Համակարգի լամքը

03/06/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Երբ նախագահի աշխատակազմին մոտ գտնվող մարդկանց հարցնում ես, թե ինչո՞ւ է հանիրավի ձերբակալված նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, զարմացած թոթվում են ուսերն ու ասում, թե դա ամենից քիչ նախագահին է ձեռնտու։ Անգամ եզրակացնում են, որ այդ ձերբակալությունն ուղղված է նրա դեմ՝ իբր ազատական ղեկավարի իմիջը փչացնելու նպատակով։

Երբ նույն հարցը տալիս ես հանրապետականներին մերձ կանգնած մարդկանց, նույն անկեղծությամբ զարմանում են՝ դա ամենից քիչ Սերժ Սարգսյանին է ձեռնտու, եւ բացատրում, որ ընտրություններին նախորդած ձերբակալությունը մտածվել եւ արվել է Հանրապետականի ազատ, արդար, թափանցիկ հաղթանակի վրա ստվեր գցելու նպատակով։ Երկուսին էլ հավատալ կարելի է, եթե հարցը վերլուծում ես մարդկային տրամաբանությամբ։

Իսկապես, պաշտոնավարման ժամկետի ավարտից ինը-տասն ամիս առաջ նախագահ Քոչարյանի ինչի՞ն է պետք այս աղմկոտ ու անհեռանկար գործը։ Ի՞նչ է սա տալու նրան, կամ ի՞նչ կկորցներ, եթե Արզումանյանը մնար ազատության մեջ։ Չէ՞ որ ինքն էլ շատ լավ գիտե, որ 50 հազար դոլարով հեղափոխություն չես անի։

Սերժ Սարգսյանին էլ պետք չէ։ Ինչի՞ն է պետք առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ունենալ բանտում մեկին, ում քրեական հանցագործություն սոսնձելը դժվար է, եւ ում կենսագրությունն անընդհատ զգացնելու է քաղաքական բանտարկյալի առկայությունը մի երկրում, որը վերջերս հազիվ է խաբել Արեւմուտքին, թե ունակ է ընտրությանը մոտ ինչ-որ բան կազմակերպելու։

Ալեքսանդր Արզումանյանը հիմնադիրն է «Անհնազանդություն» շարժման, որը մի քանի ժողով է անցկացրել եւ մի քանի ոչ մարդաշատ ցույց է կազմակերպել՝ իշխանություններին անհանգստանալու առանձնահատուկ առիթ չտալով։ Բայց մեր իշխանությունները շատ ուշադիր են բառերի նկատմամբ։ Մի առիթով գրել եմ, թե ինչու Քոչարյանը փակեց Արտաշես Թումանյանի «Նոր երկիրն» ու նախապատվությունը տվեց Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանին»։ Պատճառն ընդամենը բառերի ու ձեւակերպումների մեջ էր։ «Նոր երկիրն» ակնարկ էր, թե Քոչարյանի երկիրը լավը չէ, իսկ «Բարգավաճը» քոչարյանական «ձեռքբերումների» շարունակության խոստում է։

Այդպիսի բծախնդրությամբ էլ նրանք նայում են «Անհնազանդություն» շարժմանը, որը լինելով քաղաքական, ըստ էության, չունի իշխանություն վերցնելու նպատակակետ։ «Անհնազանդությունը» մի վիճակ է, որից կարող են սկզբնավորվել քաղաքական նոր հոսանքներ։ Մեծ հաշվով անհնազանդություն էր նաեւ 88-ի համազգային շարժումը, որի մասնակիցներն՝ Ազատության հրապարակ գալով, առաջին հերթին իրենց դուրս էին դնում սովետական ապրելակերպի պայմանականություններից եւ հետո միայն հստակեցնում այս կամ այն նպատակը՝ «Միացում», «Անկախություն» եւ այլն։

«Անհնազանդության» վտանգը հասկանալու համար բավական է միայն ուսումնասիրել անցած ընտրությունների թվային պատկերը։ Հայաստանի ընտրության իրավունք ունեցող 2.3 միլիոն քաղաքացիներից մոտ մեկ միլիոնը չի մասնակցել օրենսդիր իշխանության ձեւավորմանը։ Արեւմուտքում սա շատ բնական կարող էր լինել, մեզ մոտ, սակայն, չմասնակցելը ոչ թե անտարբերություն է, այլ վերջին տասնամյակում իշխանության պարտադրած պայմանականությունից ազատ վիճակ։ Սա էլ հենց «Անհնազանդություն» շարժման չկազմակերպված ռեսուրսն է, որից վախենալու պատճառ իշխանություններն իսկապես ունեն։

Այսուհանդերձ ո՞վ է տվել Ալեքսանդր Արզումանյանին ձերբակալելու հրամանը՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը։ Կարող եմ վստահաբար ասել, որ նրանցից ոչ մեկն անմիջականորեն չի կարգադրել։ Այդ օրերին նրանք ժամանակ էլ չունեին նման բաներով զբաղվելու։ Դա արել է նրանց ստեղծած համակարգը, որն արդեն բավական երկար ժամանակ աշխատում է ավտոպիլոտ ռեժիմով։

Երբ ծանոթանում ես սովետական ժամանակաշրջանի այլախոհների գործերին, հասկանում ես, որ Բրեժնեւը, Անդրոպովը, Սուսլովը կամ մի ուրիշ սովետական պաշտոնյա անձամբ չի կարգադրել ձերբակալել այս կամ այն այլախոհին։ Ավելին՝ մտածում ես, որ նրանք գուցե այնքան ողջախոհություն ունենային, որ բանտերը չլցնեին տանն արգելված գիրք պահող կամ պատին մի թռուցիկ փակցնող մարդկանցով, եւ գուցե հասկանային, որ այդ մարդիկ քաղաքական գործիչներ են ոչ թե մինչեւ, այլ հետո՝ բանտում։ Համակարգն էր ստեղծում սիբիրյան ճամբարներն ու աքսորավայրերը, որպես իր իսկ պարտադիր ատրիբուտ, որովհետեւ մենատեր իշխանությունն այլությունը դիտում էր իբրեւ անհնազանդություն, իսկ անհնազանդությունն ավելի վտանգավոր էր, քան համաշխարհային իմպերիալիզմը։

Մեզ մոտ էլ նույնն է։ Որքան իշխանությունը կենտրոնանում է մեկ ուժի ձեռքում, այնքան համակարգն ինքնուրույն է դառնում։ Ու թեեւ նախագահը կամ վարչապետն անմիջականորեն չեն կարգադրում ձերբակալել այլության մեջ կասկածվող այս կամ այն մարդուն, բայց չեն էլ կարող կանխել։ Ի՞նչ պիտի ասեն, պիտի բարկանա՞ն, որ համակարգն իրենց սպառնացող վտանգ է հայտնաբերել ու չեզոքացրել։ Չէ, չեն բարկանա, որովհետեւ բարկությունը կարող է համակարգ փլուզել։