Մշակութային ժառանգության մասսայական ոչնչացումը Վրաստանում

12/05/2005

Ոչնչացվում են հայկական խաչքարերը

Վրաստանի շրջաններից մեկում՝ Կախեթիայում, ոչնչացվում էին հայկական եզակի խաչքարերը: Վրացի հոգեւորականը չէր թաքցնում, որ դարավոր եկեղեցիների պատերի վրայից ջնջում են հայագիր արձանագրությունները եւ նույնիսկ հայտարարում էր, որ հայկական եկեղեցիները «վերանորոգվում են» վրացական ոճով:

Մեր լուսանկարիչն ապարդյուն փորձում էր գտնել 14-րդ դարի երեք խաչքարերը, որ մինչ այդ տեղադրված էին Գրեմի վանքային համալիրի եկեղեցիներից մեկի ճակատամասում: Նա դրանք լուսանկարել էր ընդամենը 12 տարի առաջ: Հիմա դրանք անհետացել են կամ ոչնչացվել, ինչպես հայկական խաչքարերից շատերը:

Այսօր համալիրը փակ է այցելուների համար: Այն «վերանորոգվում» է: Վրացական վանքը գտնվում է համալիրի ներսում: Վանականները զբաղված են մեղվաբուծությամբ եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ:

Ցավալի է, որ ավերելով հայկական եզակի հուշարձանները, «հայրենասեր» վրացիները չեն գիտակցում, որ ավերում են նաեւ իրենց մշակույթի ու պատմության մի մասնիկը, դեռ ավելին, ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը:

Վրաստանի Հայոց թեմի մամուլի ծառայություն
8.03.05