Ձերժինսկին եւ Ալեքսանդր Արզումանյանը

30/05/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հինգշաբթի օրը Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց մայիսի 8-ին իր տան մուտքի մոտ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալված ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը (երկամսյա կալանք): Եվ երեկ «Պրեսսինգ» ակումբում մի շարք հասարակական կազմակերպություններ ու իրավաբաններ կլոր սեղան էին կազմակերպել` քննարկելու համար, թե ինչ մեթոդներ պետք է կիրառեն իրավաբանորեն որեւէ հիմնավորում չունեցող այս խուճուճ «գործի»` իբր «փողերի լվացում», ընթացքը տեղաշարժելու համար:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հավաստմամբ, այս «գործն ունիկալ» է, որովհետեւ մինչ այժմ այդ հոդվածով Հայաստանում ոչ ոք չի մեղադրվել: «Ա. Արզումանյան անունը հասարակական հնչեղություն ունեցող անուն է, նա նախկին ԱԳ նախարարն էր, եւ առանց հիմնավոր պատճառի կամ մտացածին պատճառով նրան այդքան հեշտորեն կալանավորելը, փակի տակ պահելն արդեն իսկ խոսում է բացառիկության մասին»,- նկատեց Վ. Հարությունյանը: Ա. Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն էլ նշեց, որ Քր. օրենսգրքում այդ հոդվածը բավականին որոշակի է շարադրված. «Որեւէ հիմնավոր կասկածի մասին խոսք լինել չէր կարող` առավել եւս կալանքի տեսքով խափանման միջոց կիրառելու: Հիմնավոր կասկածի առկայությունը պարտադիր պայման է կալանքի համար, եւ դրա բացակայությունն ինքնին կալանքը ենթադրող բոլոր հանգամանքները բացառում է,- ասում էր Վ. Գրիգորյանը։ -Տվյալ դեպքում չի եղել որեւէ հիմնավոր կասկած: Առավել եւս, որ նախաքննության մարմինը չէր կարող ապացուցել այդպիսինի առկայությունը ցուցանող որեւէ հատկանիշ եւ իրականում չի էլ արել»: Վ. Գրիգորյանը, ինչպես նաեւ՝ Ա. Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, վստահ է, որ այս գործը դատական հեռանկար չի ունենալու. «Գրեթե վստահ եմ նաեւ, որ այս մասին տեղյակ է նաեւ նախաքննության մարմինն ու այս գործընթացը նախաձեռնողները: Ցավալին այն է, որ հերթական անգամ արդարադատությունը դառնում է ինչ-ինչ քաղաքական նպատակներ հետապնդելու գործիք»,- նկատում է Վ. Գրիգորյանը: Իսկ Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ Ա. Արզումանյանը բավական ճիշտ է անում` հրաժարվելով ցուցմունք տալուց. «Իմ կարծիքով, նա պետք է դա շարունակի»: Փաստաբան Վ. Գրիգորյանն էլ նկատեց, որ եթե Ա. Արզումանյանը ցուցմունք տա, ապա «նախաքննության մարմինը դա օգտագործելու է արժանահավատությունը հավաստող աղբյուրներ ձեռք բերելու համար: Բացի այդ, վաղը-մյուս օրը դա լրացուցիչ վարկաբեկման համար են օգտագործելու` որպես գործիք»: Նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն էլ գտնում է, որ պետք է ամեն օր նամակներ ու հայտարարություններ ուղարկել տարբեր պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների: «Մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետ, սա թուլության նշան է, ոչ ունակ ուժերի` այն մարմինների, որոնք ուզում են ցույց տալ, թե ուժեղ են: Անշուշտ, սա քաղաքական հետապնդում է, բայց, այնուամենայնիվ, սա մեկ անձի դեմ չէ: Սա հասարակությանը հերթական դաս տալու փորձ է: Սա մարտահրավեր է հասարակությանը»,- ասում է նա: Քննարկմանը ներկա «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ Կարապետ Ռուբինյանն էլ գտնում է, որ այս հոդվածով` «փողերի լվացում», կարող են այսուհետ մեղադրել ցանկացած քաղաքացու, ով տրանսֆերտով գումարներ է ստանում արտերկրից: «Մենք գիտենք, որ այս հոդվածը տրանսֆերտների հետ կապ չունի, բայց դա հասարակության մեջ հենց այդպես ընկալվեց: Եվ մեր բնակչության մեծամասնության համար որպես պատժիչ միջոց կարող է օգտագործվել հենց այս հոդվածը: Կարող են ասել, որ դուք փոխանցում ունեք, եւ մենք կասկածներ ունենք, որ դա անազնիվ ճանապարհով է: Ում մեջ անհանգստության աղբյուր տեսնեն` այդպես կանեն: Այն, որ Ա. Արզումանյանն իր «Անհնազանդություն» շարժումով անհանգստության աղբյուր էր, փաստ է, եւ նրանք հիմա օգտագործեցին որպես պատժիչ գործիք»,- ասաց Կ. Ռուբինյանը` կոչ անելով ներկաներին հայտարարություն ընդունել եւ դիմել միջազգային կառույցներին` առանց երկմտելու, թե մեր երկրի պատվի հարցն է: «Ընդհակառակը` մենք պետք է մեր երկրի պատիվը փրկենք` պաշտպանելով քաղաքական հետապնդվողներին»,- ասաց նա: Վահան Շիրխանյանի կարծիքով էլ` Ա. Արզումանյանին ուղղված մեղադրանքը ծիծաղելի է բոլորի, նույնիսկ իրենց` պատվեր տվողների համար: «Այն, որ սա տրանսֆերտ է, ուրիշ ոչինչ, ես գոնե իմ մասով կարող եմ պնդել, եւ ոչ մի կապ չունի այդ հոդվածի հետ: Իսկ փողերի լվացման դրսեւորումներ կան Երեւանի ամեն մի էլիտար շենքի, մեծ միջոցառման, ամեն ընտրատարածքում բաժանված ընտրակաշառքների մեջ: Առջեւում ընտրություններ են, եւ ես ենթադրում եմ, որ իշխանությունները հանուն իշխանություն պահելու գնալու են նոր քայլերի: Սա պետք է նկատի ունենանք»,- հայտարարեց Վ. Շիրխանյանը: Փաստաբան Վ. Գրիգորյանը գտնում է, որ մեր երկրի օրենքներն այնպիսին են, որ առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հրահանգի էլ երկիրը գնում է դեպի տոտալիտարիզմ: «Եթե նույնիսկ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանն էլ նման հրահանգ չտան, այս համակարգը սկսել է ավտոմատ այդ ձեւով աշխատել: Ո՞նց կարող է ՀՀ-ի, հայ ժողովրդի կողմից հիմնադրված անկախ հանրապետության ԱԱԾ աշխատակցի կաբինետում կախված լինել Ձերժինսկու նկարը: Իրապես սա հոգեվիճակ է: Ձերժինսկին երբեք չի հանդուրժելու Ա. Արզումանյանի կամ Ժ.Սէֆիլյանի հանգիստ ու ազատ գոյությունը: Այդ երեւույթներն իրարամերժ են: Այնքանով, որքանով ծանրության նժարը թեքվում է դեպի Ձերժինսկին, նրանք անազատության մեջ են գտնվելու: Ես սա չեմ ասում այն բանի համար, թե շատ վատ է պաշտել Ձերժինսկուն: Ես հստակ գիտեմ ինչ-որ ժամանակահատված, երբ այդ նկարներն այնտեղ չկային, թե հետո ինչի՞ դրանք հայտնվեցին` չգիտեմ,- ասաց Վահե Գրիգորյանը` հավելելով, թե ԱԱԾ գրեթե բոլոր աշխատասենյակներում կարելի է տեսնել այդ նկարը,- Մենք շատ սրընթաց գնում ենք ստալինիզմ, եւ այս ընթացքը պետք է կասեցվի: Եթե այսպես շարունակվի, կգա մի պահ, որ Ռ. Քոչարյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարողանա այլեւս կասեցնել այս ընթացքը»:

Հ.Գ. Այսօր քննարկման մասնակիցները հայտարարություն կընդունեն եւ այն կտարածեն բոլոր հ/կ-ներին` ցանկության դեպքում միանալու «Ազատություն Ա. Արզումանյանին» կոչով հայտարարությանը: