Մասխադովի դին չի հանձնվի ազգականներին

12/05/2005

Մարտի 8-ին Տոլստոյ-Յուրտում ոչնչացված Ասլան Մասխադովի դին ճանաչել են եւ՛ օպերատիվ-հետաքննիչ խումբը, եւ՛ Մասխադովի հարազատները: «Ասլան Մասխադովի դին չի հանձնվի ազգականներին, գերեզմանի տեղը նույնպես նրանց չի հաղորդվի»,- ասել է ՌԴ Պետդումայի Անվտանգության հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Միխայիլ Գրիշանիկովը: Համաձայն 2002-ի նոյեմբերին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ ահաբեկչական գործողություններին մասնակցելու ընթացքում ոչնչացված անձինք թաղվում են անանուն գերեզմաններում:

ՌԴ նախագահի խորհրդական Ասլանբեկ Ասլախանովը չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Մասխադովի գտնվելու վայրը հայտնել է նրա մերձավոր զինակիցներից մեկը: Նա չպատասխանեց այն հարցին, թե արդյոք այդ մարդը ստանալո՞ւ է 300 մլն ռուբլին, որն Անվտանգության Դաշնային ծառայությունը խոստացել էր տալ Մասխադովի եւ Բասաեւի գտնվելու վայրի մասին հավաստի ինֆորմացիա տրամադրողին:

Արեւմտյան ԶԼՄ-ները Մասխադովի ոչնչացումը համարում են Պուտինի հաղթանակը: Այնինչ Բորիս Բերեզովսկին հայտարարել է, որ Մասխադովի ոչնչացումով ոչնչացել է նաեւ խաղաղության հասնելու միակ հնարավորությունը: Նա նշել է, որ «Մասխադովի մահից ավելի վատ բան չէր կարող լինել»,- հաղորդում է Themoscwtimes-ը: «Դա կբերի Ռուսաստանի քայքայմանը»,- ասել է նա հեռախոսով: