Օձերը պակաս կարեւոր չեն

03/06/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օձերը Հայաստանի կենդանական աշխարհում հազվագյուտ հանդիպող սողուններից չեն, բայց, չգիտես ինչու, վերջին 2-3 տարիներին նրանք հայտնվել են ԶԼՄ-ների եւ հասարակության ուշադրության կենտրոնում: Մասնագետների մի ստվար զանգված օձերի ակտիվացումը կապում է կլիմայի փոփոխության եւ անապատացման, իսկ մի հատվածն էլ` Երեւան քաղաքը շինհրապարակի վերածելու հետ: ՀՀ Բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, սողունաբան Արամ Աղասյանի կարծիքով, դա թվացյալ ակտիվություն է, քանի որ Հայաստանի ցածր գոտիներում առավել տարածված թունավոր օձերի մեծ մասը` գյուրզաները պլաստիկ կենդանիներ են, որոնք կարող են հանդիպել անգամ անտառների բացատներում, որտեղ կան թաքստոցներ: Ըստ Ա. Աղասյանի, գյուրզան հանդիպում է ծովի մակերեւույթից մոտ 600 մ բարձրության վրա, իսկ մնացած օձերն ապրում են ավելի բարձր գոտիներում: Նշենք, որ Հայաստանում հանդիպում են մոտ երկու տասնյակ տեսակի օձեր, որոնցից թունավոր են անդրկովկասյան գյուրզան, փոքրասիական եւ տափաստանային իժերը: «Տաք եղանակին օձերը դուրս են գալիս իրենց ձմեռանոցից, եւ սկսվում է նրանց ակտիվ կյանքը: Մարդկանց կողմից նրանց բիոտոպերը յուրացվել են: Նոր սեփականաշնորհված տարածքների շնորհիվ առավել հավանական է դարձել օձերի հետ հանդիպումը: Երեւանում թունավոր գյուրզան հանդիպում է Հրազդանի կիրճում, Ջրվեժում եւ Երեւանի մերձակա Խարբերդի տարածքում: Թունավոր օձերը տարածված են նաեւ Հայաստանի հարավային շրջաններում»,- նշում է Ա. Աղասյանը: Իրենց ապրելավայրերից վտարված օձերն արդեն սկսել են անհանգստացնել Հայաստանի բնակիչներին: Անցյալ տարվանից քաղաքապետարանի նախաձեռնությամբ Փրկարար ծառայությանը կից Երեւանի Կենդանաբանական այգում գործում է փրկարարական ծառայություն, որոնք արձագանքում են բնակչության ահազանգերին: Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանի ասելով, այս տարի գերպետոլոգների խումբն ընդամենը մեկ ահազանգ է ստացել Նուբարաշենի մի բնակչի կողմից, որի բնակարանում հայտնաբերվել է գյուրզա տեսակի թունավոր օձ: Տեղեկացնենք, որ փրկարարական խմբի կողմից բռնված կենդանին կամ հարստացնում է Կենդանաբական այգու օձերի հավաքածուն, կամ էլ բաց է թողնվում բնության մեջ: Օձերին արգելված է ոչնչացնել, որովհետեւ, ինչպես Ս. Ղահրամանյանն է նկատում, օձերը պակաս կարեւոր չեն, քան եղնիկներն ու քարայծերը: Օձերից տուժած ՀՀ քաղաքացիները հոսպիտալացվում են հիմնականում Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի (ԲԿ) Սուր թունավորումների բաժանմունքում: Հանրապետության գլխավոր թունաբան, բաժանմունքի բժիշկ Միքայել Գաբրիելյանի ասելով, բաժանմունքում այս տարի առաջին դեպքը գրանցվել է մայիսի 20-ին, երբ Լեռնային Ղարաբաղի զորամասերից հիվանդանոց է տեղափոխվել մի զինծառայող: Օրերս Վեդի քաղաքի մի բնակիչ էլ է տուժել օձի խայթոցից. սողունը նրան կծել է հողամասում: Մ. Գաբրիելյանը տուժածի վիճակը գնահատում էր ծայրահեղ ծանր: Ըստ գլխավոր թունաբանի, ԲԿ-ն ներկայումս ապահովված է օձի հակաթույնի` «Անտիգյուրզինի» սահմանափակ քանակությամբ, որը գնվել է դեռ անցյալ տարի: Մեր տեղեկություններով, այս տարի մոտ 15 հազար դրամով թանկացել է մեկ սրվակ շիճուկի գինը: Նշենք նաեւ, որ հանրապետություն «Անտիգյուրզին» հակաթույնը ներկրելու իրավունք ունի միայն «Նիբֆարմ» ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ գների թանկացումը կապված է այն հանգամանքի հետ, որ նախորդ տարվա համար պատվիրված քանակությունը չի իրացվել, դրա համար ընկերությունը ստիպված է ոչ ժամկետանց դեղամիջոցն իրացնել ավելի բարձր գներով, քանի որ շիճուկի պետական գրանցման փուլն արժե 2000 դոլարին համարժեք դրամ: «Նիբֆարմը» «Անտիգյուրզինը» Հայաստան է ներկրում միայն Ուզբեկստանի «Ուզբիոֆարմ» ընկերությունից, որտեղ ներկա դրությամբ նկատվում է շիճուկի դեֆիցիտ: Այդ պատճառով հակաթույնի նոր խմբաքանակը Հայաստան կհասնի 1-1,5 ամիս անց: «Նիբֆարմի» ներկայացուցչի ասելով, քանի որ հայկական կողմը ներկրում է առավելագույնը 200 սրվակ շիճուկ, այդ պատճառով արտադրող ընկերությունը չի պարտավորվում իր վրա վերցնել գրանցման ծախսերը: Ներկայացուցիչը հավաստիացրեց նաեւ, որ այս պահի դրությամբ հակաթույնի անհրաժեշտ քանակությամբ պահեստավորված են Հայաստանի բոլոր զորամասերն ու բուժհաստատությունները: Հավելենք նաեւ, որ ամառանոցներում բնակվող որոշ անհատներ իրենց անվտանգությունը երաշխավորելու համար նույնպես գնում են «Անտիգյուրզին», որի մանրածախ գինը ներկա դրությամբ 50 հազար դրամ է: