– Տիկին Օսկանյան, սովորաբար պարոն Օսկանյանը հարցնո՞ւմ է, թե ինչ նվեր կցանկանայիք ստանալ: Եվ ի՞նչ է նվիրել այս մարտի 8-ին:
– Ոչ, երբեք չի հարցնում` ինչ առնի, ես գիտեմ, ինչ պիտի նվիրի՝ ծաղիկներ: Երեկվա նվերն էլ վարդեր էին:
– Իսկ քանի՞ հատ:
– Անկեղծ ասած, չեմ հաշվել, բայց մեկ հատ էլ բերի, OK է, կարեւորը, որ հիշել է:
– Լինել պաշտոնյայի կին նշանակում է մշտապես լինել ուշադրության կենտրոնո՞ւմ, թե՞ ընդհակառակը՝ ամուսնու ստվերում:
– Ուշադրության կենտրոնում շատ չեմ, բայց ստվերում էլ չեմ: Ես իմ գործն եմ անում ու շատ սիրում եմ, դրա համար եմ անում, ոչ թե` ուշադրություն գրավելու: Եվ կարծեմ, մարդիկ գնահատում են:
– Ըստ վարկանիշային հարցման` 2002 թվականին Վարդան Օսկանյանը Հայաստանի ամենահմայիչ տղամարդկանց շարքում առաջին տեղում էր: Հմայքն օգնո՞ւմ է նրա դիվանագիտական գործունեությանը:
– Չեմ կարծում, նա շատ անկեղծ, նվիրված աշխատում է եւ այնպիսի անձ չէ, որ չարաշահի սեփական հմայքը գործի մեջ:
– Մարդիկ սովոր են տեսնել պրն Օսկանյանին հեռուստատեսությամբ, ամբիոնից: Ինչպիսի՞ն է նա տանը, առօրյայում:
– Շատ համեստ, հանգիստ, ջերմ անձնավորություն է: Տան մեջ` ոչ պահանջկոտ: Բայց որպես հայր խիստ է, եւ ես գնահատում եմ դա, որովհետեւ սիրում եմ, երբ տան ղեկավար անձը խիստ է:
– Ձեր եւ Ձեր ամուսնու մասնագիտություններն ինչ-որ կերպ ազդո՞ւմ են մեկը մյուսի վրա:
– Այո, անշուշտ: Մարդկանց փոխհարաբերությունների մեջ ինձ օգնում է Վարդանի դիվանագիտական մասնագիտությունը: Իմ բժշկական մասնագիտությունն էլ իրեն է օգնում ՝ ճիշտ սնվելը, մարզանքը, սպորտը, առողջ ապրելակերպը, ադ ալ կարեւոր է:
– Ինչո՞վ է զբաղվում Դիվանագետների կանանց ասոցիացիան, որի անդամն եք նաեւ Դուք:
– Մեր ասոցիացիայի անդամ են օտարերկրացի հավատարմագրված դեսպանների կանայք եւ Արտգործնախարարության վարչության պետերի կանայք: Աշխատում ենք երեխաներին նվիրված բարեգործական տարբեր ծրագրերի վրա: Երեխաների միջազգային օրը երկու տարի անցկացրեցինք «բազար» եւ շատ հաջող անցավ: Օտարերկրացիները իրենց մշակույթն են ներկայացնում, մենք` մերը, մեր ճաշատեսակները, այսպես իրար հետ մշակույթ ենք փոխանակում, իրարից շատ բան ենք սովորում, կուզենայինք, որ ժողովուրդն էլ մասնակցի: Այդ միջոցառումներից գումար հավաքվեց, ահավասիկ ծրագրեր պետք է ֆինանսավորենք՝ Սպիտակում երեխաների համար խաղահրապարակ ենք կառուցելու, կանանց արվեստի դպրոցին պետք է աջակցենք, հիվանդանոցին պիտի նվիրենք բժշկական գործիքներ, Սիրիայից եւ Թուրքիայից պետք է երեխաների համար գրենական պիտույքներ ուղարկեն, որը ես պիտի բաժանեմ դպրոցներին, համակարգիչ եմ ստացել բաժանել, գրքեր, դեղորայք: Երեխաների առողջության պահպանման ասոցիացիան էլ եմ ես ղեկավարում եւ ծրագիր ունենք, որ երեխաներին բժշկական ստուգումներ ենք անում, որովհետեւ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան բուժել: Ունենք կարիքավոր երեխաների համար դպրոց, որ փոխանակ փողոցը պտտելու, ժամանակ վատնելու, ավելի լավ է երեխային բերել դպրոց, կրթել, դաստիարակել, որ հետագայում աշխարհի երեխաների հետ մրցեն:
– Դուք մասնակցում եք բարձրաստիճան խավի հանդիպումներին, ճաշկերույթներին եւ այլն: Ավելի շատ հաճո՞ւյք եք ստանում, թե՞ ձանձրանում եք նման միջոցառումներից:
– Երբեք չեմ ձանձրանում, ինչ որ անում եմ՝ սիրով եմ անում: Ամեն հանդիպում նույնը չէ: Լինում են գործնական շփումներ, ընկերական հանդիպումներ, համերգներ, ցուցահանդեսներ կայցելենք: Հաճելի զրույցներ ենք ունենում տարբեր թեմաների շուրջ:
– Դուք Միացյալ Նահանգներից Հայաստան եկաք 1992-ին՝ ցուրտ ու մութ տարիներին, ինչպե՞ս համակերպվեցիք պայմաններին:
– Գիտակցորեն: Շատ ծանր էր, իհարկե, չեմ ուզե հիշել հիմա այդ տարիները, բայց վստահ էինք Հայաստանի ապագայի համար, դրական էինք տրամադրված, եւ մեր սպասելիքներն արդարացվեցին:
– Մասնագիտությամբ մանկաբույժ եք: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս ոլորտում:
– Երեխային առաջինը որ մոտենում է՝ մայրն է: Մայրն առաջին բժիշկն է իր երեխայի համար: Խնդիրներից կարելի է խուսափել, եթե մայրը հոգ տանի, խնամի եւ նվիրվի իր երեխային:
– Ինչո՞վ են զբաղվում Ձեր որդիները, ի՞նչ մասնագիտություն են ընտրել, եւ արդյո՞ք նրանց ապագան Հայաստանում եք տեսնում:
– Տղաներս՝ Արա եւ Արման, մեկը 21 տարեկան է, մյուսը՝16, երկուսն էլ սովորում են: Մեծը սովորում է Բոստոնի «Tufts» համալսարանում, ընտրել է միջազգային հարաբերություններ մասնագիտությունը, իսկ մյուսը այստեղ կսովորի՝ միջազգային դպրոցում 11-րդ դասարան է: Միանշանակ կարող եմ ասել, որ իրենց ապագան կպատկերացնեմ միայն Հայաստանում:
– Պարոն Օսկանյանը Ձեզ հետ կիսվո՞ւմ է իր աշխատանքային խնդիրներով:
– Աշխատանքային, քաղաքական հարցերով՝ ոչ, երբեք:
– Պաշտոնական այցից վերադառնալիս պարոն Օսկանյանին ինչպե՞ս եք դիմավորում, կա՞ ընտանեկան ավանդույթ:
– Այո, անպայման՝ ճամփել տնից, հաջողություն մաղթել, բարի, անփորձանք օր մաղթել եւ դիմավորելուց աշխատում եմ էնպես անել, որ աշխատանքից վերադառնալով` իր տանը հանգիստ գտնի, հոգսերից ազատվի:
– Որքա՞ն ժամանակ եք անցկացնում խոհանոցում, եւ ի՞նչ են սիրում ճաշակել ձեր ընտանիքում:
– Ճաշը հաստատ ես եմ պատրաստում եւ ամեն օր ճաշ եմ պատրաստում, տարբեր խոհանոցներից, խոհարարական գրքերից եմ օգտվում: Հասցնում եմ իմ աշխատանքը՝ դրսում եւ տունը, որովհետեւ սիրում եմ լավ սեղան գցել, որ բոլորս միասին ճաշենք: Խոհանոցում բավական ժամանակ եմ անցկացնում՝ ափսե եմ լվանում, եփում, պատրաստում, ինչպես բոլոր հայ կանայք:
– Ո՞րն է կնոջ հասարակական դերը եւ որն է նրա դերը տղամարդու կյանքում:
– Այսօրվա մեր իրականության մեջ կինը շատ անելիք ունի եւ շատ կարեւոր է, որ նա ակտիվ լինի: Եթե ամեն մեկը կարողանա իր մասնակցության լուման դնի, շատ մեծ գնահատականի կարժանանա: Տղամարդու կողքին կինը պետք է լինի զուսպ, նվիրված, բարի, եւ տղամարդը պետք է իմանա, որ իր կողքին միշտ կա մեկը, որին ինքը կարող է վստահել:
– Իբրեւ կին ի՞նչ կմաղթեք հայ կանանց:
– Հայ կինը այն բացառիկ կանանցից է, որ կարողանում է գործունեություն ծավալել ամեն դժվարին ոլորտներում՝ լինել բանվորուհի, բժիշկ, գիտնական եւ, ինչո՛ւ չէ, նաեւ գործարար եւ քաղաքական գործիչ: Կցանկանամ, որ կանայք առողջ լինեն, հաջողակ լինեն, սեր, գուրգուրանք, ընտանեկան ջերմություն ունենան: Տղամարդկանց կցանկանամ, որ միայն նվերներով, զարդերով չգոհացնեն կնոջը, այլ հոգատարություն, սեր ու հարգանք տան: