Երաժշտությունը՝ անիվների վրա

03/06/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Եվրոպական թափառական երաժիշտների՝ տրուբադուրների ավանդույթները շարունակելու հետաքրքիր մոդել են գտել ֆրանսիացի երաժիշտներ Օլիվիեն եւ Սուազին։ Նրանք թեթեւ, հեշտ, քիչ բենզին ծախսող, ընդամենը երկու ձիաուժ ունեցող ավտոմեքենա են մոգոնել ու պատրաստել, վերցրել են ֆրանսիական ավանդական երաժշտական գործիքներն ու ճամփա ընկել։ Նրանց ճամփան շատ հետաքրքիր ու երկար է ստացվելու, քանի որ իրենք մտադրություն ունեն շրջել գրեթե ողջ Եվրոպայով՝ կանգ առնելով այն երկրներում, որտեղ երաժշտական հարուստ ավանդույթներ կան։

Ֆրանսիացի տրուբադուրները մեկ սկզբունքային մոտեցում ունեն. նրանք չեն ուզում երաժշտությամբ փող աշխատել։ «Մենք ուզում ենք միայն երաժշտական հանդիպումներ ունենալ, մեր մեքենան այնպես է հարմարեցված, որ մենք կարող ենք մեջը քնել, ճաշել եւ հանգստանալ, մեզ հատուկ ընդունելություն պետք չէ։ Մենք նման գումարներ էլ չունենք։ Մի քիչ փող ենք հավաքել ու մեր ուղեւորությունն այնպես ենք հաշվարկել, որպեսզի այդ գումարը մեզ հերիքի։ Եթե որոշեինք հյուրանոցներում ապրել, տասը օրից հետո փող չէինք ունենա»,- ասում է Օլիվիե Լապորտը, ում ազգանունը թարգմանվում է «դարպաս» կամ «դուռ»։ Երաժշտությունը նրա համար դարպաս է, որը նա բացում է՝ աշխարհը տեսնելու ու տարբեր ազգերի մշակույթի հետ ծանոթանալու համար։ «Եթե հանկարծ նկատենք, որ մեր գումարը մեզ չի հերիքում, կարող ենք փողոցում նվագել՝ մեր առջեւ գլխարկ դնելով ու փող հավաքելով։ Մեր նախնիները այդպես են վարվել, նույնը կանենք նաեւ մենք, այդտեղ խնդիր չենք տեսնում»,- ասում է նա։ Եվրոպայի շուրջ իրենց պտույտը ֆրանսիացի երաժիշտները սկսել են Պորտուգալիայից, Իտալիայից, հասել են Թուրքիա, Վրաստան, Հայաստան։ Եվ պատրաստվում են Ռուսաստանի տարածքը կտրելով` մինչեւ Ֆինլանդիա հասնել։ «Կովկասյան լեռնաշղթան հասնելն ու անպայման Հայաստանում լինելը մեզ համար շատ կարեւոր էր, քանի որ հայ-ֆրանսիական կապերը ամենաամուր ու գեղեցիկ կապերն են»,- ասում են ֆրանսիացիները, որոնք հպարտությամբ նշում են, որ շատ հայ ընկերներ ունեն, նրանց հետ քաղաքից դուրս են գնում ու երգում բնության գրկում։ Բնությունն ու ավանդույթները նրանց կյանքում մեծ տեղ են զբաղեցնում, նրանք երգում են իտալական ավանդական սերենադները, գասկոնական բալլադները (մոռացության մատնվող գասկոներեն լեզվով), ֆրանսիական ու բրետոնական ավանդական զուգերգերը։ Սուազին փոքր ակորդեոն՝ բանդոնեոն է նվագում, իսկ Օլիվիեն՝ կլարնետ ու հեղինակային մի երաժշտական գործիք, որի հումքը՝ փոքր թասը, կամ մեծ շերեփը նա աղբամանից է գտել։ «Երբ Ֆրանսիայում ջրամատակարարման կենտրոնական ցանց դեռ չկար, ու ջուրը ծորակով մեր տները չէր հասնում, մենք գնում էինք ու երկար բռնակ ունեցող փայտե շերեփի օգնությամբ ջուր էինք խմում։ Այդ շերեփի բռնակին ծակեր են ավելացրել ու նվագում են նրանց օգնությամբ։ Շերեփը երկրորդ կյանք է ստացել, քանի որ եթե երաժշտական գործիք չդառնար, աղբակույտում կփտեր»,- ասում է Օլիվիեն։

«Երաժշտությունը կոմունիկացիայի միջոց է, մենք նպատակ ունենք հետագայում մեր երգացանկում օգտագործել այն երկրների մեղեդիները, որտեղ եղել ենք»,- ասում է Սուազին, ով մեծ ջերմությամբ է խոսում հայերի ու իտալացիների մասին եւ մի քիչ վախենում է ավելի «սառը» ազգերից՝ ռուսներից ու սկանդինավներից։ Նրա համար անմիջական մարդկային շփումը շատ կարեւոր է, քանի որ նա իր սիրելի տղամարդու հետ սիրելի գործով է զբաղվում ու համարում է, որ վաղվա օրվա մասին պետք է մտածել հենց վաղը։ Ճանապարհը ինքն է հուշում շփման եղանակն ու տպավորությունների առատությունը։ «Առօրյա հոգսերը մենք բացառել ենք, չունենք ոչ տուն, ոչ աշխատանք, ոչ հաղորդակցման համար պիտանի լեզու, ոչ ուտելիք։ Մենք մերկ ենք այս աշխարհում եւ աշխարհի հետ շփումը ելակետից ենք սկսում»,- ասում է Օլիվիեն, ով պատմում է, որ պատահել է` մի քանի օր իրենք միայն խնձոր են կերել, եւ դա բնավ էլ չի խանգարել իրենց երջանիկ լինել։

Ֆրանիացի այս զույգը եղել է նաեւ Արցախում եւ նույնիսկ մասնակցել է Ստեփանակերտի դպրոցներից մեկի վերջին զանգի տոնին։ «Հրավիրեցին, մենք էլ գնացինք ու երգեցինք»,- ասում են նրանք։ Իսկ Երեւանում իրենք մեկ համերգ են ունեցել՝ «12 ակումբում»։ Հայաստանում նրանց զարմացրել են երկու բան. լավ ճանապարհներն ու գյուղերի աղքատ կյանքը։ «Եթե գյուղերի ու քաղաքների միջեւ տարբերությունը շատ երկրներում է նկատվում, ապա ձեր երկրի ճանապարհների որակն ուղղակի նախանձելի է։ Վրաստանում, օրինակ, նման բարվոք ճանապարհներ չկան»,- ասում է Սուազի Դրոգոն, ում ազգանունը թարգմանաբար նշանակում է «թմրադեղ»։

Ֆրանսիացիներն իրենց «վոյաժի» ընթացքում հասկացել են, որ գլոբալացման դարում բոլոր ազգերն ու ժողովուրդները փորձում են սեփական ինքնությունը պահպանելու ուղիներ գտնել։ «Շատ ժողովուրդներ ուզում են սեփական անհատականությունը հաստատել՝ ուրիշների ավանդույթները դուրս մղելով եւ նույնիսկ չցանկանալով դրանց հետ ծանոթանալ։ Իսկ Ֆրանսիան, օրինակ, անում է ճիշտ հակառակը՝ ցանկանում է ձուլել մշակույթները, լինել ավելի ունիվերսալ ու սիմետրիկ։ Գլոբալացումը շատ վտանգավոր է, քանի որ այն ոչ թե մարդկանց, այլ՝ ֆինանսների գլոբալացում է նշանակում։ Իսկ ֆինանսների իշխանությունը, սովորաբար, ճխլում ու ոչնչացնում է փոքր ժողովուրդներին՝ շահույթ բերելով միայն ֆինանսապես ուժեղներին։ Աղքատ երկրներն արդեն կուլ են գնացել, սեփական գլխից մեծ պարտքեր ունեն, քանի որ բոլոր փոքր պետությունների բնական հարստությունը վերահսկում են ԱՄՆ-ը ու էլի մի քանի մեծ պետություններ։ Փոքր երկրներին մնում է միայն «բանանային հանրապետություն» համարվելը»,- ասում է լավ մարդ ու լավ երաժիշտ Օլիվիեն։

Ֆրանսիան, որը ռոմանտիկ երկրի համբավ ունի, իրականում շատ սթափ մշակութային քաղաքականություն է վարում։ Այստեղ հեռատես ու սթափ նախագծեր են ծնվում, իսկ մարդիկ պատրաստ են լինում հետեւել սեփական երազանքներին։ «Ֆրանսիան որպես ռոմանտիզմի հայրենիք ընկալելը միայն լեգենդ է, որը մենք աշխարհին ենք ուղարկել։ Իսկ եթե լեգենդները գեղեցիկ են, ապա դրանք անպայման պետք է պահպանել։ Բայց միաժամանակ գլխում պետք է մի միտք պահել, այն, որ դա միայն լեգենդ է»,- ասում են ֆրանսիացի ժամանակակից թափառական երաժիշտները։