Ակումբ-12

30/05/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Մի տարի առաջ նույն տեղում կայացած նմանատիպ հավաքից հետո ԱՊՀ-ի նկատմամբ նախագահների վերաբերմունքի մեջ որեւէ էական փոփոխություն չի նկատվում. այն պահպանելու անհրաժեշտության մասին կրքոտ հանդես է գալիս, թերեւս, միայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Սակայն նա հայտնի է ոչ միայն որպես ԱՊՀ-ի կողմնակից, այլ որպես ամենուր եւ ամեն ինչում ինտեգրացիոն գործընթացների ջատագով: Համագործակցության անդամ երկրների մեծ մասը չի թաքցնում իր անտարբեր վերաբերմունքը միջազգային այս կազմավորման նկատմամբ եւ գործում է` ակնհայտորեն Մոսկվային նայելով: Մյուսները չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը: Օրինակ՝ Վրաստանը: Սակայն նա եւս վերապահումներ է անում, իբր ԱՊՀ-ն բոլորովին պետք չէ, Համագործակցությունից դուրս գալու հարցն արդեն վճռված է, իսկ գործնականում նրա կազմից դուրս գալը տեղի կունենա, երբ իրենց հարմար լինի:

Բայց եւ այնպես Թբիլիսին փորձում է կայանալիք գագաթաժողովից առավելագույն օգուտ քաղել: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ինչպես մի տարի առաջ, տարակուսանքի մեջ է` գնա՞լ, թե՞ չգնալ: Եվ նրա խոսքերով` ինքը Պետերբուրգ կմեկնի միայն այն դեպքում, եթե երես առ երես հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ: Նույնն էր նաեւ մի տարի առաջ: Արդյունքում հանդիպելու նրա առաջարկը մերժվեց, բայց նա, այնուամենայնիվ, Ռուսաստանի մայրաքաղաք մեկնեց: Եվ հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ: Ճիշտ է, այդ հանդիպումն առանձնապես օգուտ չտվեց. ռուս-վրացական հարաբերություններն ինչպես լարված էին, այդպես էլ լարված մնացին:

Սեփական խաղն է փորձում խաղալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Էներգետիկան բավականին փչացրել է Մոսկվայի եւ Մինսկի հարաբերությունները, այն աստիճանի, որ Ալեքսանդր Գրիգորեւիչը էներգիայի այլընտրանքային աղբյուրներ փնտրելիս հասել է անգամ Վենեսուելա: Պետերբուրգում նա ակնհայտորեն այս կամ այն կերպ Մոսկվային կմեղադրի ԱՊՀ անդամ երկրների միջեւ այսպիսի հարաբերությունների համար` չհրաժարվելով սակայն Միացյալ պետություն կառուցելու գաղափարից: Բայց դժվար թե դրանից բան դուրս գա:

Մոսկվան այժմ ավելի շատ հետաքրքրված է Ղազախստանի, Թուրքմենիայի եւ, հնարավոր է, Ուզբեկստանի հետ Կենտրոնական Ասիայի էներգակիրներն իր տարածքով դեպի արեւմուտք փոխադրելու համատեղ նախագծերով: Այդ պատճառով, հավանաբար, հենց այդ երկրների նախագահները Մոսկվայի համար կդառնան կայանալիք այդ գագաթաժողովի գլխավոր դեմքերը: Այդ տարածաշրջանի մյուս երկու հյուրերը, որոնց երկրները զուրկ են ածխաջրածնի պաշարներից, ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն «կյանքի այս խրախճանքին» մասնակցել զուտ իբրեւ դիտորդներ: Թեեւ նրանք կփորձեն ինչ-որ կերպ լուծել նաեւ իրենց խնդիրները: Օրինակ, Տաջիկստանը դժգոհ է Ուզբեկստանից, որն իր աշխարհագրական նպաստավոր դիրքն օգտագործելով` խոչընդոտում է հարուստ Ղազախստանի հետ սերտ կապեր հաստատելուն:

Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինն առավելագույն ջանքեր կգործադրի, որ «հալեցնի» սառույցը Մոսկվայի հետ հարաբերություններում: Վերջերս խոսվում էր ռուսական շուկաները մոլդովական գյուղմթերքների եւ գինիների վերադարձի մասին: Սակայն վաճառասեղաններին այդ ապրանքները դեռ չեն հայտնվել, եւ նախագահն ակնհայտորեն կփորձի արագացնել ձգձգվող գործընթացը:

Պետերբուրգյան գագաթաժողովի ակնհայտ ինտրիգն, անշուշտ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն է լինելու: Բանակցային գործընթացի միջնորդներն արդեն վաղուց այդպիսի լավատեսություն չէին սփռել, ինչպես հիմա: Մինսկի խմբի ներկայացուցիչներից վաղուց այդպիսի կոնկրետ հայտարարություններ չէին հնչել: Այս օրերին նրանք խոսում են հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի մասին, իսկ ադրբեջանական յոթ շրջանների ազատագրման մասին խոսում են այնպիսի տոնով, կարծես դա արդեն կայացած փաստ է:

Ոչ պակաս հետաքրքրությամբ են սպասում Վլադիմիր Պուտինի եւ Վիկտոր Յուշչենկոյի հանդիպմանը: Քաղաքական ճգնաժամը, որն ավարտվեց սեպտեմբերի վերջին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին համաձայնագրով, ցույց տվեց միջազգային հանրության տրամադրությունները: Մոսկվան, ի տարբերություն Արեւմուտքի, համակրում էր վարչապետ Վիկտոր Յանուկովիչին: Դրա հետ կապված` նախագահների հնարավոր հանդիպումը որոշակի լարվածություն է ձեռք բերում: Եթե, իհարկե, հանդիպումը տեղի ունենա:

Այս ամենով հանդերձ, ռուսական փորձագիտական ընկերությունը ենթադրում է, որ Պետերբուրգում ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենա. միջոցառումն ավելի շատ աշխարհիկ է, քան քաղաքական: Այլ կերպ ասած` նրանք հաստատում են տարածված կարծիքը, թե ԱՊՀ-ն չի հավակնում միջազգային արդյունավետ կազմավորում լինելու, այն մի տեսակ վերածվել է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ակումբի: