«Սեդա՞ … Հայաստանի՞ց: Թուրքերեն գիտե՞ք …. (թուրք սահմանապահը տարակուսանքով նայում է ինձ) … թուրքերեն չգիտեք … բայց անունդ Սեդա է, գիտե՞ք, որ թուրքական անուն է…»: Աթաթյուրք օդակայանում իմ ու թուրք սահմանապահի այս երկխոսությունը մեկ-երկու րոպեից քիչ տեւեց: Ես Թուրքիայի սահմանն անցա ավելի արագ, քան Հայաստանինը` Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այստեղ անձնագրային ստուգումը, եւ իմ ու ազգությամբ ռուս սահմանապահ կնոջ զրույցը տեւեց մոտ տասը րոպե: Մարտի 24-ին ես Ստամբուլ էի մեկնում, իսկ որպես տրանզիտային քաղաք ընտրել էի Գերմանիայի Մյունհենը:
«Ինչո՞ւ եք մեկնում Ստամբուլ` Մյունհենով»,- հարցնում է սահմանապահ կինը: Պատասխանում եմ, որ ուղիղ չարտերային չվերթը կանոնավոր չէ…: «Բայց չէ՞ որ այդպես թանկ է»,- ասում է նա: Նորից եմ կրկնում, որ Երեւան-Ստամբուլ չվերթը կանոնավոր չէ, ու երբ տոմս էի գնում, ինձ ասացին, որ չգիտեն, թե երբ է մեկնելու… իսկ վերադարձի մասին հարցն ավելորդ էր: Նորից նույն հարցը. բայց ինչո՞ւ Մյունհենով: Թեեւ չէի ուզում վիրավորել սահմանապահի ազգային զգացմունքները, բայց, ի վերջո, նա ինձ ստիպեց ասել, որ Աերոֆլոտից գերադասում եմ չօգտվել, թեեւ այդպես ավելի էժան է: Իմ անձնագիրը տարան հատուկ սենյակ, որտեղ մի քանի այլ սահմանապահներ կային: Հետո ինձ էլ հրավիրեցին ու կրկնվեց վերը նշված հարց ու պատասխանը` գրեթե նույնությամբ: Այնուհետեւ ինձ խնդրեցին բացատրել, թե ինչո՞ւ եմ մեկնում Ստամբուլ, ու խնդրեցին ցույց տալ կոնֆերանսի մասնակցության հրավերը: Հետո խնդրեցին, որ ես Մյունհենի օդակայանի տրանզիտային մասից դուրս չգամ (ցանկության դեպքում նույնիսկ դուրս գալն անհնար է, քանի որ հարկավոր է անձնագրային ստուգում անցնել, իսկ առանց մուտքի արտոնագրի այն անցնել պարզապես չի ստացվի): Վերջում ասացին. «Մենք շատ ուշադիր ենք մեր ուղեւորների հանդեպ, ու հոգում ենք նրանց մասին»: Նման ավելորդ ժամավաճառության Աթաթյուրք օդակայանում ես չհանդիպեցի: Օդակայանի թուրք աշխատակիցները միայն անկեղծորեն զարմանում էին Սեդա անվան ու հայ, Հայաստանի քաղաքացի լինելու փաստի վրա:
Օդանավակայանից սկսված «զարմանքն» ինձ ուղեկցեց Ստամբուլում անցկացրած 7 օրերի ընթացքում: Տուրիստների մշտական ներկայությանը սովոր ստամբուլցիների սիրելի հարցերն են. «որտեղի՞ց ես», «անունդ ի՞նչ է», «առաջի՞ն անգամ ես Ստամբուլում»: Այս հարցերն ամենուր են հնչում` խանութներում, սրճարաններում, թանգարաններում…
Կոշիկի վաճառասրահներից մեկում ես հերթական անգամ ասացի, որ Հայաստանից եմ: Վաճառողներից մեկը, մի 30-ին մոտ երիտասարդ, իմ ընտրածը մատնացույց անելով` ասաց. շատ աղվոր, շատ աղվոր: Տղան հայ չէ, բայց ունի հայ ընկերներ, գիտի հայերեն հաշվել: Թուրք երիտասարդը նաեւ մի նկատառում ունի. «Մեկ էլ դուք սիրում եք ասել (այսքանն անգլերեն հնչեց.- Ս.Մ.)` փող չկա, փող չկա (իսկ այս մասը` հայերեն.-Ս.Մ.)»: «Հայերը չե՞ն սիրում թուրքերին»,- հարցրեց հյուրանոցի ընդունարանում աշխատողը տղամարդը: «Գիտեմ, գիտեմ… շատերը չեն սիրում, մեզ մոտ էլ կան խենթեր: Բայց հասարակ մարդիկ իրար հետ պրոբլեմ չունեն: Էդ պրոբլեմները քաղաքական գործիչներն են սարքում»: Այս միտքը նույնպես հաճախ ես լսում, երբ ստամբուլցիները տեղեկանում են, որ Հայաստանից ես: Լինի խանութպան թե մատուցող, պրոֆեսոր թե վաճառող: Անկախ նրանից, թե որքան կարճ է տեւում զրույցը, անպայման հնչում է Հրանտ Դինքի անունը: «Մենք ցավում ենք Հրանտ Դինքի համար: Նա մեզանից մեկն էր»,- ասում էր հյուրանոցի աշխատակիցը: Նույն նախադասությունը ես մի քանի անգամ լսեցի նաեւ Ստամբուլի հռչակավոր «Փակ Շուկայի» խանութպաններից: Նրանցից մեկի ենթակայությամբ աշխատողներն էին հայեր, մյուսի` վարպետը, ով նրան սովորեցրել է կոշիկ կարել: «Հրանտ Դինքը Թուրքիայի լավագույն քաղաքացին էր»,- ասաց Սաբանջընի համալսարանի պրոֆեսորներից մեկը: Սաբանջընը Ստամբուլի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է: Այն պատկանում է Սաբանջըն ընտանիքին: Սաբանջընները Թուրքիայի ամենահարուստ գերդաստաններից են: Մելիսա Արարատը, որ Սաբանջը համալսարանի պրոֆեսորներից է, ճաշկերույթի ժամանակ ժպտալով անկեղծացավ. գիտե՞ս՝ ինձ ամբողջ կյանքում հետապնդել են «հա՞յ ես» հարցով: Ազգանունս է պատճառը` Արարատ… բոլոր հայերը, ում հետ ծանոթանում են, առաջինը հարցնում են` «հա՞յ ես»:
Հարուստներն՝ ի շահ հասարակությա՞ն
Հարցնենք հայաստանցիներին. ի՞նչ է նշանակում «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն»: Գուցե եւ շատերը դժվարանան բացատրություն տալ այս երեւույթին: Բայց փորձենք հարցադրմանն այլ ձեւակերպում տալ. տվեք հին եւ մեր օրերի հարուստ ու իրենց բարեգործությամբ ճանաչում գտած գործարար մարդկանց անուններ: Այդ դեպքում, հավանականությունը մեծ է, որ մենք մի ամբողջ ցուցակ կկազմենք: Մանթաշով, Նուբար Փաշա, Ալեք Մանուկյան, Գաֆէսճյան, Քըրքորյան… (ժամանակակիցների անուններն այս ցուցակում չենք ընդգրկի. առաջին հերթին գովազդելուց խուսափելու համար, ինչպես նաեւ` նկատի ունենալով վերջիններիս «բարեգործական մղումների» որակական տարբերությունը):
Բիզնես սեկտորի հանրային պատասխանատվությունը մեզ ավելի շատ հայտնի է որպես «բարեգործության» դրսեւորում: Մանթաշովն, օրինակ, որ իր ժամանակների խոշորագույն գործարարներից էր, հովանավորում էր հարյուրավոր ուսանողների` կրթություն ստանալու, ուսումը Ռուսաստանում կամ եվրոպական այլ երկրներում շարունակելու համար: Օգնում էր երիտասարդ արվեստագետներին, կառուցում եկեղեցիներ, իսկ ինքը բավականին համեստ կենսակերպ ուներ` երթեւեկում էր տրամվայով, ոտքով զբոսնելը գերադասում էր կառքից: Մանթաշովի ժամանակաշրջանում չկար հեռուստացույց, եւ բարեգործության «գովազդի» միակ հույսը միայն բերնեբերան տարածվող լուրերն էին: Անկախ այն բանից, թե ինչ մղումներով էր կատարվում «բարեգործությունը», պարզ է մի բան, որ այդ ժամանակների «բարեգործների» համար կարեւոր էր ստեղծել գործարարի բարոյական նկարագիր: Այսօր էլ մենք ականատես ենք լինում մեր օրերի մեծահարուստ գործարարների «մանթաշովությանը»: Նախընտրական Հայաստանում նրանք ծառատունկ էին կազմակերպում, ուսանողներին աջակցելու հիմնադրամներ ստեղծում, օգնում էին այս կամ այն անհատին, եկեղեցիներ կառուցում, ջրագծեր բացում, դպրոցներ վերանորոգում… Գուցե այդ նույն` «բարոյական նկարագիր» ստեղծելու մղո՞ւմն է ժամանակակից գործարարներին «ստիպում» նման քայլեր ձեռնարկել: Այս հռետորական հարցադրումը չի դիմանում մի պարզ քննության, այն, որ այսօրվա «բարեգործությունն» ինտենսիվանում է ընտրությունից ընտրություն, այդ «բարեգործության» գինը լինում է կուսակցականացումը, այս կամ այն գործչի քաղաքական կարիերային մատուցվող ծառայությունը… Մինչդեռ աշխարհի մի շարք երկրներում գործարար միջավայրի կողմից ի շահ հասարակության իրականացվող ծրագրերը համակարգված ու երկարաժամկետ բնույթ են կրում: Մասնագետները պնդում են, թե այդ ծրագրերը ոչ մի դեպքում բարեգործություն չեն, այլ պատասխանատվություն` հասարակության ու սպառողների առջեւ:
Եվրոպական հանձնաժողովը սահմանում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, որպես «մի գաղափար, երբ ընկերությունները կամավոր որոշում են իրենց ավանդն ունենալ ավելի լավ հասարակության եւ ավելի մաքուր շրջակա միջավայրի ստեղծման գործում»: Մարտի 29-31-ը Ստամբուլում, Սաբանջըն համալսարանի ու Բրիտանական խորհրդի կազմակերպած հավաքին, աշխարհի տարբեր երկրներից ժամանած 60 մասնակիցներն ուսումնասիրեցին Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության Թուրքիայի փորձը: Օրինակ, HSBC Թուրքիա բանկը, 2004թ. ի վեր իր աշխատակիցներին վճարում է, որպեսզի վերջիններս իրականացնեն կամավոր բարեգործական ծրագրեր` օգնեն հաշմանդամ երեխաներին, իրականացնեն մշակութային, սպորտային միջոցառումներ: Այդ նպատակով HSBC-ն իր աշխատակիցների համար ստեղծել է «Սոցիալական ակումբ»: Այդ ակումբն է կազմակերպում, ասենք, կույր երեխաների համար «ձայնային գրքերի» ստեղծումը, ակումբի անդամները մասնակցում են դպրոցների, աղքատ ընտանիքների տների վերանորոգման աշխատանքներին, աղքատ ընտանիքներին օգնելու համար նվիրաբերում են գումար, կահույք, եւ խաղալիքներ: Տարեկան նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար բանկը տրամադրում է 200.000 ԱՄՆ դոլար: Սակայն Թուրքիայում միայն միջազգային ընկերությունները չեն, որ իրենց բիզնես-քաղաքականության մեջ հաշվի են առնում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործոնը: Օրինակ, Թուրքիայի հարուստ գերդաստաններից մեկը` Սաբանջըն ընտանիքը, «սոցիալական պատասխանատվության» իր ծրագրերը սկսել է դեռեւս 1974 թվից: Հենց այդ ժամանակ են Սաբանջըն եղբայրները ստեղծել «Վաքսա-Սաբանջըն» հիմնադրամը` Սաբանջըն ընտանիքի բարեգործական գործունեության համար: Իսկ Սաբանջըն մայրը` Սադիկա Սաբանջընն, իր ամբողջ հարստությունը նվիրաբերել է Հիմնադրամին: «Վաքսա» հիմնադրամը զբաղվում է դպրոցների, ուսանողական կացարանների, մշակութային եւ սպորտային կենտրոնների եւ առողջապահական հիմնարկությունների համար նվիրատվությունների ներգրավմամբ: Բացի այդ, կրթաթոշակներ է շնորհում, գիտական հետազոտություններ անցկացնում եւ աջակցում մշակույթին եւ արվեստին: «Վաքսայի» ռեսուրսներն ապահովվում են ընտանիքի անդամների, «Sabanci Group»-ում ընդգրկված ընկերությունների նվիրատվություններից եւ Հիմնադրամին պատկանող միջոցներից գոյացող եկամուտից: Վերջին 32 տարիների ընթացքում «Վաքսայի» կատարած սոցիալապես պատասխանատու ներդրումների ընդհանուր չափը կազմել է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար, երկրի 57 տարբեր վայրերում 121 նվիրատվություն է կատարվել:
Ամեն տարի «Վաքսան» ֆինանսական աջակցություն է ապահովում մոտ 1000 ուսանողներին տրվող կրթաթոշակների միջոցով: Իսկ Սաբանջընների նախկին բնակավայրը, որ հայտնի է «Ասպետների կալվածք» անվանումով, տրամադրվել է Սաբանջըն համալսարանին` որպես թանգարան օգտագործվելու նպատակով:
Թուրքիայի մեկ այլ մեծահարուստ` Էչզաջըբաշը (Eczacibasi) գերդաստանն ավելի քան 60 տարի իր «Eczacibasi Group»-ով եւ նրա առանձին ընկերություններով հովանավորում են մշակույթի եւ արվեստի, կրթության, սպորտի, գիտական հետազոտությունների եւ հանրային քաղաքականության ոլորտները: «Յուրաքանչյուր ներդնողի պարտականությունն է՝ իր բիզնեսից գոյացած հարստության մի մասն օգտագործել համայնքի բարելավման նպատակով»,- ասում էր Նեջաֆ Էչզաջըբաշը:
Որոշ մասնագետներ համոզված են, որ «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը» (CSR)` հասարակության եւ շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու մոտեցումը կարող է բիզնեսն ավելի մրցունակ դարձնել, ավելի ճկուն` ցնցումներին դիմակայելու գործում, եւ ավելի գրավիչ` եւ՛ սպառողների, եւ՛ աշխատակիցների համար: Ընկերության նմանատիպ քաղաքականությունը կարող է նաեւ օտարերկրյա ներդրումներ գրավել: Որոշ ընկերություններ էլ կարծում են, թե CSR-ը բիզնեսի հեղինակության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ռազմավարության զգալի մասն է կազմում, ինչի շնորհիվ կարելի է ամրապնդել սպառողի վստահությունն ու հավատարմությունը:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության Թուրքիայի փորձի մակերեսային ուսումնասիրությունն անգամ Հայաստանյան «բարեգործությունների» համեմատ ունի սկզբունքային տարբերություններ: Թուրքիայում բիզնես սեկտորի «բարեգործությունը» երկարաժամկետ բնույթ ունի, թուրք մեծահարուստները չեն ձգտում հայտնվել խորհրդարանում, իսկ նախընտրական շրջանում, Թուրքիայում ձայներ գնելու նպատակով, տեղի չի ունենում բարեգործական դրսեւորումների այնպիսի «հիստերիա», որի ականատեսը եղանք Հայաստանի վերջին ընտրություններից առաջ:
Սեդա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ազատ լրագրող,
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Երեւանյան գրասենյակի
ղեկավար