«Բալա ջան, քարն էրթաս, կանաչ բուսնի, հանկարծ քեզ բան չլինի»

30/05/2007 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– Պարոն Ղուկասյան, դուք արդեն հրաժարականի դիմում գրե՞լ եք:

– Սուտ է, նման բաներ չկան:

– Երեւանում խոսակցություններ կան, որ ամեն րոպե սպասվում է ձեր հրաժարականը:

– Սուտ են խոսում, ես վաղն (այսինքն` այսօր.- Լ.Ս.) աշխատանքի եմ գնում: Վաղը գնալու եմ, կես ժամ աշխատելու եմ: Այսինքն`օրվա կեսը:

– Ճի՞շտ է, որ ձեր բնակարանում դիմակավորներով խուզարկություն է եղել:

– Չէ, չէ, չէ, սուտ են խոսում:

– Իսկ ձեր տղայից ի՞նչ լուր կա:

– Տղան այստեղ չի:

– Հանրապետությունում չէ՞:

– Նու, ես կոնկրետ չգիտեմ` որտեղ է:

– Կիրակի օրը լուրեր էին տարածվել, որ ձեր որդուն ձերբակալել են եւ, որ նա ուսից վիրավոր է եղել:

– Սուտ են խոսում, սուտ են խոսում:

– Իսկ տեղյա՞կ եք, նա վիրավո՞ր է, թե՞ չէ:

– Չէ, չէ, չէ:

– Գոնե ձեզ համար պարզե՞լ եք, թե ով է սկսել կրակահերթը, եւ ինչից է եղել:

– Չէ, ինձ համար ոչինչ պարզ չի դարձել: Մինչեւ դատավարությունը չվերջանա (երեւի նկատի ունի նախաքննությունը.- Լ.Ս.), դատ չլինի՝ ինձ համար ոչինչ պարզ չի լինի: Եվ եթե արել է, թող պատասխան տա:

– Ձեր տղան ընդունա՞կ էր նման բաների:

– Չէ:

– Համոզվա՞ծ եք:

– Չեմ հավատում, որովհետեւ ինքն այդպիսի տղա չի: Էս առաջին դեպքն է, որ իր հետ կապված այդպիսի բան են ասում: Մինչեւ էսօր իր հետ կապված ոչ մի բան ես չեմ տեսել, որ ինքը պատրաստ լիներ դրան:

– Տանն ինչպիսի՞ն էր նա:

– Շատ շնորհքով, մեծերին լսող, հարգող, զգաստ:

– Ձեր ասածներին ենթարկվո՞ւմ էր, ինչ ասեիք` կանե՞ր:

– Միանշանակ, միանշանակ: Պարկեշտ էր, եթե էդպիսին չլիներ` տուն չէի թողնի: Այսինքն` ինքն ինձ հետ գործ չէր ունենա: Լավ, հիմա եթե օրենք է խախտել, թող պատասխան տա, իսկ եթե չի խախտել, ժամանակը կգա, դատավարություն կլինի, ամեն ինչ ի հայտ կգա:

– Չե՞ք անհանգստանում, թե ուր է նա հիմա:

– Բա ո՞նց կարող է չանհանգստանամ: Վերջը… Մի հատ տղա ունենաս ու, ասենք, կարո՞ղ է չանհանգստանաս: Թեկուզ վատ տղա էլ լինի, ծնողը ո՞նց կարող է չանհանգստանա իր զավակի համար:

– Իսկ ո՞նց կարող է տեղյակ չլինեք ձեր միակ որդու գտնվելու վայրի մասին: Այն դեպքում, երբ ասում են, որ նա ուսից վիրավոր է:

– Վիրավորվելու հետ կապված ասեմ, որ հաստատ գիտեմ` վիրավոր չի: Ինչ մնում է էս պահերին, էլի կասկածում եմ, որ ինքը մասնակից եղած լինի: Հետագան էլ էդ պահով ցույց կտա: Ինչ մնում է իմ հետ կապված հրաժարականին` ինձ ժողովուրդն է ընտրել: Հետո ինձ ոչ ոք նման բան չի ասել, որ հրաժարականի դիմում գրեմ: Հետո` իմ հետ կապված ի՞նչ խնդիր կա, որ, ասենք, քաղաքապետը հրաժարական տա:

– Եթե, այնուամենայնիվ, ձեր կուսակցությունը` ՀՀԿ-ն, որոշի, որ դուք պետք է հրաժարականի դիմում գրեք, կգրե՞ք:

– Ճիշտն ասած, կուսակցությունն էդպիսի բան չի որոշի, երկրորդ հերթին էլ` ինձ ժողովուրդն է ընտրել: Ես ոչ մեկով չեմ եկել, քաղաքապետ դարձել: Ինձ ոչ մի կուսակցություն չի պաշտպանել, միայն ժողովուրդն է ընտրել: Եվ եթե ես զգամ, որ իմ ժողովուրդն ինձ էլ չի սիրում, ես երկու օր էստեղ չեմ մնա ու անելիք չեմ ունենա:

– Բայց ժողովուրդը, սովորության համաձայն, իշխանություններին չի սիրում, ձեզ ինչի՞ պիտի սիրի:

– Այո, բայց ինձ սիրում են: Որ գաս Գյումրի, ճշմարիտ պտտվես, կտեսնես, որ միակ քաղաքապետը (իհարկե, միակը ես չեմ, էլի ընտրովի անձնավորություններ կան), որին սիրում են` ես եմ: Իմացեք, ինձ սիրում են, եթե ինձ չսիրեն, ես երբեք թույլ չեմ տա, որ հանկարծ ինձ ատելով նստեմ որեւիցե մի տեղ ու ասեմ` էս հորս աթոռն է:

– Ինչի՞ց եք զգում, որ ձեզ ժողովուրդը սիրում է:

– Որ գաս ինձ հետ քաղաքում պտտվես, կտեսնես, որ իմ ձեռքս համբուրում են, ասում են` բալա ջան, քարն էրթաս, կանաչ բուսնի, հանկարծ քեզ բան չլինի: Որ գաս-տեսնես` կշշմես, թե էս ինչ ձեւով են էս քաղաքապետին սիրում:

– Բայց մամուլում անընդհատ գրում են, որ ձեզ չեն սիրում, որ դուք Գյումրին դարձրել եք ձեր սեփականությունը…

– Մամուլը… ով պատվիրեց` նա էլ կգրի: Բոլոր մամուլի հետեւը մի հատ «ցել» է կանգնած, ոնց պատվիրում են, այդպես էլ անում են: Դրա համար ես ոչ նայում եմ, ոչ կարդում եմ, որովհետեւ գիտեմ, որ ճշմարտությունն 99 տոկոսի մոտ խեղաթյուրված է: Եթե գաս` հետս պտտվես, կտեսնես, թե էս քաղաքապետին ոնց են հարգում ու սիրում: Էս քաղաքում մեկին, ինչ-որ մարդու ինչ-որ բան է պետք, ուրեմն` ճարահատյալ վիճակում ուղիղ դիմում է իր քաղաքապետին: Իմ ու իմ ժողովրդի միջեւ անդունդ չկա, մենք միասին ենք եկել` միասին էլ կգնանք:

– Ասում են, որ ձեր տղան մի քանի օր շարունակ իր թիմակիցներով անընդհատ հրահրել է Ռուստամ Սարգսյանին, որպեսզի միջադեպ տեղի ունենա…

– Սուտ են խոսում, իրենք իրար հետ մոտ են եղել, դրանք սուտ, սարքովի բաներ են:

– Գարեջուր չի՞ ցպնել Ռուստամ Սարգսյանի դեմքին:

– Սուտ է, սուտ է, էդ իմ տղայի մասին չեն ասում, ով որ հիմա խփված է` դրա մասին են ասում: Էդպիսի բաներ տեղի չեն ունեցել, ինչ ասես խոսում են, էլի:

– Իսկ ձեր տղային Գյումրիում սիրո՞ւմ էին:

– Մի բան ասեմ. եթե հանկարծակի իրան չսիրեն, չհարգեն, ես իրան առաջին ատողը կլինեմ: Ես էնպիսի մարդ եմ, որ բազմության ձայնին, որ ասում են` «ձայն բազմաց, ձայն` Աստծո», չէ՞, ես դա շատ խորը ընդունում եմ, եւ եթե ես զգամ, որ ինքը չար տղա է, որ ժողովուրդն իրեն չի սիրում, որ իրեն ատում են, ինքը մարդկանց կպնում է, ինչ-որ հղփացած է, լկտի է` իր առաջին թշնամին ես կդառնամ: Բայց եթե գաս` պտտվես, կտեսնես, թե ինչքան են նրան սիրում ու հարգում:

– Չեմ պտտվել Գյումրիում, բայց գիտեմ, որ ձեր տղան այդտեղ անընդհատ կռիվներ է սարքում, իրեն քաղաքի տերուտիրականն է համարում:

– Մի դեպք որ ասեն, թե իմ տղան այսինչ տեղն այսինչ բանն է արել, վրեն գործ է հարուցված եղել, կամ հարուցված չի եղել` ծածկադմփոց է եղել…. մի բան որ ասեն, կասեմ` հա: Սպորտսմեն տղա է, ամուսնացած, հեռակա սովորող, շատ շնորհքով: Խեղճին, քյասիբին հասնող, տերուտիրակալ, միշտ, ով խնդրում է` հասնում է: Կյանքի մեջ իր համար ոչինչ չի արել, միշտ ընկերոջ, սրա-նրա համար է արել:

– Ասել էիք, թե թասիբի, ընկերության համար ձեր տղան կարող էր եւ կրակել:

– Կրակոցներ չէր անի, բայց եթե հանուն ընկերոջ լիներ` անպայման կմասնակցեր: Բայց ես գիտեմ, որ նման բան չկա, էս անգամ ամբողջությամբ սարքվել է իր վրա: Եթե իմ դեպքերը չլինեին, ես որոշակի կասկածանք կունենայի: Բայց հիմա ես գիտեմ, որ վերջում` դատավարության ավարտին ամեն ինչ պարզ կլինի: Եթե արել է` կպատժվի, եթե չի արել, ուրեմն` հալալ լինի իրեն:

– Իսկ ձեր եղբոր թոռան` Արտյոմ Ղուկասյանի մասին ի՞նչ կասեք, փաստորեն, նրա մեքենայով են եղել:

– Չէ, նա ավելի շնորքով տղա է: Իմ ախպոր թոռն այդպիսի բաներից վաբշե հեռու է:

– Բայց իր մեքենայով են եղել:

– Չէ, էդ էլ է խառնաշփոթ վիճակ ստեղծվել, երբ դատական ոլորտը վերջանա, ամեն ինչ ի հայտ կգա եւ դուք կիմանաք:

– Թեմայից դուրս մեկ հարց. ասում են` մի անգամ քաղաքից դուրս գտնվող եկեղեցիներից մեկում դուք եք պատարագ մատուցել, ճի՞շտ է:

– Այո: Հենց գրեք, սկսելու են տարբեր բաներ խոսալ: Էն անգամ գրել էին` հըլը պատկերացրեք, Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետը ամեն երկրորդ, երրորդ խոսքում Տիրոջ անունն է տալիս: Դա իրենց համար խայտառակություն էր, ողբերգություն էր, որ քաղաքապետը Տիրոջ անունն է տալիս: Թե ում անունը պիտի տայի` էդ ես գիտեմ: Հիմա շատերը կարող է դա լավ չհասկանան: Ես ուրախ եմ, ես դրանով եմ ապրում (նկատի ունի` «Տիրոջը». -Լ.Ս.):

– Իսկ ո՞ր եկեղեցում եք պատարագ մատուցել:

– Էնքա՜ն կա, ո՞ր մեկն ասեմ:

– Այսինքն` նման դեպքեր շա՞տ են եղել:

– Այո, մեկն Անիում է եղել, ասկյարների գլխի տակ ես պատարագ եմ մատուցել Մայր տաճարում:

– Քահանա չկա՞ր:

– Չէ: Ես եմ քահանայություն արել, ու չէին թողնում: Դրա կասետներն էլ կան: Ես Անիում ասել եմ, որ էդ տարածքները մերն են: Մի օր որ գաս Գյումրի` ցույց կտամ կասետները:

– Այնպես եք արել, որ մարդիկ վախենում են Գյումրի գալ:

– Չէ, մի վախեցի, արի:

– Անընդհատ կրակում են:

– Չէ, մի վախեցի, մենք վախդ կբռնենք: