ԼՂՀ նախագահական ընտրությունների առիթով իր վերջնական դիրքորոշումն է արտահայտել «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը վերջերս կուսակցության երկրորդ համագումարն էր հրավիրել: Կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքերով, «կուսակցությունը որոշել է սեփական թեկնածու չառաջադրել` ելնելով այն գիտակցումից, որ երկրի քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն եւ համախմբվեն նախագահի մեկ թեկնածուի շուրջ»: Նրանք սատարելու են ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանին: Նախագահի մյուս 4 թեկնածուներից որեւէ մեկին սատարելու մասին առայժմ որեւէ մեկը հայտարարություն չի արել: Գուցե այն պատճառով, որ թեկնածուների գրանցումը դեռ չի սկսվել, եւ առայժմ հնարավոր չէ վերջնականապես ասել, թե նախագահի քանի թեկնածու կլինեն: Թեկնածուների գրանցումը կմեկնարկի մայիսի 30-ին: ԼՂՀ ԿԸՀ-ն այժմ զբաղված է կենտրոնական, տարածքային եւ ՏԸՀ-ների ստեղծման աշխատանքներով: Ըստ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի` հանձնաժողովներում կընդգրկվեն 9-ական հոգի: «ԿԸՀ-ում ԱԺ խմբակցությունները կունենան 2-ական անդամներ: 2-ական անդամ կունենա նաեւ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունը, որը վերջերս է խմբակցություն դարձել` ԼՂՀ ԱԺ կանոնակարգ-օրենքում կատարված փոփոխության համաձայն: ԿԸՀ յուրաքանչյուր անդամ տարածքային հանձնաժողովում կնշանակի մեկական անդամ, որոնք էլ, իրենց հերթին, մեկական անդամ կնշանակեն տեղամասային հանձնաժողովներում»,- նշել է Ս.Նասիբյանը, որի խոսքերով, մոտ օրերս կսկսվի նաեւ փոփոխված ԸՕ-ի տպագրման գործընթացը: Օրենսգիրքը կտպագրվի մեծ քանակությամբ` հայերեն եւ անգլերեն լեզուներով: Ավելի ուշ կլինի նաեւ ռուսերեն տարբերակը: ԼՂՀ ԿԸՀ-ում տեղեկացանք նաեւ, որ արդեն 4 լրատվամիջոց է հավատարմագրվել, իսկ դիտորդական առաքելություն անցկացնելու համար առայժմ դեռ դիմել են տեղական 2 կազմակերպություններ` ԼՂՀ ժուռնալիստների միությունը եւ «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը: