«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը ասուլիս էր հրավիրել, ասելու համար, որ 65%-ով ներում է ինտերնետով ակամա միջազգային զանգեր կատարած քաղաքացիների պարտքը: Մնացած 35 %-ը վճարելու են բաժանորդները` 3 տարվա ընթացքում: Արդեն երկրորդ տարին է, ինչ բնակարաններից հեռախոսագծով ինտերնետին միացող բնակիչները չտիրապետելով համակարգչից օգտվելու տեխնիկային՝ ընկնում են միջազգային ինչ-ինչ խաբեբաների ցանցը: Համակարգչի էկրանին հայտնված պատուհանի հարցը չհասկանալով եւ «այո» կոճակը սեղմելով՝ մի օր էլ կարող ես պարզել, որ դու երկար հեռախոսազրույց ես ունեցել երրորդ աշխարհի երկրներում ապրող քո անհայտ «ծանոթի» հետ: Հեռախոսի ամսավարձը վճարելու ժամանակ էլ 520 բաժանորդներ իրենց հաշվին հայտնաբերել են միջազգային զանգերի դիմաց մոտ 67մլն դրամի պարտքեր: Ահա այս 67մլն դրամի 65 %-ն էլ զիջել է «ԱրմենՏելը» եւ բաժանորդներին առաջարկում է նման իրավիճակներում չհայտնվելու համար դեպի դուրս կատարվող բոլոր զանգերի համար էլ կոդավորել իրենց հեռախոսը: Կոդավորման ձեւերին բաժանորդները կարող են ծանոթանալ «ԱրմենՏելի» կայքից: Իսկ վճարում կատարած բաժանորդների գումարներն «ԱրմենՏելը» հաշվարկելու է որպես կանխավճար: «ԱրմենՏելի» կողմից բարի կամքի դրսեւորումն այս պարագայում տարածվեց միայն ինտերնետի միջոցով հեռախոսազանգեր կատարած բաժանորդների վրա: Սակայն առկա է պարտապանների մի հսկա բանակ, ովքեր տանն ընդհանրապես ինտերնետ չունեն, սակայն նույնպես ակտիվ զանգահարել են իրենց «չինացի բարեկամներին»: Օ.Բլիզնյուկը ասում է, որ տեխնիկայի մեր դարում շատ հեշտ է օգտվել օդային գծերից եւ ինչ-որ մեկի հեռախոսի գիծը «մտնել»: Եթե առաջին պարագայում քաղաքացին իր չիմացության պատճառով է ընկել պարտքի տակ, ապա երկրորդի դեպքում ո՞վ պետք է պատասխանատվություն կրի «ԱրմենՏելի» հեռախոսագծերի հասանելիության համար: Կամ, ասենք, ինչո՞ւ «ԱրմենՏելը» չի զտում նման կարգի կայքերը: Ինչո՞ւ պետական կարգավորողն օրենքով չի պարտավորեցնում «ԱրմենՏելին» եւ ինտերնետ այլ պրովայդերներին՝ նախքան բաժանորդին ինտերնետ տրամադրելը՝ տեղեկացնել հեռախոսների կոդավորման մեխանիզմի մասին: Այլապես նման դեպքերում բոլորը լվանում են իրենց ձեռքերը, եւ պարզվում է, որ միայն բաժանորդն է մեղավոր, որը նման պատմությունների արդյունքում մի շարք քաշքշուկների մեջ է հայտնվում: Իսկ ո՞ւմ է ձեռնտու, որ ՀՀ քաղաքացիները մեծ-մեծ փողեր վճարեն «ԱրմենՏելին»: