Վաղ գարնանը մեզ հետապնդում է երկու տհաճ երեւույթ՝ սեզոնային ավիտամինոզը եւ դիմադրողականության անկումը: Սրանք միմյանց հետ շաղկապված են եւ օրգանիզմի կենսական ռեսուրսների սպառման ուղղակի հետեւանք են: Դրանցով են պայմանավորված նաեւ քրոնիկ հիվանդությունների սրացումները եւ, այսպես կոչված, գարնանային դեպրեսիայի ի հայտ գալը: Ավիտամինոզը զարգանում է գարնան ամիսներին թարմ մրգերի ու բանջարեղենի բացակայության պատճառով: Իսկ ձմեռվա միրգն ու բանջարեղենը մինչեւ գարուն կորցնում են վիտամինների ու սննդարար նյութերի 50%-ը, եթե ոչ ավելին: Ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը՝ անգամ թեթեւ քամուց կարելի է անկողին ընկնել: Թուլությունն, անքնությունը, գլխապտույտը, հոգնածության զգացումը եւ ախորժակի բացակայությունն առաջին ազդակներն են վրա հասնող ավիտամինոզի: Կարող են լինել նաեւ ցավեր հոդերում, գոտկատեղում, ներքին օրգաններում:
Գարնանը սկսում ենք նաեւ թախծել: Անհասկանալի տխրություն ու ծուլություն է պատում, կորչում է ապրելու եւ աշխատելու ցանկությունը, մարում են կրքերը, ժպիտն ու հումորի զգացումը եւ այս ամենն, առաջին հայացքից, առանց էական պատճառի: Բայց գարնանային տվայտանքներն ունեն իրենց շատ պարզ բացատրությունը: Ավիտամինոզը կամ վիտամինների պակասությունն օրգանիզմում ունի բազմաթիվ դրսեւորումներ, ազդում է մարդու ֆիզիկական եւ հոգեկան վիճակի վրա: Ու թեեւ երեւույթն անցողիկ է, բայց գարնանային դեպրեսիայով տառապողին այն թվում է հավերժական: Դրան գումարվում է «լալկան» անձրեւոտ եղանակը ու էլ ավելի խորացնում ապրումները: