Լեւոն Գուլյանի սպանությունը միջազգային արձագանք է ստանում

30/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը բաց նամակ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում հեղինակավոր կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հոլի Քարթները մտահոգություն է հայտնել Լեւոն Գուլյանի մահվան առնչությամբ:

«Կոչ ենք անում ձեզ ապահովել լիակատար եւ անկախ հետաքննություն իրավապահ մարմնում արձանագրված մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ այն հայտարարության, համաձայն որի, Գուլյանը կարող է մահացած լինել Ոստիկանության գործողությունների արդյունքում»,- ասված է Հ. Քարթների՝ մայիսի 18-ի նամակում: Նամակը հրապարակվել է նախորդ շաբաթավերջին: Հիշեցնենք, որ 31-ամյա Լեւոն Գուլյանը մահացել է մայիսի 12-ին ոստիկանության Քրեական հետախուզության վարչության շենքում, ուր նրան հարցաքննության էին տարել իրեն պատկանող «Պանդոկ» ռեստորանի դիմաց Ստեփան Վարդանյանի սպանության կապակցությամբ: Ականատեսները Human Rights Watch-ին տեղեկացրել են, որ Գուլյանի մարմնի վրա առկա են եղել «վերքեր եւ անթույլատրելի վերաբերմունքի այլ հետքեր»: Գուլյանին պատկանող ռեստորանի աշխատակից Հայկ Մելքումյանը, ով նույնպես հարցաքննվել է որպես վկա, իրավապաշտպան կազմակերպությանը փոխանցել է, որ Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել: «Մեզ հայտնի է, որ դատախազությունը հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Մենք ողջունում ենք այդ քայլը, սակայն գործի հանգամանքները որոշակի մտավախության հիմքեր են տալիս, որ մինչեւ այս պահը հետաքննությունը չի համապատասխանում ձերբակալվածների մահվան դեպքերի հետաքննության միջազգային ստանդարտներին, եւ, որ Գուլյանի մահվան դեպքում խոսքը կարող է վերաբերել պաշտոնատար անձանց կողմից առավել ծանր հանցագործությանը,- ասված է նամակում, ուր նաեւ նշված է,- Պնդում ենք մեր կոչը՝ ապահովել լիակատար, անկախ եւ թափանցիկ հետաքննություն Գուլյանի մահվան հանգամանքների կապակցությամբ, որը թույլ կտա ի հայտ բերել մեղավորներին եւ նրանց պատասխանատվության ենթարկել օրենքի ամբողջ խստությամբ»: Ի դեպ, Լեւոն Գուլյանի հարազատների համոզմամբ՝ Լեւոնին ծեծելով սպանել է ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովիկ Թամամյանը, իսկ այնուհետեւ դժբախտ պատահար բեմադրելու նպատակով Լեւոնի դին նետել են Ոստիկանության պատուհանից: Ոստիկանությունը հերքում է այս վարկածը եւ ներկայացնում Լ. Գուլյանի մահվան հետ կապված ծառայողական հետաքննության նախնական արդյունքները, որով Ոստիկանությունը հաստատում է ավելի վաղ իր կողմից տրված բացատրությունն այն մասին, որ որպես վկա մայիսի 12-ին կամավոր Ոստիկանություն ներկայացած Լ. Գուլյանը Ոստիկանության աշխատակցից ջուր է խնդրել, եւ, օգտվելով նրա բացակայությունից, փորձել է պատուհանից փախչել, սակայն ընկել է եւ մահացել: «ՀՀ Ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննության նախնական արդյունքներով հիմնավորվել է, որ ՔՀ Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հ. Թամամյանը մայիսի 10-ից ի վեր Լեւոն Գուլյանի հետ որեւէ առնչություն չի ունեցել»,- նշում է ՀՀ Ոստիկանությունը՝ կոչ անելով զերծ մնալ կանխակալ գնահատականներից, որակումներից ու շահարկումներից: Իսկ Human Rights Watch-ը ՀՀ Գլխավոր դատախազին հասցեագրված նամակում հիշեցնում է, որ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանը պարտավոր է լիակատար եւ համոզիչ բացատրություն ներկայացնել ձերբակալվածների մահվան յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ՝ մանրակրկիտ եւ անկախ հետաքննության եւ իշխանությունների առնչության աստիճանի հստակեցման հիման վրա»: «Նման քննություն չանցկացնելը եւ մեղավորների նկատմամբ համապատասխան քրեական հետապնդում չապահովելը Հայաստանի կողմից Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պարտավորությունների խախտում կլիներ»,- ընդգծում է իրավապաշտպան կազմակերպությունը՝ ՀՀ գլխավոր դատախազին կոչ անելով նաեւ համապատասխան միջոցներ ձեռնարկել Գուլյանի հարազատների իրավունքներն ապահովելու համար: