Երեք անգամ քիչ ծիրանի բերք կունենանք

30/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Այս տարվա ապրիլին գրանցված ցրտահարությունը եւ տեղումները, պարզվեց, էական վնաս են հասցրել գյուղատնտեսությանը, հատկապես՝ այգեգործությանը:

– Վնասներ կան, իհարկե, բայց ցրտահարության հետեւանքով գյուղատնտեսությունն էական վնասներ չի կրել: Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանի անկման պատճառով խաղողի նոր բացված բողբոջները, հատկապես՝ սեղանի սորտերը, առանձին հատվածներում վնասվել են: Բայց ընդհանուր առմամբ խաղողի այգիներում մենք մեծ խնդիրներ չունենք: Իհարկե, խոսքը վերաբերում է թաղված այգիներին: Այս օրերին, երբ մարդիկ դժգոհություն են հայտնում, թե խաղողի վազերը վնասվել են, այդպես չէ: Եթե խաղողի վազերը նորմալ թաղվել են, ուրեմն միանշանակ որեւէ վնաս չեն կրել: Եթե թաղված չեն եղել, բնականաբար, տուժել են:

– Իսկ մե՞ծ ծավալներ են կազմում չթաղված այգիները:

– Ո՛չ, դրանք փոքր ծավալներ են կազմում եւ հիմնականում թարմաների, հենասյուների վրա բարձրացվող վազերն են: Նորմալ, բարձր բերքատու այգիները, որոնք իսկապես սրտացավ տերեր ունեն ու լավ ծածկված են, ընդհանրապես չեն տուժել եւ փայլուն բերք կտան: Իսկ չթաղված այգիները 10, 20, մինչեւ 50 տոկոսով բերքի կորուստ կունենան:

– Մեր տեղեկություններով՝ զգալիորեն տուժել են հատկապես ծիրանի այգիները:

– Այո, ծիրանենու ամբողջ ծաղկման պրոցեսը համընկավ տեւական ու տեղատարափ անձրեւների հետ: Փաստորեն, փոշոտման պրոցեսը, հետագայում պտղագոյացման ու պտղի զարգացման պրոցեսներն անցան խիստ անբարենպաստ ռեժիմի պայմաններում, որի հետեւանքով էլ տեղի ունեցավ մասսայական պտղավիժում: Այդ պատճառով էլ հանրապետությունում ծիրանի բերքը բավականին ցածր կլինի եւ նախորդ տարվա մակարդակին զգալիորեն կզիջի: Իհարկե, առանձին հատվածներում, որտեղ ծաղկումը մի փոքր շուտ կամ ուշ է եղել, եւ դա ուղղակի զուգադիպել է մի քանի ժամվա կամ օրվա նորմալ եղանակին, փոշոտումը նորմալ է ընթացել: Այդ հատվածներում ինչ-որ բան կա:

– Եթե համեմատենք անցյալ տարվա հետ, այս տարի ծիրանի բերքը որքա՞ն քիչ կլինի:

– Անցյալ տարի հանրապետությունում մոտ 50.000 տոննա ծիրանի բերք էր արտադրվել, այս տարի նախնական տվյալներով 15-20 հազար տոննան չի գերազանցի: Հիմնական տուժողը ծիրանն է:

– Իսկ դեղձենիները եւ կեռասենինե՞րը:

– Դեղձի վաղահաս սորտերի մոտ որոշ հատվածներում նորից խնդիրներ կան, բայց միջահաս եւ ուշահաս սորտերի բերքը նորմալ է: Կեռասենու դեպքում նույնպես որոշ հատվածներում կան բերքի կորուստներ, բայց երբ հարթավայրերի եւ բարձրադիր վայրերի միջին վիճակն ենք վերցնում, տեսնում ենք, որ պատկերն այդքան էլ վատ չէ: Կորուստները տեղումների եւ անբարենպաստ եղանակի հետեւանք են:

– Իսկ ջրհեղեղներն ի՞նչ վնասներ հասցրին գյուղատնտեսությանը:

– Ջրհեղեղումների հետեւանքով եւս բավականին վնասներ են գրանցվել: Մեր մասնագետներն աշխատում են մարզերում: Ես, օրինակ, եղել եմ ամբողջ Արարատի մարզում: Ուսումնասիրել ենք մարզում տեղումների հետեւանքները, հիմա տվյալներն ենք ամփոփում: Որոշ հատվածներում, իհարկե, կան բավականին լուրջ վնասներ: Տուժել են ափամերձ հացահատիկային, բանջարանոցային մշակաբույսերի, կարտոֆիլի ցանքատարածությունները: Բացի այդ, Արտաշատի եւ Արարատի տարածաշրջաններում ունենք դեպքեր, երբ հեղեղը ողողել եւ ամբողջությամբ տարել է հողը կամ խաղողի այգու որոշակի հատվածը: Կան նաեւ արոտներ եւ խոտհարկեր, որոնք նույնպես ջրածածկ են եղել: Բայց խոտհարկերն ու արոտավայրերն ի տարբերություն ցանքատարածությունների` ջրի քաշվելուց հետո շուտ կվերականգնվեն: Իսկ Մասիսի տարածաշրջանի Նորամարգ գյուղում զգալիորեն տուժել են գյուղացիական տնտեսությունները, որոնք սինթետիկ թաղանթների տակ ջերմատներ էին ստեղծել: Նորամարգը փախստականներով է բնակեցված: Մարդիկ նոր-նոր սովորել էին ինտենսիվ հողագործությամբ զբաղվել, գյուղմթերք արտադրել եւ շուկայում վաճառել: Դա կարելի էր առաջընթաց համարել, բայց, դժբախտաբար, մեծ թվով տնտեսություններ ամբողջությամբ տուժեցին: Ջուրը լցվեց եւ ամբողջությամբ շարքից հանեց նրանց ջերմատները: Այդ ջերմոցներում պոմիդոր, վարունգ էին աճեցնում: Այդ ժամանակ սածիլները ծաղկման փուլում էին եւ ոչնչացան: Մարդիկ բավականին լուրջ ծախսեր էին կատարել: Այդ առումով վնասներն էական են:

– Դա հավանաբար ազդելու է բերքի ընդհանուր քանակի վրա, եւ այս տարի էլ շուկայում բանջարեղենի գները բավականին բարձր կլինեն:

– Չէ, դրանք այդքան մեծ ծավալներ չեն կազմում եւ էական ազդեցություն չեն թողնի շուկայի վրա: Այդ տուժած հատվածները եթե գումարենք` ընդամենը 10-15 հեկտար կկազմեն: 5-10 հեկտարի չափով էլ կարտոֆիլի ցանքատարածություններն են տուժել:

– Դուք ներկայացնում եք միայն Արարատի մարզի տուժած հատվածները: Բայց չէ՞ որ վնասներ կան նաեւ Արմավիրի եւ մյուս մարզերում: Չե՞ք կարծում, որ բոլոր մարզերի վնասները կարող են բերքի ընդհանուր քանակի եւ շուկայի գնագոյացման վրա էական ազդեցություն թողնել:

– Չէ, էլի չեմ պատկերացնում էդպիսի բան, որովհետեւ այդ ափամերձ հատվածներում հիմնականում մշակում են հացահատիկային եւ կերային մշակաբույսեր, կամ էլ խոտհարկեր եւ արոտավայրեր են, փոքր ծավալով՝ նաեւ պտղատու այգիներ են:

– Ջրհեղեղից տուժել է նաեւ Հայաստանում կարտոֆիլի հայրենիք համարվող Գեղարքունիքի մարզը:

– Այդ օրերին Գեղարքունիքում ցանած կարտոֆիլ չէր լինի, որովհետեւ անբարենպաստ եղանակների պատճառով ցանքսը ուշացել էր: Կարող է՝ տնամերձերում փոքր-փոքր տարածքներ ցանել էին, բայց մեծ հողակտորները դեռ մնում են:

– Փաստորեն, այս տարի գյուղատնտեսական տարին մոտ մեկ ամսով ետ ընկավ: Այդ հեղեղված մասերում գյուղացիական տնտեսությունները գոնե հիմա սկսե՞լ են հիմնական ցանքսը:

– Հիմնականում դեռ չեն սկսել: Օրինակ, երեկ Արարատի մարզում տեսա, որ մոտ մեկ շաբաթ հետո նոր կկարողանան ցանել: Տեղեր կան, որ ջուրը քաշվել է, բայց հողը գերխոնավ վիճակում է, եւ հնարավոր չէ ցանք կատարել: Մարզ չկա, որ անձրեւներից ու հեղեղումներից տուժած չլինի: Մենք վնասների ուսումնասիրություն ենք կատարել եւ ընդհանուր տվյալները մի քանի օրից կներկայացնենք ՀՀ տարածքային կառավարման նախարարին: