Վերջին տարիներին մեր բառապաշար նոր բառեր են մուտք գործել: Դրանցից ամենահաճախ օգտագործվողը, թերեւս, «աստղ» բառն է, իր տարատեսակ ածանցյալներով` սուպերաստղ, մեգաաստղ, հայ սուպերսթար, երկու աստղ, քաղաքական աստղ եւ այլն:
Բանն այնտեղ է հասել, որ շատ-շատերն արդեն «աստղ» բառի իսկական իմաստը պարզապես չգիտեն: Գիտության մեջ «աստղ» բառի սահմանումը հետեւյալն է` էներգիայի հզոր աղբյուր հանդիսացող, լուսատու երկնային մարմին: Պարզաբանեմ: Օրինակ, արեւը աստղ է: Իհարկե, հայերին բնորոշ` «հորս արեւ» կամ «մորս արեւ» արտահայտությունների հետ աստղը որեւէ կապ չունի: Մարդկության պատմության մեջ հայտնի են բազմաթիվ աստղեր` հրեական Դավիթի աստղը, որը պատկերված է Իսրայելի պետական դրոշի վրա, Խորհրդային Միության աստղը, եւ այլն: Պատահական չեն նաեւ «երջանիկ աստղի տակ է ծնվել» կամ «աստղով երեխա» արտահայտությունները: Վերադառնալով «աստղ» բառի կենցաղային իմաստին, պետք է նշել, որ, որքան էլ ցավալի է, սակայն, Հայաստանում այսօր կան միայն էստրադային եւ քաղաքական «աստղեր»: Ընդ որում, թե առաջին, եւ թե երկրորդ դեպքում դրանք ավելի շատ «աստղիկներ են», քանի որ սովորաբար աստղերին կարելի տեսնել երկրագնդի յուրաքանչյուր կետից: Իսկ մեր աստղիկները տեսանելի են միայն հայերի նեղ շրջանակի համար:
Բայց Եվրախորհրդի անդամ եւ Եվրամիություն ձգտող հայերը չեն կարող չմասնակցել համաշխարհային պրոցեսներին: Այդ պրոցեսներից ամենավառ արտահայտվածը գլոբալիզացիան է: Մեծ հաշվով հայերին այս պրոցեսը շատ հոգեհարազատ է, քանզի մերոնք միշտ էլ տառապել են գիգանտամանիայով: Սկսած «ծովից ծով Հայաստանից» եւ վերջացրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 370 հազար անդամներով՝ գալիս են հաստատելու վերոնշյալ միտքս: Այս առումով հայերին այսօր ավելի շատ պետք է դուր գան «համաստեղությունները», քան բուն «աստղերը»: Եվ եթե շոու-բիզնեսում դուետները կամ «Չորս տարբերակներն» արդեն կարող են համարվել համաստեղություն, ապա քաղաքականության մեջ համաստեղությունները նոր հասկացողություն են: Ցավալին միայն այն փաստն է, որ հայաստանյան քաղաքական դաշտում այսօր ավելի հաճախ հանդիպում ենք կենդանակերպի համաստեղությունների, իրենց բնորոշ կենդանակերպի նշաններով: Դրա վառ օրինակ են «Խոյերը», որոնք ընտրություններից հետո կարող են հանգիստ գնալ արածելու, որովհետեւ նրանց մոտ այլեւս դժվար թե հյուր գա, որ նրանք կարողանան թեյ խմել: Արեւմտամետ «Կույսերը» հանգիստ կարող են հաճույք ստանալ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ նրանք «տեր են» իրենց 5 տոկոսին: Աստղերը հուշում են, որ նախագահական ընտրություններից հետո «Առյուծների» կյանքը կարող է 180 աստիճանով շրջվել դեմքով դեպի Հարկային տեսչություն: Այս առումով «Երկվորյակների» մոտ անհամաձայնության նշաններ են նկատվում, որովհետեւ նրանցից մեկը թեեւ գնացող է, բայց ոչ մի կերպ չի ուզում հաշտվել այդ մտքի հետ: «Ջրհոսները» վերջնականապես կորցրին 4-րդ խոսափողը, բայց փոխարենը ձեռք բերեցին «թափ-թազա» ավտոմեքենա: Հուսով ենք, որ այսուհետ նրանք «ջուր կծեծեն» միայն իրենց տնեցիների համար: «Կշեռքներն» այս անգամ մի քիչ «պերեբոռ» արեցին, բայց հավասարակշռությունն, այնուամենայնիվ, պահպանեցին` «Կեսը՝ մեզ, կեսը՝ մնացածին» սկզբունքով: «Այծեղջյուրները» «հավայի կոտոշություն արեցին», բայց նախարարական պորտֆելներից ոնց որ թե չեն ուզում հրաժարվել: «Խեցգետինները» նախընտրեցին գարեջուրը, որի հետեւանքով «Ձկները» հիմնականում «կոնսերվա» դարձան եւ, ամենայն հավանականությամբ, շատ շուտով կհրաժարվեն «Օրինաց օվկիանոս» նախագծից: Փորձը ցույց տվեց, որ այդ ձկներն իրենց ջրում են զգում միայն Լա-Մանշի նեղուցում: «Կարիճները» մտել են իրենց բները: Նրանց բանի տեղ դնող չկա, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում թունավոր կարիճ չկա: Իսկ թույն չունեցող կարիճը մողեսի կամ մկան է նմանվում: «Ցուլերի» համար տարին շատ խոստումնալից է: Աստղերը հուշում են, որ եթե դուք արդեն ծախսել եք 20 օր առաջ «աշխատած» 5000-ական դրամները, ապա դարձյալ կարող եք չվհատվել: Ընդամենը 9 ամիս հետո «Աղեղնավորները» ձեզ նոր անակնկալ կմատուցեն: Եթե համաձայնեք նստել «Գազել» միկրոավտոբուսը, որպեսզի Ձեզ «մի կռուգ քշեն», ապա Դուք «աննախադեպ» գումարներ կշահեք:
Բայց չմոռանաք, որ աստղերը լավ բաներ էլ են հուշում: Հատկապես, երբ մարդ լավատես է լինում: Այդ իմաստով աստղերը հուշում են, որ շատ շուտով մենք կարող ենք ունենալ շախմատի աշխարհի չեմպիոն, կամ արդեն ունենք Եվրոպայի լավագույն երիտասարդ երգչուհի եւ Եվրոպայի գեղեցկուհի: Ունենք աշխարհահռչակ շանսոնյե եւ էլի շատ ու շատ բաներ կունենանք: Բայց կունենանք միայն այն դեպքում, եթե ազգովի բուժվենք «աստղային հիվանդությունից»: