Մահափորձ

30/05/2007 Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Լարիսա Փարեմուզյանը միայնակ ապրում է Ալավերդի քաղաքում, հինգհարկանի շենքի 2-րդ հարկի իր բնակարանում: Գիշերվա ժամը 3-ին նրան քնից արթնացրել են կրակի ձայներն ու խեղդող ծուխը:

«Երջանիկ պատահականությամբ ես արթնացել եմ ժամը 3-ին: Եթե խորը քնող մարդ լինեի, հիմա ես չէի լինի: Ամբողջ տունը պիտի հրդեհվեր»,- պատմում է պատգամավորության նախկին թեկնածուն: Արթնանալով նա հայտնաբերել է տունը ծխի մեջ կորած, բնակարանի դուռն էլ՝ կրակի մեջ այրվելիս: Փորձել է լույսը վառել, բայց ապարդյուն: Հրդեհից այրված են եղել էլեկտրալարերը: 58-ամյա կինը վազել է պատշգամբ ու օգնության կանչել հարեւաններին: 5-րդ հարկի բնակչուհի Նառա Մարտիրոսյանը պատմում է, թե ծուխը հասել էր իրենց բնակարան ու շնչելը դարձել անհնարին: «Երեխեքին լուսամուտից դուրս ենք հանել, որ շնչելու օդ լիներ»,- ասում է նա: Նրա ամուսինը փորձել է օգնել հարեւանուհուն, սակայն այդպես էլ չի կարողացել իջնել երկրորդ հարկ: «Շքամուտքը ծխի մեջ կորած էր»,- պատմում են հարեւանները: Լարիսայի օգնության աղաղակներին կարողացել են հասնել կողքի շքամուտքի հարեւանները: Մարգարիտա Ալավերդյանը ժամը 3-ին արթնացել է հարեւանուհու ճիչերից: «Տեսանք դուռն այրվում է»,- պատմում է հարեւանուհին: Նրանք հանգցրել են կրակը, այնուհետեւ մյուս հարեւանների օգնությամբ արդեն կարողացել դուռը բացել: Մինչ Հրշեջ ծառայության աշխատողների ժամանելը, հարեւաններն արդեն հանգցրել էին հրդեհը: Հրշեջները դեպքի վայր են եկել հրդեհից 40 րոպե անց: Լ.Փարեմուզյանի տան դուռը փորձել են այրել անվադողով, որի, ինչպես նաեւ՝ դռան վրա դիզելային վառելիք են լցրել: 4-րդ հարկի հարեւանուհի Վիկտորյա Կարապետյանը մեր այցելության պահին արդեն լվացել էր շքամուտքի պատերն ու մաքրում էր տան շքամուտքի վրա գիշերվանից մնացած անվադողերի հետքերը: Երիտասարդ կինը եւս վախեցած էր ու պատմում էր, թե անհնար էր իջնել ներքեւ՝ հարեւանուհուն օգնության: Շենքի բնակիչներն ավելի շատ վախեցել էին գազի պայթյունից: Մարգարիտա Ալավերդյանն ասում է, թե գազի խողովակը բնակարանի մոտից հեռու էր ընդամենը 2 մետր, ու եթե չկարողանային արագ մարել կրակը, ապա պայթյուն կլիներ: «Եթե ինձանից էին ուզում վրեժ լուծել, թող դրսում լուծեին»,- զայրացած ասում է Լ.Փարեմուզյանը, որն ավելի շատ անհանգստացած էր հարեւանների ու նրանց անչափահաս երեխաների համար: Նա կատարվածը համարում է մահափորձ իր նկատմամբ ու հրապարակում դրա հեղինակներին՝ իր հիմնական մրցակից, թիվ 31 ընտրատարածքում պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Կարեն Սարիբեկյան եւ թիվ 31 ԸԸՀ նախագահ Վռամ Վանյան: Դեռ մայիսի 18-ին նա դիմում էր հղել Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանին՝ ներկայացնելով ընտրության օրն այդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները` խնդրելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին, այս դեպքում՝ ԸԸՀ նախագահ Վ.Վանյանին ու Կ.Սարիբեկյանին, որի օգտին կատարվել են ընտրախախտումները: Լ.Փարեմուզյանը գտնում է, որ քվեարկության օրը թիվ 31-ում արձանագրել է համամասնական ընտրակարգով 2852 եւ մեծամասնական ընտրակարգով՝ 3807 անճշտություններ: «Ինչո՞ւ չէր մինչ բողոքս նման բան պատահում»,- հարցնում է տուժողը: Հիմնական մրցակից Կարեն Սարիբեկյանին կասկածելու հիմքերը նա պայմանավորում է դեռ քարոզարշավի շրջանից, երբ նրան խանգարում էին գյուղեր գնալ, խոչընդոտում հանդիպումները ընտրողների հետ: «Հիմա էլ այս դեպքը»,- շարունակում է Լարիսան: Նա հրդեհի հետ է կապում նաեւ սրանից մեկ շաբաթ առաջ իր եւ մի մարդու, ում անունը գաղտնի է պահում, հանդիպումը: Անծանոթը նրան խնդրել էր հանդիպել՝ ասելով, թե կարող է հանձնել փաստաթղթեր, որոնք վկայում են Կ.Սարիբեկյանի կողմից թույլ տրված խախտումների մասին: Հանդիպելով Դսեղի հատվածում՝ Լ.Փարեմուզյանին էր հանձնել մրցակցի 2 բուկլետները. մեկը՝

2003-ի, մյուսը՝ 2007-ի ԱԺ ընտրությունների, որտեղ հակասական տեղեկություններ կան նրա կրթության մասին: Անծանոթը Լարիսային խոստացել էր հետագայում եւս փաստաթղթեր փոխանցել, որոնք խոսում են Կ. Սարիբեկյանի անօրինականությունների մասին: Լ. Փարեմուզյանը կարծում է, որ մրցակիցն այդ հանդիպման մասին տեղեկացել է ու փորձել այս դեպքով իրեն վախեցնել: ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության քննչական բաժնում հարուցվել է քր.գործ ՀՀ Քրօրի 185 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով՝ «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հրավտանգ այլ եղանակով»: «Նրանց խնդիրը մենակ իմ դուռն է, հա՞, եղել»,- ասում է Լ. Փարեմուզյանը: Նա չի հավատում, որ իրավապահ մարմինները կբացահայտեն իրական մեղավորներին:

www.hetq.am