«Այս ընտրությունների թեման չի փակվել եւ չի փակվելու»

30/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մատենադարանին հարակից հրապարակում երեկ կայացավ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» ու «Նոր Ժամանակներ» կուսակցությունների համատեղ հերթական հանրահավաքը: Այն վարող Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ իրենք Ազատության հրապարակում հանրահավաք անելու իրավական բոլոր հիմքերն ունեին, արձանագրեց, որ իշխանությունները հերթական անգամ թաքնվում են երեխաների հետեւում: Եվ այն բանից հետո, երբ իրենք հայտարարեցին Ազատության հրապարակում հանրահավաք անելու մասին, իշխանությունները որոշեցին, որ այս տարի դպրոցական վերջին զանգի միջոցառումները պետք է տեղի ունենան ոչ թե Հանրապետության հրապարակում, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այլ՝ Ազատության: Այնուհետեւ նա ներկաներին տեղեկացրեց, որ հրապարակվել է ԵԱՀԿ դիտորդների հետընտրական միջանկյալ զեկույցը ՀՀ ԱԺ վերջին ընտրությունների վերաբերյալ, որի բովանդակությունն էականորեն տարբերվում է նախորդ գնահատականներից: Դիտորդներն այս անգամ ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր են նշել եւ բավականին կոշտ ձեւակերպումներ արել: Դիմելով հավաքված մոտ 4-5 հազար ցուցարարներին՝ Ն. Փաշինյանը նշեց. «Ձեր պայքարի արդյունքն է, որ հանկարծ դիտորդների աչքերը բացվել են, եւ նրանք նկատել են այն, ինչ առաջ չէին նկատում: Ձեր պայքարի արդյունքում նրանք դեռ շատ բաներ են նկատելու»: Նա հատվածներ ընթերցեց ԵԱՀԿ դիտորդների վերջին զեկույցից, որտեղ դիտորդները նշել էին այն մասին, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները (ԸԸՀ) հանձնարարականներ են տվել տեղամասային ընտրական հանձնաժողովներին՝ ուղղումներ կատարել, հարմարեցնել արձանագրությունները: Դիտորդները նշում են, որ ընտրատեղամասերի 35%-ում լայնորեն դիտարկվել է արգելված գործողություն՝ արձանագրությունների ուղղում, իսկ որոշ տեղերում էլ կազմվել են նոր արձանագրություններ: Նրանք իրենց վերջին զեկույցում նշել են մի փաստի մասին, որն անկասկած շատ բաների մասին է խոսում: Ըստ այդմ, դիտորդները նշել են, որ տեսել են, թե ինչպես են չկնքված քվեաթերթիկների պարկեր տարվել ՀՀԿ շտաբներից մեկը, այնուհետեւ կնքված հետ բերվել: Դիտորդները քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը ԸԸՀ-ների 35%-ում գնահատել են «վատ կամ շատ վատ»: Նրանք նշել են նաեւ, թե իրենք շարունակելու են հետեւել հետընտրական գործընթացներին, եւ ընտրություններին իրենց վերջնական գնահատականը նաեւ կախված կլինի ընտրական գործընթացի այդ փուլերի դիտարկման արդյունքներից: Երեկվա հանրահավաքում ելույթ ունեցավ ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, ով հերթական անգամ ներկայացրեց ընտրախախտումների բազմաթիվ կոնկրետ դեպքեր: Ըստ նրա, ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն ավելին են, քան պետք է: Իսկ Արամ Կարապետյանը հայտարարեց. «Հիշո՞ւմ եք, որ ոմանք առյուծներից ու նապաստակներից էին խոսում: Բա ո՞ւր են առյուծները, վագրերը, վագրի թռիչքներըգ : Ո՞ւր է այդ իշխանությունը, երբ Գյումրին դարձել է Սիցիլիա»: Նա ներկաներին խորհուրդ տվեց. «Եթե ուզում եք, որ ղարաբաղյան կլանը հեռանա, գնանք մինչեւ վերջ, չնվնվանք»: Արամ Զ.Սարգսյանն էլ նշեց, թե այս ընտրությունները «խայտառակ էին», ավելի վատը, քան նախորդները: Նա հավաստիացրեց, թե դա ապացուցելու համար այնպիսի փաստեր ունեն, որ «իշխանության ամենապոռոտախոս մարդիկ էլ չեն կարող հակադրվել»: Խոսելով ՀՀ նախագահական առաջիկա ընտրության մասին՝ Ա. Սարգսյանը հայտարարեց. «Իշխանություններն ուզում են, որ հնարավորինս շատ մարդիկ իրենց թեկնածությունը դնեն: Չի կարելի դա թույլ տալ: Ընդդիմությունը պետք է հանդես գա հնարավորինս միասնական»: Ըստ նրա, պետք է ընտրել, թե ո՞վ է իշխանության մեջ ընդդիմության թիրախը՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Ա. Սարգսյանը գտնում է, որ թիրախը Ռ. Քոչարյանն է, իսկ մնացած բոլորը սպասարկուներ են: «Դրա համար էին սահմանադրական փոփոխությունները»,- նշեց նա: Ընդդիմադիրները երեկ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր մոտավորապես հետեւյալը. մայիսի 12-ի ընտրությունները կեղծվել են, դրա արդյունքները պետք է չեղյալ հայտարարել, պետք է տեղի ունենա վերաքվեարկություն: «Այս ընտրությունների թեման չի փակվել եւ չի փակվելու, քանի դեռ մենք մեր նպատակին չենք հասել»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Իսկ վերոնշյալ հայտարարությունը ստորագրել էին Ն. Փաշինյանը, Ա. Սարգսյանը, Ա. Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Հարությունյանը: