էր տվել, որտեղ դարձյալ սեթեւեթում էր` ասելով, թե իրենք դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել: Հարցին, թե`կարո՞ղ է մաս կազմեք իշխանությանը, բայց հետո սեփական թեկնածուով հանդես գաք ու չպաշտպանեք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Հրանտ Մարգարյանը պատասխանել է. «Այո, ամեն ինչ հնարավոր է: Նման պայմանավորվածության ձեւն ինքնըստինքյան սխալ է: Մենք անկախ կուսակցություն ենք, ինքնուրույն կուսակցություն ենք, ինչպես որոշենք՝ այնպես կառաջնորդվենք: Մենք չենք կարող կուսակցական այդ անկախությունն ինչ-որ պայմանավորվածության զոհ դարձնել»: Այնպես որ` կառավարության կազմը ՀՅԴ-ի պատճառով է, որ չի հստակեցվել մինչ օրս: Դրանով է պայմանավորված նաեւ խորհրդարանի պատկերը, որովհետեւ միայն կոալիցիայի անդամների հստակեցումից պարզ կդառնա, թե որ կուսակցության ցուցակից քանիսն են գնում գործադիր եւ քանիսն են նրանց հաշվին ցուցակով մտնում խորհրդարան:

Հ.Գ.
Երեկ ժամը 15:00-ին ՀՅԴ ներկայացուցիչներին` Հրանտ Մարգարյանին եւ Արմեն Ռուստամյանին, իր նստավայր է կանչել Ռոբերտ Քոչարյանը` բացատրություններ ստանալու համար, թե ինչու են այդքան երկար «առեւտուր» անում, երբ ակնհայտ է, թե իրենց հասանելիքն ինչ ու ինչքան է լինելու: Մեր աղբյուրների հավաստմամբ, Ռոբերտ Քոչարյանն այդ հանդիպման ժամանակ ՀՅԴ-ին հասկացրել է, թե ինչ չափի ախորժակ նրանք կարող են ունենալ, ավելին չակնկալելու զգուշացումով: ՀՅԴ-ն խոստացել է պատասխանել ամենաուշը 1-2 օրից: Այսօր կամ վաղը տեղի կունենա ՀՅԴ ԳՄ նիստ, որտեղ վերջնական որոշում կկայացվի: