«Աստված էլ չգիտի, թե ո՞ւմ` ի՞նչ է տալիս»

30/05/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Իջեւանի «Բենտոնիտի գործարանը» Կառավարության թիվ 17 որոշման համաձայն՝ մասնավորեցվել է 1996 թվին: Գործարանը սեփականաշնորհվել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, իսկ սա նշանակում է, որ գործարանը գնողները չեն ունեցել որեւէ ներդրումային պարտավորություններ: Այս գործարանն իրացվել է վաուչերներով: «Բենտոնիտի գործարանի» մասին տեղեկատվությունը կարելի է հենց այսքանը համարել, որը մեզ է տրամադրել Պետական գույքի կառավարման վարչությունը: Գործարանի աշխատելու կամ չաշխատելու մասին պետական որեւէ մարմին տեղեկատվություն չունի: Մեր տեղեկություններով՝ այս գործարանը 1996-ից հետո մի քանի անգամ վերավաճառվել է, իսկ 2000թվին առուծախի հետ կապված ինչ-որ վեճ էր առաջացել սեփականատերերի միջեւ: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունից ասացին, որ գործարանի վերաբերյալ տեղեկություններ կարող ենք ստանալ Հանքարդյունաբերության վարչությունից: Թեպետ Հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը գործարանի մասին նույնպես տեղեկություններ չուներ, սակայն որոշ դատողություններ, այնուամենայնիվ, արեց. «Բենտոնիտը շատ լավ բան էր, սակայն հենց որ ստեղծվեց տրանսպորտային շրջափակման այս իրավիճակը, երբ ճանապարհածախսը առաջվա նման 2 կոպեկ չէ, սեփականատերը չի կարող արտահանում անել: Դե, որ աշխատեցնելու հնարավորություն ունենային, կաշխատեցնեին: Հո թշնամի չի՞, որ եկել-ասել է` հանկարծ չաշխատեցնեք»: Ստացվում է, որ արտադրական միավորները սեփականաշնորհելուց հետո պետությունը «լվանում է ձեռքերը» եւ անգամ չի էլ հետաքրքրվում տվյալ միավորի ճակատագրով, էլ ո՞ւր մնաց, թե խոսք լիներ վերահսկողության մասին: Նշենք, որ «Բենտոնիտը» սովորական գործարան չէ, այն արտադրանք է տալիս Հայաստանի ընդերքի հաշվին եւ հաշվետու է համապատասխան իրավասու մարմիններին, այս պարագայում` ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման եւ Բնապահպանության նախարարություններին: Պարզ լինելու համար նշենք, որ բենտոնիտը հանքաքար է, որի հանքավայրը հիմնականում գտնվում է Իջեւան-Նոյեմբերյանի շրջանում եւ հայտնի է «Սարի գյուղի բենտոնիտ» անունով: Այս գործարանը չաշխատելու համար քիչ հիմքեր ունի, քանի որ հիմնական հումքը` հանքաքարը գտնվում է հենց գործարանի «քթի տակ»:

Ի տարբերություն պետական մարմինների, գիտական հատվածում գտնվեցին մարդիկ, ովքեր դեռ հիշողություններ ունեն «Բենտոնիտի» գործարանի մասին:

Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդհանուր եւ անօրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի լցանյութերի լաբորատորիայի նախկին վարիչ Գեւորգ Մարտիրոսյանն է գտել այն տեխնոլոգիան, որով հնարավոր է դարձել ակտիվացնել բենտոնիտը: Գեւորգ Մարտիրոսյանի որդին` Վարդան Մարտիրոսյանն էլ, իր հոր մահից հետո դարձել է նրա ղեկավարած լաբորատորիայի վարիչը: Նա էլ որոշ մանրամասներ ներկայացրեց «Բենտոնիտի գործարանի» մասին:

«Իմ տեղեկություններով՝ ներկայումս «Բենտոնիտի գործարանը» հանքաքարը մանրացնում, չորացնում է միայն, մի ժամանակ փաթեթավորում էին պարկերում, սակայն որքան գիտեմ` դա էլ չեն անում եւ այդպես վաճառում են: Բենտոնիտն իրենից կավ է ներկայացնում, որը ունի շերտավոր կառուցվածք եւ մեծ քանակությամբ ջուր է կլանում, որի արդյունքում էլ ուռչում է: Կա կալցիումական տիպի բենտոնիտ, որի պաշարները Հայաստանում քիչ են, մեզ մոտ հիմնականում նատրիումական տիպն է, որի հետ աշխատելը բավականին դժվար է` իր ուռչելիության հատկության հետ կապված: Քանի որ բենտոնիտը հիմնային հատկություն ունի, ժամանակին տեղացիները այդ կավով լվացք են արել եւ «գել» են ասել դրան: Արտադրական պրոցեսում կիրառելու համար բենտոնիտից կարելի է ստանալ լավ ատսորբենտ «կլանող»: Ատսորբենտը լուծույթից կարող է կլանել խառնուրդները: Ամբողջ աշխարհում ատսորբենտները հիմնականում կիրառվում են ձեթի մաքրման, նավթարդյունաբերության մեջ: Վրաստանը նույնպես ունի բենտոնիտի գործարան, որն արտադրել է ակտիվացված բենտոնիտ: Բենտոնիտն ակտիվացնելու պարագայում նրա վրա խոռոչներ են գոյանում, որի հաշվին էլ մեծանում է նրա կլանման մակերեսը: Սովորական բենտոնիտի 1գրամը կարող է ունենալ 10քառ. մետր մակերես, իսկ 1գրամ ակտիվացվածի մակերեսը կարող է հասնել 250-300քառ. մետրի` ի հաշիվ խոռոչների: Վրացական բենտոնիտը կալցիումական ձեւն է, որի ուռչելիությունը քիչ է, եւ նրա հետ աշխատելը հեշտ է: Գրեթե ողջ աշխարհում ակտիվացման համար օգտագործում են կալցիումական ձեւը, քանի որ քիչ ջուր է կլանում: Մեր ունեցած ձեւը նատրիումականն է, որը շատ ջուր է կլանում, սակայն իր հատկություններով ավելի լավն է, քան կալցիումականը: Մեր լաբորատորիայի նախկին վարիչը` իմ հայրը ձեւ էր մշակել, որի միջոցով հնարավոր էր ակտիվացնել նատրիումական բենտոնիտը եւ ստանալ ավելի որակով ատսորբենտ, քան վրացական արտադրանքն էր: Այս մեթոդը 1980-ականներին ներդրվել է «Իջեւանի բենտոնիտի գործարանում» եւ գործարանը սկսել է արտադրել նաեւ ակտիվացված բենտոնիտ, որը մեծ պահանջարկ ուներ ռուսական շուկայում: Մինչ այդ արտադրում էին միայն սովորական բենտոնիտ, որը հիմնականում օգտագործվում է գինու արտադրության մեջ: 1990-ականներին ճանապարհների շրջափակումից հետո բենտոնիտը կորցրեց իր ռուսական շուկան, իսկ այդքան մեծ ջանքերով ստեղծված գործարանի ակտիվացման ցեխը, իմ տեղեկություններով, հիմնովին քայքայվել է: Գործարանի նախկին տերերը ոչինչ չէին արել, իսկ նոր տերերն էլ փորձում էին ինչ-որ բան անել, սակայն ոչ ակտիվացման ցեխի վերականգնման ուղղությամբ: Փորձում էին գտնել բենտոնիտի համար կիրառության նոր ոլորտներ, որն անմիջապես փող կբերեր եւ մեծ ներդրումներ չէր պահանջի: Օրինակ, ինձ մի քանի անգամ դիմել են այն հարցով, թե ինչ կարելի է անել բենտոնիտը շինարարության մեջ կիրառելի դարձնելու համար: Ես նրանց բացատրել եմ, որ բենտոնիտը սովորական կավ չէ եւ նրանից հնարավոր չէ, ասենք, կղմինդրներ պատրաստել: Գործարանը ներկայումս արտադրում է միայն սովորական բենտոնիտ եւ այն էլ՝ միայն ներքին շուկայի պահանջների համար: Այսօր անիմաստ է սովորական բենտոնիտի արտահանումը, այն գնային առումով բավականին էժան նյութ է եւ թանկ ճանապարհների պարագայում չի արդարացնում իր վրա կատարած ծախսերը: Աշխարհն ունի ակտիվացված բենտոնիտի պահանջարկ: Մեր հարեւան երկրներից Իրանն ու Թուրքիան ակտիվացված բենտոնիտը ներկրում են Եվրոպայից, եւ Հայաստանը կարող էր մտնել այս շուկա»,- ներկայացրեց Վարդան Մարտիրոսյանը:

Բենտոնիտի պաշարների պակաս Հայաստանը չունի, սակայն ունի իր ունեցածից բարիքներ չստեղծելու օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Հետաքրքիրն այն է, որ ոչ ոք անտարբեր չէ բենտոնիտի հանքավայրերի եւ գործարանի նկատմամբ: Ուստի այս գործարանը ձեռքից ձեռք անցնելու ճանապարհին երբեք էլ երկար չի սպասել նոր տիրոջ հայտնվելուն: Այստեղ հիմնական խնդիրը միջոցներ չներդնելու մեջ է, երբ սեփականատերն առանց փող ծախսելու ուզում է զգալի եկամուտներ ստանալ: Տեղական շուկային սովորական բենտոնիտ մատակարարելով` «Բենտոնիտի գործարանի» սեփականատերն, այսպես թե այնպես, պահում է իր գլուխը: Պարզապես այստեղ հանքավայրն է ափսոս: