Այս օրերին քաղաքական շրջանակներում քննարկվող ամենահրատապ թեման, անշուշտ, նոր ձեւավորվելիք կառավարությունն է։ Ընդ որում, սկզբունքային հարցը կարծես թե վերջնականապես լուծվել է. կառավարությունը կլինի կոալիցիոն։ Այսինքն՝ ՀՀԿ-ն «մեծահոգաբար» նախարարական պորտֆելներ կտա նաեւ ՀՅԴ-ին ու «Բարգավաճ Հայաստանին»։ Փորձենք հասկանալ այս «մեծահոգության» պատճառները։
Բանն այն է, որ խոսքն ակնհայտորեն անցումային կառավարության մասին է, որն աշխատելու է առավելագույնը 9 ամիս։ Սերժ Սարգսյանը, հասկանալի է, իր թեկնածությունն անպայման առաջադրելու է նախագահական ընտրություններում։ Եթե հաղթի՝ Հայաստանն ունենալու է նոր վարչապետ (հետեւաբար՝ նաեւ նոր կառավարություն), իսկ եթե նախագահ դառնա ուրիշ մեկը, հաստատ Սերժ Սարգսյանին չի թողնելու վարչապետի պաշտոնում, եւ արդյունքում դարձյալ նոր կառավարություն է ձեւավորվելու։ Այսինքն՝ ցանկացած տարբերակով այս կառավարությունն ընդամենը 9 ամսվա կյանք է ունենալու։ Եվ քանի որ 9 ամսում հնարավոր չէ որեւէ լուրջ ծրագիր իրականացնել, ակնհայտ է դառնում, որ այսօր կուսակցությունները պաշտոնների համար կռվում են միայն մի նպատակով՝ որպեսզի նախագահական ընտրությունների ժամանակ ավելի «լավ պատրաստված» լինեն։
Փաստորեն, առաջիկա 9 ամիսների համար կոալիցիայի պոտենցիալ մասնակից քաղաքական ուժերի խնդիրները միանգամայն տարբեր են։ ՀՀԿ-ին ի՞նչ է պետք։ Ամբողջությամբ վերցնել իշխանության լծակները (խոսքը ոչ թե պորտֆելների, այլ ռեալ լծակների մասին է), բայց այնպես անել, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն գոնե ձեւականորեն կառավարության մաս կազմեն, որպեսզի 2008-ին հանկարծ «չթպրտան»։ ՀՅԴ-ն հասկանում է, որ այսօր իրեն առաջարկվող մի քանի պորտֆելներն ըստ էության կաշառք են (դրանք իշխանական ռեալ լծակներ չեն տալիս, բայց «փող աշխատելու» հնարավորություն տալիս են)։ Բնականաբար, ՀՅԴ-ն ձգտում է, որ իրեն տրված կաշառքը հնարավորինս մեծ լինի։ Մանավանդ, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն բավականին մեծ դերակատարում է ունենալու (այս մասին՝ մի քիչ հետո)։ Իսկ ԲՀԿ-ի նպատակները բոլորովին այլ են։ Նրանց հիմնական խնդիրը ոչ թե փող աշխատելն է լինելու, այլ «ժողովրդի առաջ պարզերես դուրս գալը»։ Այսինքն, նրանք ձգտելու են այնպիսի ոլորտներ վերցնել, որ կարողանան ժողովրդին ցույց տալ, թե՝ «տեսեք, մենք հանրապետականներ չենք, մեր ոլորտներում ամեն ինչ նորմալ է»։ Պարզ ասած, պաշտոնները ԲՀԿ-ին ավելի շատ PR ակցիաների համար են պետք։
Հիմա անդրադառնանք նախագահական ընտրություններին։ Սերժ Սարգսյանի համար հենց առաջին փուլում հաղթելը շատ դժվար կլինի, գրեթե անհնարին։ Իսկ երկրորդ փուլում ընդդիմությունը կարող է եւ համախմբվել։ Ուրեմն ի՞նչ անել։ Ո՞րն է այն քաղաքական ուժը, որն ի վիճակի կլինի ընդդիմությունից ձայներ խլել։ Որ տեսանկյունից էլ նայում ենք, ամենահարմարը ՀՅԴ-ն է։ Այդ կուսակցությունը կարող է ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ միանգամից «ընդդիմություն դառնալ» եւ հանդես գալ սեփական թեկնածուով։ ՀՅԴ-ն, իհարկե, հասկանում է, որ դրանով մեծ ծառայություն կմատուցի Սերժ Սարգսյանին, եւ ծառայության «վարձն» արդեն այսօր է ուզում։ Մի խոսքով, մեր կարծիքով՝ վերլուծաբանները սխալվում են, երբ պնդում են, թե ՀՅԴ-ն այսօր «լուրջ պորտֆելներ» է ուզում, որպեսզի 2008-ին իր թեկնածուով հանդես չգա։ Ճիշտ հակառակը. ՀՅԴ-ն պաշտոններ է ուզում՝ դրա դիմաց խոստանալով 2008-ին հանդես գալ սեփական թեկնածուով, ընդդիմությունից ձայներ խլել եւ դրանով իսկ մեծ ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին։
Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ 2008-ի ընտրությունների ելքը կանխորոշված է։ Իհարկե ոչ, որովհետեւ առաջիկա 9 ամիսները շատ հագեցած են լինելու կաեւորագույն իրադարձություններով։ Պատահական չէ, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ։ Մինչ այդ նրանք, որպես կանոն, հանդիպում էին ոչ թե վարչապետի, այլ նախագահի եւ արտգործնախարարի հետ։ Այս փաստը վկայում է, որ միջազգային հանրությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլերը հենց Սերժ Սարգսյանից է ակնկալում։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կարող է անկանխատեսելի զարգացումներ ունենալ։ Եվ Սերժ Սարգսյանը, բնականաբար, պիտի ամեն ինչ անի, որ այդ ամենի պատասխանատվությունն ընկնի ոչ միայն իր, այլեւ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի վրա։
Այնպես որ, ամբողջ այս պատմության մեջ նախարարական պորտֆելները կամ մարզպետների պաշտոնները երկրորդական նշանակություն ունեն։ Խոսքը շատ ավելի լուրջ հարցերի մասին է, եւ հենց դա է պատճառը, որ շատ ավելի լուրջ բանակցություններ են ընթանում։