Բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, մայիսի 26-ին տանելով իր 23-րդ հաղթանակը եւ հերթական անգամ պաշտպանելով չեմպիոնի տիտղոսը, վերադարձել է հայրենիք: Մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բռնցքամարտիկը նշեց, որ իր հաղթանակներից հետո միշտ գալիս է Հայաստան:
Աբրահամը, ութ ամսվա ընդմիջումից հետո ռինգ դուրս գալով, երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց կանադացի բռնցքամարտիկ Սեբաստիան Դեմերսին: Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Աբրահամը թեեւ հաղթեց Էդիսոն Միրանդային, սակայն ծնոտի լուրջ վնասվածք ստացավ, եւ անգամ կասկածի տակ դրվեց հետագայում նրա ռինգ դուրս գալու հարցը: Ի դեպ, այդ մենամարտից հետո գերմանացի մի ատամնաբույժ դատական գործ է հարուցել Արթուր Աբրահամի մարզիչ Վեգների դեմ, քանի որ նա չի կանգնեցրել մենամարտը` մարզիկի վնասվածք ստանալուց հետո: Աբրահամը կարծում է, որ ատամնաբույժին չի հաջողվի դատը շահել. «Ինձ իմ մարզչի նման ոչ ոք չի ճանաչում, եւ ուրիշների խնդիրը չէ, թե մենք ինչ ենք անում»,- երեկ ասաց Աբրահամը:
Բռնցքամարտիկն ասում է, որ ռինգ դուրս գալուց առաջ մտածում է միայն հաղթանակի մասին, իսկ թե ո՞ր ռաունդում կհաղթի` էական չէ. «Երբ հարմար առիթ է ստեղծվում, պետք է օգտագործես, այլապես հակառակորդդ կօգտագործի»: Արթուրը նշում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը սիրողականից շատ է տարբերվում, քանի որ սիրողականում ժամանակը շատ քիչ է, վնասվածքներ քիչ են լինում, մարզիկները միավորների վրա են աշխատում: Իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտում կարող ես մտածել կռվի ժամանակ ու պետք է ֆիզիկապես շատ ուժեղ լինես ու խելացի, որ հաղթանակ տանես:
Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող մարզիկն ասում է, որ բռնցքամարտի իր ոճը թե՛ հայկական է, թե՛ գերմանական, քանի որ երկու երկրներից էլ շատ բան է սովորել: Աբրահամի պայմանագիրը Գերմանիայի հետ մինչեւ 2011 թվականն է, մարզիկն ունի երկքաղաքացիություն` հայկական եւ գերմանական: Հայաստանում Աբրահամն ուզում է բռնցքամարտի ակումբ բացել ու Գերմանիայից մարզիչներ բերել, բայց դա հիմա հնարավոր չէ, քանի որ իր ժամանակը սուղ է. առայժմ աշխատում է բռնցքամարտում լավ արդյունք ցույց տալ: Ի դեպ, նրա վերջին մենամարտի ժամանակ Արթուրի երկրպագուների թվում են եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Լեռնային Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը: Իսկ «Յունիբանկի» ներկայացուցիչները, որոնք համագործակցում են Արթուրի հետ, ներկա են լինում նրա բոլոր մենամարտերին:
Հայտնի մեկ այլ հայազգի բռնցքամարտիկի՝ Վիկ Դարչինյանի հետ Արթուր Աբրահամը մտերիմ է, ասում է` հաճախ են զրուցում հեռախոսով ու հաղթանակների դեպքում` շնորհավորում միմյանց:
Արթուր Աբրահամի եղբայրը` նույնպես բռնցքամարտիկ Ալեքս Աբրահամը, մայիսի 9-ին մարտ է անցկացրել ու հաղթանակ տարել: Վերջինիս հաջորդ մենամարտը հունիսի 10-ին է` Բեռլինում: Ի դեպ, ամիսներ առաջ տարածված տեղեկատվության կապակցությամբ, թե Ալեքսին կասկածում են մարդասպանության մեջ, Արթուրը նշում է, որ ամեն ինչ վաղուց պարզվել է, ու գտել են մեղավորին: Արթուրը մտադիր է իր ընտանիքը տեղափոխել Գերմանիա: Գերմանացի ընկերուհիներ Արթուրը շատ ունի, սակայն ցանկանում է ամուսնանալ հայուհու հետ: Կատակում է, թե հայ աղջիկներն իրեն չեն հավանում: Հայաստանում կատարվող իրադարձություններին հետեւում է, ամեն օր զանգում է, տարվա մեջ 3-4 անգամ լինում է Հայաստանում: Ի դեպ, այս անգամ Արթուրի հետ Երեւան են եկել Գերմանիայի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք Արթուր Աբրահամի եւ նրա մարզչի մասին դոկումենտալ ֆիլմ են նկարահանում:
Արթուր Աբրահամը քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Լրագրողներից մեկի այն հարցին, թե Արթուրը ինչպե՞ս է վերաբերվում նախկինում ճանաչված բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հացադուլին` վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, Արթուրը պատասխանեց, որ ինքն ընդհանրապես քաղաքականությամբ չի հետաքրքրվում եւ գալիս է հայրենիք` կարոտն առնելու. «Նույնիսկ տեղյակ էլ չէի այդ հացադուլից: Իսկ Հակոբկոխյանին ճանաչում եմ, քանի որ նա մեկ տարի Հայաստանի հավաքականի մարզիչն է եղել, այդ թվում՝ նաեւ իմը»:
Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա օգոստոսի 18-ին, որից հետո ինքն ու իր մարզիչն ուզում են մեկնել ԱՄՆ, որտեղ Արթուրը մտադիր է մենամարտ անցկացնել: Իսկ թե օգոստոսի 18-ին ո՞վ կլինի Արթուրի մրցակիցը, դեռ վերջնականապես պարզ չէ: Արթուրն ասում է, որ ամենայն հավանականությամբ կմենամարտի ավստրալացի բռնցքամարտիկ Սիմ Սոլիմենի հետ: