«Ազատություն Ալեքսանդր Արզումանյանին»

30/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Իշխանությունները շինծու գործով բանտ են նետել ՀՀ նախկին արտգործնախարար, Քաղաքացիական անհնազանդության շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Միացրեք Ձեր բողոքի ձայնն ապօրինության դեմ»,- այս գրությունը երկու լեզուներով (հայերեն եւ անգլերեն) տեղադրված է «Ազատություն Ալեքսանդր Արզումանյանին» խորագիրը կրող նորաստեղծ ինտերնետային կայքում (http://arzumanyan.007ihost.com):

Նշված կայքում տեղադրված է ՀՀ նախկին արտգործնախարարի ընտանիքի հայտարարությունը, որում Ա. Արզումանյանի ընտանիքի անդամները նշում են, թե բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ա. Արզումանյանին կամ լսել են նրա մասին, գիտեն, որ քրեական մեղադրանքն անհեթեթ է, եւ, որ նրա ձերբակալությունը ներկա իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող բռնությունների, ահաբեկման, կաշառակերության եւ վարչական ռեսուրսների չարաշահման գործելակերպի դրսեւորումներից է եւ նպատակ ունի ճնշել ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները Հայաստանում: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ Ա. Արզումանյանը հայտնի է իր համարձակությամբ եւ անկաշառությամբ, երբ դեռ երիտասարդ հասակում միացավ անկախ, ժողովրդավարական ՀՀ-ի համար մղվող պայքարին, երբ ծառայում էր ՀՀ-ին՝ որպես երկրի առաջին դեսպան ԱՄՆ-ում եւ ՄԱԿ-ում, երբ նշանակվեց արտաքին գործերի նախարար 1996-ին եւ երբ հրաժարական տվեց այդ պաշտոնից 1998-ին, երբ իշխանության եկավ ներկա կառավարությունը: «Այդ պահից ի վեր նա ակտիվորեն, օրինական քայլերով ընդդիմանում է այս վարչակարգին: Նրան հնարավոր չէ գնել, նրան հնարավոր չէ ահաբեկել: Նա շարունակում էր աշխատել, շարունակում էր խոսել նաեւ այն բանից հետո, երբ մեր տունը խուզարկության ենթարկվեց մայիսի 5-ին՝ մինչեւ նրան ձերբակալեցին մայիսի 7-ի կեսգիշերին մեր տան շքամուտքի մոտ,- նշում են Ա. Արզումանյանի ընտանիքի անդամներն ու հավելում,- Այսօր մենք խնդրում ենք Ա. Արզումանյանի ընկերներին եւ գործընկերներին ՀՀ-ում եւ արտասահմանում, խնդրում ենք նրանց, ովքեր միգուցե առաջին անգամ են լսում նրա անունը, ծանոթանալ այս գործին՝ մեր միջոցով, մեր փաստաբանների միջոցով, մամուլից, իշխանություններից: Միացեք Ա. Արզումանյանի ընտանիքին եւ նրա ընկերներին՝ հասնելու այս հարցի արդարացի լուծմանը: Իմացեք, որ Ա. Արզումանյանը միշտ գործել է ի շահ հայրենիքի, եւ եթե այսօր դա պատահեց մեր ընտանիքի հետ, վաղը նույնը կարող է պատահել նաեւ ձեր ընտանիքի հետ: Թող ՀՀ իշխանությունները եւ ժողովուրդն իմանան, որ դուք հետեւում եք այս գործին, անհանգստացած եք եւ մտահոգված դրանով: Ազատություն Ա.Արզումանյանին»: Վերոնշյալ կայքում տեղադրված է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախկին դեսպանորդ-նախարար, ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության նախկին պետ Արմեն Խարազյանի, ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Արսեն Գասպարյանի, «Ուիլյամ եւ Մերի» քոլեջի (ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգ) դասախոս, ՀՀ արտաքին ծառայության համակարգի նախկին աշխատակից Արման Գրիգորյանի, ՀՀ արտաքին ծառայության համակարգի նախկին աշխատակից Հասմիկ Հարությունյանի եւ ՀՀ պետական ծառայության համակարգի տասնյակ այլ նախկին աշխատակիցների համատեղ հետեւյալ հայտարարությունը. «ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ղեկավար Ա.Արզումանյանի կալանման կապակցությամբ մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում Հանրապետության իշխանություններին: Դատապարտում ենք տեղի ունեցողը, իբրեւ Հայաստանում անօրեն, անպատիժ կամայականության ծավալման բացառիկ դրսեւորում՝ երեւույթ, որ մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ գոյություն ունենալով հանդերձ, 1998-ից վեր աննախադեպ ծավալների է հասել եւ այսօր միանշանակ վտանգ է ներկայացնում հայոց պետականության ուղուն եւ արժեքներին: Կոչ ենք անում Հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ հավատարմություն ցուցաբերել ՀՀ Սահմանադրության սկզբունքներին, եւ անսալով բանականության եւ բարոյականության թելադրանքին՝ ետ կանգնել երկիրը դեպի միջնադարյան բռնապետություն տանող այս եզերքից: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ընդդիմության եւ քաղաքացիների նկատմամբ բռնարարքներ կիրառելու, խրախուսելու, հրահրելու, մշակելու կամ կոծկելու գործելակերպը, եւ վերադառնալ հասարակությանը հարիր վարքագծի: Միաժամանակ մեր համակրանքն ենք հայտնում Ա.Արզումանյանին ու նրա ընտանիքին՝ փորձության այս պահին ցուցաբերած զուսպ կեցվածքի ու քաղաքացիական արիության համար»:

Յուրաքանչյուր ոք նշված կայքի միջոցով կարող է ծանոթանալ Ա. Արզումանյանի կենսագրությանը, նրա դեմ սկսված հետապնդման տեղական եւ միջազգային արձագանքներին, կարող է գրառումներ կատարել Ա. Արզումանյանի մասին, անդամակցել նրա պաշտպանության խմբին եւ ստորագրել Ա. Արզումանյանին անհապաղ ազատ արձակելու պահանջի տակ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ԱԳ նախարարը ձերբակալվել է «փողերի լվացման» մեղադրանքով: Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 55.000 դոլար: Նախկին նախարարը դատարանի որոշմամբ կալանված կմնա առնվազն մինչեւ հուլիսի երկրորդ շաբաթը: Նա հրաժարվում է որեւէ ցուցմունք տալ: Փաստաբաններն այն կարծիքին են, որ Ա. Արզումանյանի դեմ հարուցված քր.գործն այնքան անհիմն ու փնթի է սարքված, որ այն հազիվ թե դատական վախճան ունենա: