ՀՀ Գլխավոր դատախազության ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դատախազության Քննչական վարչությունում ավարտվել է երեխայի առք ու վաճառքի եւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ այդմ, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պատասխանատու բժիշկ Մհեր Ենգիբարյանը, Եկատերինա Առուստամյանի եւ Անահիտ Պետրոսյանի օժանդակությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել Գյուլնարա Մանվելյանի հետ՝ վերջինիս ծննդաբերությունը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում կազմակերպելու եւ նորածին երեխային 2000 ԱՄՆ դոլարով գնելու վերաբերյալ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մ. Ենգիբարյանը 04.12.2006թ.-ին բժշկական կենտրոնում Գ. Մանվելյանին «կեսարյան հատման» եղանակով վիրահատել է, որից հետո վերջինս հրաժարվել է երեխայից ու նրան 1500 ԱՄՆ դոլարով վաճառել: Մ. Ենգիբարյանը ծննդատուն ընդունվելու մասին սահմանված ձեւի փաստաթղթի կազմման համար պահանջվող փաստաթղթի՝ ծնող Գ. Մանվելյանի անձնագրի բացակայության պայմաններում նորածնի պետական գրանցման հիմքեր ստեղծելու, երեխայի առք ու վաճառքի գործընթացն ավարտելու եւ իր հիմնադրած «Էլեն» բարեգործական հիմնադրամի մանկատանը տեղավորելու նկատառումով 2006-ի դեկտեմբերի 4-ին փաստաթղթերը կեղծելով որպես ծննդաբերած անձ ներկայացրել է Անահիտ Պետրոսյանի աղջկան՝ ինքնությունը հաստատող փաստաթուղթ ունեցող Հ. Պետրոսյանին: Կեղծ փաստաթղթի հիման վրա դեկտեմբերի 18-ին Մ. Ենգիբարյանը կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող թիվ 1263 «Ծննդյան մասին» բժշկական տեղեկանքը, որը Ե. Առուստամյանի, Ա. եւ Հ. Պետրոսյանների միջոցով հանձնել է Մասիսի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման» բաժին, որտեղ էլ գրանցել են երեխայի ծնունդը՝ նորածնին անվանելով Արտակ Մանվելի Պետրոսյան: Ապա՝ Հ. Պետրոսյանից վերցրել է նորածնից հրաժարվելու եւ մանկատանը տեղավորելու մասին դիմում ու երեխային տեղավորել իրեն՝ Մ. Ենգիբարյանին պատկանող «Էլեն» բարեգործական հիմնադրամի մանկատանը: Երեխային գնելու, մատուցած ծառայությունների եւ կատարված հանցագործությանն օժանդակելու համար Մ. Ենգիբարյանը Ե. Առուստամյանին տվել է 2000 դոլար, որից վերջինս 1500 դոլար տվել է Գ. Մանվելյանին, 300-ը՝ պահել իրեն, իսկ 200-ը՝ տվել Ա. Պետրոսյանին: Վերջինիս եւս 100 դոլար է տվել Գ.Մանվելյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ. Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին եւ 168-րդ հոդվածի 1-ին մասով, Գ.Մանվելյանին՝ ՀՀ Քր.օրի 38-314-րդ հոդվածի 1-ին եւ 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ե.Առուստամյանին եւ Ա.Պետրոսյանին՝ ՀՀ Քր.օրի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը 2007թ. մայիսի 3-ին ուղարկվել է Արարատի մարզի 1-ին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: